ԵԼՈՒՅԹ ՀՀՇ 4 ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ (22 մարտի, 1992 թ.)

 

Դժբախտաբար, առօրյա իրադարձությունների արագ զարգացման, փոփոխության պատճառով մենք զրկված ենք երեւույթների խորքը մշտապես դիտելու հնարավորությունից։ Իսկ երեւույթները չափազանց արմատական են, շրջադարձային, եթե չասենք՝ պատմական։

 

Իրականում մենք գործ ունենք ոչ թե սոսկ քաղաքական կամ տնտեսական վերափոխումների, այլ մարքսիզմի լեզվով արտահայտված՝ ողջ հասարակարգի փոփոխության երեւույթի հետ։

 

Փոխվում է հասարակարգը, փոխվում է մեր գոյության կառույցների պատմականորեն ձեւավորված համակարգը, որ բնութագրվում է իրենց վախճանն ապրող երեք պատմական իրողությունների դրսեւորմամբ։ Դրանք են.

 

ա) երեք հարյուր տարվա պատմություն ունեցող Ռուսական կայսրության փլուզումը, այսինքն՝ կայսրության քաղաքական կառուցվածքի արմատական փոփոխությունը՝ զավթված երկրների անցումը գաղութային վիճակից անկախ պետությունների կարգավիճակի,

 

բ) կոմունիզմի գաղափարախոսության ճգնաժամը եւ դրա հետ կապված՝ կոմունիստական վարչակարգի կործանումը, ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքների հաստատումը,

 

գ) պետական սեփականության մենաշնորհի վերացումը, վարչարարական տնտեսավարման փոխարինումը ազատ շուկայական հարաբերություններով։

 

Փոխվում է ամեն ինչ, եւ սրանում է մեր նպատակների իրականացման հսկայական բարդությունը։ Թվարկված իրողությունների համընթաց ծավալումը նույնիսկ մեծ ու հզոր ազգերից ահռելի ջանքեր կպահանջեր, ուր մնաց Հայաստանի նման փոքրիկ պետության պարագայում։

 

Պատմության տնօրինությամբ մեր ժողովրդի ներկա սերնդին է վիճակվել լուծելու այս բարդ խնդիրները, որոնց խորքը, դժբախտաբար, դեռեւս լիովին չի ընկալվում բոլորի կողմից։ Դրանով է բացատրվում, մասնավորապես, ուշացող տեղաշարժերի պատճառով հասարակության որոշակի շերտերում առաջացած անհամբերությունը։ Պետք է ենթադրել, որ այդ խորքը չի գիտակցվում (իսկ գիտակցվելու պարագայում հնարամտորեն շահարկվում է) քաղաքական ընդդիմության կողմից։ Այս ամենը, պարզապես, առայժմ ցույց է տալիս նման խոշոր երեւույթների ողջ ընդգրկումն ընկալելու մեր անպատրաստությունը։

 

* * *

Այստեղ կարեւորվում է Հայոց համազգային շարժման կողմնորոշող դերը ժողովրդի եւ պետական իշխանությունների համար։ Անցյալում ՀՀՇն, իսկ նրանից առաջ «Ղարաբաղ» կոմիտեն, իրականացնում էր հենց այդ դերը։ Մասնավորապես, պայքարի սկզբնական փուլում դա էր «Ղարաբաղ» կոմիտեի հիմնական կոչումը։ Շարժումն իրականում ինքնակառավարվող էր, պարզապես հարկավոր էր մի մարմին, որը կարողանար, ճիշտ ուղղություն տալ նրան՝ գործնական աշխատանքն ամբողջությամբ թողնելով ժողովրդական զանգվածներին, որոնք հնարամտորեն գտնում էին գործունեության՝ պահի համար անհրաժեշտ լավագույն ձեւը։

 

Հայոց համազգային շարժումը հետագայում եւս հաջողությամբ կատարում էր իր այդ կողմնորոշիչ դերը, որի շնորհիվ հանրապետության իշխանությունները կարողացան խուսափել հավանական սխալներից։ Չմոռանանք, որ շատերի կողմից փորձեր եղան մեզ շեղելու ընտրած ուղեգծից, մասնավորապես՝ Խորհրդային Միության նկատմամբ որդեգրած սկզբունքից, անկախության հանրաքվեի հետ կապված ծրագրի իրականացման գործընթացից, օգոստոսյան հեղաշրջման օրերին ցուցաբերած դիրքորոշումից, Անկախ Պետությունների Ընկերակցության շրջանակներում վարվող քաղաքականությունից, մեր հարեւանների հետ զարգացող հարաբերությունների ճանապարհից եւ այլն։ Եւ եթե հանրապետության իշխանություններին հաջողվեց հետեւողականորեն իրականացնել որդեգրած քաղաքական ուղեգիծը, ապա նախ եւ առաջ շնորհիվ ՀՀՇի, որը, գաղտնիք չէ, ներկա իշխանությունների առայժմ միակ սոցիալական հենարանն է։ Վստահ եմ, որ Հայոց համազգային շարժումը այսուհետեւ եւս կկարողանա կատարել իր կողմնորոշիչ դերը, որով մեծապես կօգնի իշխանություններին՝ իրականացնելու ընդունված ծրագրերը։

 

* * *

Վերը թվարկված երեւույթների գնահատման տեսակետից պետք է նկատի առնել եւս մի կարեւոր հանգամանք. քաղաքական համակարգի, հասարակական կառույցների, տնտեսական հարաբերությունների փոփոխությունները հանրապետության համար ստեղծում են մի նոր աշխարհաքաղաքական վիճակ, որը մեզ պարտադրում է հիմնովին վերանայել մեր ազգային գաղափարախոսությունը, քաղաքական մտածողությունը եւ նույնիսկ հոգեբանությունը։ Այս առումով անհրաժեշտ է արձանագրել, որ անցած չորս տարիների ընթացքում Շարժմանը հաջողվեց հաղթահարել բազմաթիվ հոգեբանական արգելքներ թե՛ ազգային գաղափարախոսության, թե՛ քաղաքական մտածողության բնագավառում։ Շարժման շնորհիվ ազգային ռոմանտիկային փոխարինելու եկավ քաղաքական իրատեսությունը, որն այսօր լիովին գիտակցվում է ժողովրդի կողմից։ Գիտակցվում է վերջապես, որ ազգի ու պետության իրական շահերը կապ չունեն զգացմունքների հետ, եւ որ զգացմունքները միայնումիայն կարող են խանգարել այդ շահերի իրականացմանը։

 

Աշխարհաքաղաքական տեսակետից երկրագունդը միշտ էլ կազմված է եղել պատմության որոշակի փուլի համար հարաբերականորեն անսասան համակարգերից։ Առաջին հերթին ես նկատի ունեմ քաղաքական համակարգերը, անվտանգության եւ համագործակցության միջազգային կոլեկտիվ կառույցները։ Խորհրդային Միությունն, ահա, անվտանգության եւ համագործակցության այդպիսի անսասան համակարգերից մեկն էր, որի ոլորտները հստակ սահմանված էին եւ անթափանցելի արտաքին ուժերի համար։ Եւ քանի դեռ ներքին գործընթացները չէին հանգեցրել նրա ինքնաքայքայմանը, քանի դեռ կայսրությունը չէր հաշտվել այն մտքի հետ, որ իր ազդեցության ոլորտները բաց են աշխարհի համար, ոչ ոք չէր համարձակվում թափանցել այդ ոլորտները։ Նույնիսկ Բալթյան հանրապետությունների դեպքում, որոնց բռնազավթման հակաօրինականությունն ու անկախության իրավունքը ակնհայտ էր աշխարհի համար, Արեւմուտքը ցուցաբերեց որոշակի զգուշավորություն եւ նրանց անկախությունը ճանաչեց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանն ինքը հաշտվեց այդ մտքի հետ։

 

Այսօր Խորհրդային Միությունը չկա, բայց խորհրդային նախկին հանրապետությունները (նույնիսկ անցյալում ամենածայրահեղ անջատողականները), կարծեք թե բնազդաբար զգալով անվտանգության այդ համակարգի թեկուզ ժամանակավոր գոյատեւման անհրաժեշտությունը, ստիպված են համագործակցել </