|
|
|||||||||
ՈՒՐ ԲԱՆՔՆ ՍՊԱՌԻՆ, ԵՒ ԳՈՐԾՔՆ ԹԱԳԱՒՈՐԵՆ - 22.01.2008
Սիրելի հայրենակիցներ,
1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ: Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ ելույթով՝ բավարարվելով ընդամենը մի քանի հակիրճ դատողություններով:
2. Այսօրվանից մեր պայքարը մտնում է մի նոր հանգրվան, որի նշանաբանը դեռեւս 13-րդ դարում ձեւակերպել է տաղանդավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը. «Ուր բանքն սպառին, եւ գործքն թագաւորեն», այսինքն, մենք հասել ենք մի շրջադարձային կետի, «որտեղ խոսքերն ավարտվում, եւ տիրում են գործերը»:
3. Այն, ինչ պիտի ասվեր Հայաստանի ներկա վարչախմբի էության, նրա վերարտադրման կործանարար հեռանկարի եւ դրանից խուսափելու անհրաժեշտության մասին, արդեն ասվել է: Երեք ամիս շարունակ, իմ ուժերի ներածին չափով, ես փորձել եմ ձեզ ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը գող, ավազակ, հակաժողովրդական իշխանություն է, որի հանցավոր գործունեության հետեւանքով Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, եւ թե՛ սոցիալական առումներով մատնվել է թշվառագույն վիճակի: Փորձել եմ ապացուցել նաեւ, որ նրա վերարտադրությունը մեր երկիրը տանելու է անխուսափելի կործանման: Եւ վերջապես, փորձել եմ ապացուցել, որ այսօր կա՛ այդպիսի տխուր հեռանկարից խուսափելու եւ նորմալ պետություն կառուցելու ռեալ հնարավորություն:
4. Այդ հնարավորությունը խարսխված է այն ակնհայտ իրողության վրա, որ քոչարյանա-սերժական վարչախումբը ժողովրդի համար ատելի, անհարազատ, օտար իշխանություն է, որի դավանած բարոյական արժեքները որեւէ կապ չունեն ո՛չ մեր ազգային հոգեբանության, ո՛չ էլ Հայաստանի եւ անգամ Արցախի իրական շահերի հետ: Եսակենտրոն այդ վարչախմբի գոյության միակ իմաստը իշխանական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացումն է՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժողովրդի բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի:
5. Սերժ Սարգսյանը Հայաստանում որեւէ հենարան կամ ընտրազանգված չունի: Իր ամբողջ հույսը նա դրել է վարչական լծակների, ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքի վրա: Բայց դրանք, որքան էլ դժվարին թվացող, այնուամենայնիվ միանգամայն հաղթահարելի խոչընդոտներ են: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի կամք, ինչպիսի վճռականություն, անձնազոհության ինչպիսի պատրաստակամություն կդրսեւորի ձեզանից յուրաքանչյուրը: Անձամբ ես եւ իմ տասնյակ հազարավոր կողմնակիցները պատրաստ ենք մատուցել մեր անմնացորդ ծառայությունը ազգային-ազատագրական պայքարի նվիրական գործին: Պատրաստ ենք, հանուն Հայաստանի լուսավոր ապագայի, լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր բոլոր ջանքերը, ենթարկվել ցանկացած զրկանքի ու զոհողության՝ ներշնչված քսաներեքամյա մի հանճարեղ բանաստեղծի աստվածային քնարերգությամբ.
Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Հայոց քնարերգության այս անգերազանցելի գլուխգործոցը, որն արժանի է անգիր արտաբերվելու յուրաքանչյուր հայի շուրթերից, հեղինակել է անմահ նահատակ Եղիշե Չարենցը դեռեւս 1920 թվականին: Եթե Շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաեւ մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, եւ քոչարյանա-սերժական ողորմելի վարչախումբը կնետվի պատմության աղբանոցը:
Փետրվարի 19-ի ընտրությունները, ամեն ինչից զատ, նաեւ մի այլ, խորհրդանշական իմաստ են պարունակում: Նրանք ձեզ հնարավորություն են տալիս ոչ միայն սեփական ձեռքերով կերտելու մեր երկրի ապագան, այլեւ ամոքելու այն խորագույն վիրավորանքը, որ դուք ապրել եք 1998 թվականին, երբ ձեզանից կորզեցին Կարեն Դեմիրճյանի հաղթանակը, այն խորագույն վիրավորանքը, որ դուք ապրել եք 2003 թվականին, երբ ձեզանից կորզեցին Ստեփան Դեմիրճյանի հաղթանակը: Ուստի, փետրվարի 19-ը լինելու է ոչ միայն իմ, այլեւ Կարեն Դեմիրճյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հաղթանակը:
Կեցցե իր արժանապատվությունը վերանվաճելու ելած հայ ժողովուրդը:
Կեցցե մեր արդար եւ սրբազան պայքարը:
Աստված մեզ օգնական:
|
|||||||||