«ԻՀԱՐԿԵ ՏԱՆԸ ՉԵՄ ՆՍՏԵԼՈՒ » -02.03.07 ИА REGNUM

 

«Երևանի կենտրոնում հարձակումներ և գողություններ հրահրելով՝ Հայաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակ հայտարարելու պատրվակ և հիմնավորում ստեղծեցին»,- մարտի 2-ին, Երևանում, արտասահմանյան լրագրողներին հայտարարեց Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վերլուծելով նախորդ գիշերվա իրադարձությունները, երբ Հայաստանում իր կողմնակիցների և իրավապահ մարմինների միջև ծագած ընդհարման ժամանակ զոհվել էր 8 և վիրավորվել տասնյակ մարդ:

 

Համաձայն Երևանում ИА REGNUM գործակալության հատուկ լրագրողի հաղորդման, Լևոն Տեր-Պետրոսյանի բառերով ասած՝ «իշխանությունները գիտեին, որ մարտի 1-ի առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելուց հետո իրավիճակը շիկացած էր, ինչպես նաև գիտեին, որ նման իրավիճակից դուրս գալու միակ միջոցը իր (Լևոն Տեր-Պետրոսյանի – խմբ.) անմիջական կապն էր ժողովրդի հետ»: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին մասնակցել է որպես թեկնածու, Երևանի քաղաքապետարանին և Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում հավաքված մարդիկ պահանջում էին, որ ինքը գա, և բոլորը գիտակցում էին, որ իսկապես Առաջին Նախագահը կարող էր ամբողջ իրավիճակը վերցնել հսկողության տակ:  Հիշեցնենք, որ այդ ժամանակ Առաջին Նախագահը գտնվում էր իր տանը, ուր նրան Ազատության հրապարակից ինքնակամ ուղեկցել են պետանվտանգության աշխատակիցները մարտի 1-ի առավոտյան խաղաղ ցուցարարների ցրումից հետո: 

 

«Իմանալով դա, ես դիմեցի պետանվտանգության պետ, գեներալ Գրիշա Սարգսյանին, որպեսզի նա փոխանցի նախագահ Քոչարյանին, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոցը ինձ ժողովրդի հետ խոսելու հնարավորություն տալն է, հանրահավաքի վայր գնալը: Իմ առաջարկությունը ենթադրում էր, որ ես կգնամ հանրահավաքի վայր, կխոսեմ ժողովրդի հետ, բայց դատարկաձեռն չէի կարող գնալ այնտեղ: Անհրաժեշտ էր փոխհատուցում՝ այդ միջոցառման փոխարինում մեկ ուրիշով, օրինակ՝ երթ մինչև Մատենադարան, իսկ արդեն հաջորդ օրը մենք մտադիր էինք նոր միջոցառում կազմակերպելու թույլտվություն խնդրել Քաղաքապետարանից»,- շարունակեց նա: «Սկզբում ինձ թվաց, որ նրանք լրջորեն վերաբերվեցին իմ առաջարկին: Ինձ առաջարկեցին միջոցառումներ կազմակերպել կենտրոնից հեռու, ինչից ես հրաժարվեցի, նկատելով, որ դա արվում է հատուկ, որպեսզի ժողովրդին հեռացնեն կենտրոնից և օտարերկրացիների աչքից, իսկ այնտեղ ինչ ասես կարող էր տեղի ունենալ: Նրանք հայտարարեցին, որ դեռ կմտածեն, բայց ավելի ուշ ասացին, որ դա հնարավոր չէ, և ժողովրդի մոտ իմ երևալը ցանկալի չէ, իսկ հետո ընդհանրապես հրաժարվեցին փոխզիջումից»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ավելացնելով, որ իր բոլոր առաջարկները փոխանցվել են Հայաստանում օտարերկրյա դեսպաններին: Ինչպես նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը, «ավելի ուշ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը հանդիպել է օտարերկրյա դեսպանների հետ և հայտնել, որ փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող և, որ իրենք մտադիր են ցրել հանրահավաքը»: Միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ այդ ժամանակ հանրահավաքը ցրելու կարիք չկար, սակայն արդեն ստեղծվում էր մեկ այլ իրավիճակ, ինչում մեծ դեր էին խաղում նրանց «սադրիչները», ինչը շատ ավելի ակնհայտ էր հանրահավաքի վայրի շրջակայքում:

 

«Մաքուր, սափրված՝ ակնհայտ էր, որ նրանք ժողովրդի հետ Ազատության հրապարակում չեն գիշերել: Հենց այդ հանցագործ տարրերն էլ կազմակերպել էին բոլոր հարձակումները: Նույնիսկ պետական հեռուստատեսության հարձակումների մասին պատմող տեսանյութերում գողերի դեմքերը չէին երևում, այն դեպքում, որ հենց դեմքերը պետք է ցուցադրեին առաջին հերթին»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը: «Այս հարձակումներով Հայաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակ հայտարարելու պատրվակ և հիմնավորում ձեռք բերեցին: Նրանք իրերի նման զարգացումը բացառելու հնարավորություն ունեին, բայց բացառեցին հենց այդ հնարավորությունը»,- նշեց նա, ավելացնելով, որ «արդեն ելք չտեսնելով և իրավիճակի շիկացման հետագա հետևանքներից խուսափելու համար, նա որոշում է ընդունել դիմել ժողովրդին իր կողմնակիցների միջոցով և փոխանցել իր կոչը՝ հեռանալ իրենց տները»:

 

Հայաստանի Առաջին Նախագահի խոսքերով, «իրենց գործողություններով իշխանությունները այժմ արդեն ամբողջ ժողովրդին տրամադրեցին իրենց դեմ, և դա չի կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից»: «Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Հայաստանում կստեղծվի մի ռեժիմ, որը չի վայելում ժողովրդի վստահությունը, ինչը իր հերթին նշանակում է , 5 տարվա բռնություն բոլոր բնագավառներում: Այդ իրավիճակում, ես արդեն չեմ հավատում, որ Սահմանադարական դատարանը արժանապատիվ կեցվածք կընդունի, թեև մեր կողմից ներկայացված նյութերը բավականին ծանրակշիռ են, և դրանց հիման վրա արդեն հնարավոր է ընտրությունները անվավեր ճանաչել»,- նշեց նա: Միաժամանակ, Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ ընդդիմությունը մտադիր չէ ընկրկել, և օրենքի սահմաններում պայքարելու է մինչև «այդ ավազակապետության» հեռացում՝ չվախենալով բանտերից և տնային կալանքներից:

 

«Նրանք չեն կարող մեզ վախեցնել, նույնիսկ Գորբաչովին դա չհաջողվեց, իսկ այդ մարդիկ նրա ամենահետամնաց և գավառական աշակերտներն են»,- ընդգծեց նա: Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ լսել է, թե Հայաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպվում: «Դա տեղի ակտիվիստերի նախաձեռնությունն է, և վաղը այդ ցույցերը տեղի կունենան Հայաստանի համարյա բոլոր շրջաններում: Ես չեմ բացառում, որ մենք ևս կկազմակերպենք նման մի ցույց Երևանից ոչ հեռու գտնվող քաղաքներից մեկում: Նախկինում մենք արդեն նմանատիպ բան արել ենք: 1988 թվականի դեկտեմբերի 4-ին, երբ Երևանում սովետական զորքեր էին տեղակայված և պարետային ժամ էր հայտարարված, մենք ցույց արեցինք Էջմիածնում: Դա օրինական է, և, կախված իրավիճակից, մենք նկատի կունենանք այդ տարբերակը: Իհարկե տանը չենք նստելու»,- ասաց նա: Տեր-Պետրոսյանը նորից կոչ արեց իր կողմնակիցներին և ժողովրդին հանրահավաք անելու փորձեր չանել և իշխանություններին նոր ընդհարումների առիթ չտալ: Տեր-Պետրոսյանը ցավակցություն հայտնեց մարտի 2-ի ընդհարման ժամանակ բոլոր զոհվածների հարազատներին և նշեց, որ նրանք բոլորը իշխանությունների զոհ են դարձել:

 

Պատասխանելով այն հարցին, թե չի ուզում արդյոք ինքը ռիսկի գնալ և դուրս գալ տանից առանց թիկնազորի՝ հրաժարվելով նրանից, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն կսպանեն և մեղքը կբարդեն ինչ-որ խուլիգանների վրա: «Բայց, հիմնականում, ես առանց թիկնապահների դուրս չեմ գա, քանի որ սադրիչ չեմ: Եթե ես դուրս գամ, իմ շուրջ մարդիկ կսկսեն հավաքվել, կստեղծվի տարերային բազմահազարանոց ցույց, և արտակարգ դրության պայմաններում կառույցները համապատասխան գործողություններ կձեռնարկեն ու բռնություն կկիրառեն, իսկ ինձ կմեղադրեն սադրանքի մեջ»,- նշեց նա, ավելացնելով, որ դեռևս չգիտի, թե երբ իրեն թույլ կտան տանից դուրս գալ:

Նորության կայքէջը՝
www.regnum.ru/news/965524.html

Թարգմանությունը՝ 
www.LevonForPresident.com