|
|
|||||||||
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ - 20 ՀՈՒՆԻՍ 2008
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի կատարման ընթացքի մասին. դուք գիտեք` ինչ պահանջներ է ներկայացրել Եվրախորհուրդը Հայաստանի կառավարությանը: Հիշեցնեմ, ստեղծել մարտի 1-ի հետաքննության անկախ հանձնաժողով, չեղյալ համարել, շեշտում եմ, չեղյալ համարել, ոչ թե փոփոխություններ կատարել, ինչպես արեցին մեր պառլամենտում, չեղյալ համարել հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման կարգի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին այդ վերջին օրենքը, եւ երրորդը` ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Սրանք էին պայմանները: Հիմա ի՞նչ վիճակ է: Այսօր լուր ստացվեց, որ Եվրախորհրդի պատվիրակները անբավարար են գնահատել Հայաստանի իշխանությունների կատարած քայլերը այդ պահանջների իրագործման հարցում: Եւ Հայաստանի հարցը այս նստաշրջանում քննարկվելու է: Ես ուզում եմ այս երեք պայմաններից առանձնացնել մեկը` ամենագլխավորը: Ինձ համար այդ անկախ կոչված հանձնաժողովի ստեղծումը շատ մեծ նշանակություն չունի, ինչո՞ւ, որովհետեւ ես վստահ եմ, այս իշխանությունները անելու են ամեն ինչ, որպեսզի այդ հանձնաժողովը վերածեն խեղկատակության: Եւ այդպես էլ արեցին: Դուք գիտեք, կազմված է այնպիսի մի հանձնաժողով, որը բոյկոտել է «Ժառանգություն» խմբակցությունը: Մի բան էլ ասեմ, ես երեկ չէ առաջին օրը պաշտոնական նամակ եմ ստացել մեր Ազգային ժողովից, որտեղ խնդրվում է ինձնից խորհրդակցական ձայնի իրավունքով ներկայացուցիչ նշանակել այդ հանձնաժողովում: Ես ներողություն եմ խնդրում «Ժառանգություն» խմբակցության իմ ընկերներից, որոնք հրաժարվել են մասնակցել, բայց ես որոշել եմ անպայման ներկայացուցիչ նշանակել այդ հանձնաժողովում: Եւ այդ հանձնաժողովում իմ ներկայացուցիչն է լինելու ՀՀՇ-ի Գեւորիկը: Հիմա խոսենք օրենքի մասին այդ հանրահավաքների, որ պահանջվում է չեղյալ համարել: Ինձ համար սա էլ նշանակություն չունի: Հանրահավաքների անցկացման օրենքը այսպես կլինի, թե այնպես կլինի, դա իրականում ոչ մի նշանակություն չունի: Հիմա ես կբացատրեմ, թե ինչու: Գործող օրենքն էլ իրավունք չէր տալիս այս իշխանություններին 45 անգամ մերժել հանրահավաքների անցկացման դիմումները: Եւ ընդհանրապես, եթե Եվրախորհրդին կամ միջազգային հանրությանը թվում է, թե օրենքը կարող է զսպել մեր իշխանություններին, նրանք չարաչար սխալվում են: Ինչպիսի օրենք էլ լինի, աշխարհի ամենաիդեալական օրենքը բերեք Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Անգլիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, որ երկրի օրենքն էլ այստեղ բերեք, միեւնույն է, այդ օրենքները մեր իշխանությունները բռնաբարելու են նույն ինտենսիվությամբ եւ սիստեմատիկաբար, ինչպես բռնաբարել են Հայաստանի բոլոր օրենքները: Ես միջազգային այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելիս, Հայաստանում ներկայացված դեսպանների հետ հանդիպելիս բոլոր զրուցակիցներիս առաջարկել եմ հետեւյալ պարադոքսը` խնդրում եմ, ինձ ցույց տվեք Սահմանադրության որեւէ հոդված, Հայաստանի Հանրապետության որեւէ օրենք, լինի դա քրեական, վարչական, քաղաքացիական, զինվորական, տնտեսական եւ այլն, ցույց տվեք որեւէ այդպիսի մի օրենք կամ օրենքի որեւէ հոդված, որ Հայաստանի իշխանությունները չեն ոտնահարել, չեն խախտել: Բոլորը բերանները բացում են, եւ նրանցից ոչ մեկը չի կարողանում ցույց տալ մի այդպիսի օրենք կամ օրենքի մի այդպիսի հոդված: Չկա: Գոյություն չունի: Այստեղից ի՞նչ է ենթադրվում: Միեւնույն է, եթե Հայաստանի Սահմանադրություն էլ չլիներ, օրենքներ էլ չլինեին, մեր եւ ձեր վիճակը դրանից չէր փոխվելու: Իշխանությունները, միեւնույն է, այն ժամանակ էլ անելու էին այն, ինչ անում են հիմա: Դրա համար, ինչպես ասացի, այդ բանաձեւի 2 պայմանները ինձ համար նշանակություն չունեն: Դա նշանակություն ունի այդ բյուրոկրատների համար, որպեսզի ցույց տան, թե իբր թե իրենց պահանջով Հայաստանի իշխանությունները դրական փոփոխություններ են կատարել օրենքներում, որ իրենք անիմաստ աշխատավարձ չեն ստանում, որ իրենք պահպանեն իրենց տաքուկ տեղերը այդ միջազգային կազմակերպությունների բարձր աշխատավարձերով պաշտոններում: Բյուրոկրատը ուրիշ մտահոգություն չունի: Դա նույնն է աշխարհի բոլոր երկրներում: Լինի Սովետական Միություն, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, որտեղ կուզի, լինի, բյուրոկրատի միակ հոգսը իր տաքուկ տեղն ու աշխատավարձը պահպանելն է եւ իր աշխատանքի կարեւորությունը ցույց տալը: Հիմա պիտի այստեղ մի երկու փոփոխություն անեն, նրանք պիտի զեկուցեն` տեսա՞ք, մենք գնացինք, նրանք օրենքում այդպիսի փոփոխություններ արեցին: Ոչ ոք չի թափանցում իրերի խորքը, ոչ ոք չի մտածում այն աբսուրդի մասին, որ 98 թվականից արդեն քանիերորդ անգամ այդ կազմակերպությունները Հայաստանի իշխանություններին ներկայացրել են հանձնարարականներ, փոփոխություններ եւ այլն, եւ սրանք արել են բոլորը: Եւ մի պահ պարադոքս է առաջանում. եթե այդ ամենը արել են, եւ բոլորը դրական ուղղությամբ են արվել, ինչպե՞ս է պատահում, որ ամեն հաջորդ ընտրություն ավելի վատ է լինում, քան նախորդ ընտրությունը: Սա է նրանց աշխատանքի արդյունքը, այլ ոչ թե այդ օրենքներում կատարված փոփոխությունները: Ինձ համար այս բանաձեւի պայմանների մեջ միակը եւ գլխավորը, որ այսօր հուզում է մեր ողջ ժողովրդին, քաղբանտարկյալների հարցն է: Ուրիշ հարց ես այսօր չունեմ: Ուրիշ պահանջ ես այսօր չունեմ: Ես նախ ուզում եմ բացատրել քաղբանտարկյալ հասկացության այդ ինստիտուտը: Այսօր սրա շուրջն էլ բազմաթիվ սպեկուլյացիաներ կան, այդ թվում` ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ այդ միջազգային կազմակերպությունների բյուրոկրատների կողմից: Սկզբում ե՛ւ Պրեսկոտը, ե՛ւ Կոլոմբիեն իրենց զեկույցում շատ հստակ գրել էին քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին: Հետո վերջնական բանաձեւում Հայաստանի պատվիրակության ճնշման տակ նրանք մի այսպիսի էֆինիզմ կիրառեցին` քաղաքական դրդապատճառներով բանտարկված մարդկանց եւ այլն: Վաղը դրանից էլ կարող է հրաժարվեն: Օրինակ, ես այսօր թերթերից մեկում կարդացի, որ Կոլոմբիեն ասել է` ես չգիտեմ` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ չկան: Եթե դա էլ չգիտես, բա ինչո՞ւ ես այդտեղ այդ պաշտոնը զբաղեցնում: Մեր իշխանություններն էլ դատախազի շուրթերից այսպիսի մի հրաշալի բանաձեւ են գտել` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ քաղբանտարկյալների մասին օրենք չկա: Կարելի է նույն հաջողությամբ ասել` Հայաստանում թռչուններ չկան, քանի որ թռչունների մասին օրենք չկա: Նույն աբսուրդը հայտարարեց դրանից մի երկու ամիս առաջ նախկին նախագահ կոչեցյալ Ռոբերտ Քոչարյանը: Երբ իմ հանգամանքի մասին էր խոսում, ասաց` ինչպե՞ս կարող է Հայաստանում տնային կալանք լինել, երբ տնային կալանքի մասին օրենք չկա: Եւ այս աբսուրդներով մեր երկրի ղեկավարները ուզում են աշխարհում, միջազգային հանրության առջեւ բարձրացնել իրենց վարկանիշը: Նրանք պարզապես ծաղրուծանակի են ենթարկում մեր երկիրը: Բոլոր կալանավորվածները անխտիր` սկսած Մուրադ Բոջոլյանից, Վարդան Մալխասյանից մինչեւ մեր շարժման բոլոր մասնակիցները, որոնք գտնվում են բանտերում, անխտիր բոլորը քաղաքական բանտարկյալներ են եւ քաղաքական հաշվեհարդարի զոհեր: Ես ասացի արդեն, աբսուրդ չէ՞ր միթե, որ 5 հազար մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանավորել, որոնցից 86-ը այսօր էլ գտնվում է բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին: Այսպիսի մեղադրանք չկա եւ չի կարող լինել: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու մասին: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել խանութներ թալանելու մասին: Չորս հոգու էին գտել, որոնցից, պարզվեց, մեկը Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է, մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որի մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես պահանջում եմ, ձեր անունից մեր իշխանություններից պահանջում եմ` ձերբակալել եւ դատի տալ բոլոր մեքենա հրկիզողներին, բոլոր խանութ թալանողներին: Վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ ոք չկա: Բոլորն էլ նրանց սադրիչներն են: Ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին: Նրանք կլինեն մեր օլիգարխների սափրագլուխները, նրանք կլինեն Սերժ Սարգսյանի ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները: Ուրիշ ոչ ոք: Եւ մի՞թե չի զարմացնում նաեւ մի այլ բան, որ չի խոսվում քաղաքական հաշվեհարդարի մասին: Եղել է 10 զոհ: Իրենք էլ խոստովանում են, որ կրակել են ոստիկանները, մի մասը ասում է` բանակը, մի մասը նույնիսկ ասում է (մամուլում, համենայնդեպս, այսպիսի տեղեկություններ կային), որ մասնակցել է այդ սպանդին նաեւ Լեռնային Ղարաբաղի հատուկ ստորաբաժանումը` սպեցնազ կոչեցյալը: Ես չգիտեմ, թե որքան ստույգ է սա, բայց եթե սա հաստատվի եւ ապացուցվի, ապա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում պետք է հայտարարվի պերսոնա նոն գրատա: Ճիվաղություն չէ՞ միթե, որ մինչ այժմ ոչ մի ոստիկան կամ զինվորական, որոնք կրակել են ժողովրդի վրա, ոչ միայն չի ձերբակալվել, այլ ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել այդ կապակցությամբ: Ճիվաղություն չէ՞ միթե, որ անգամ 10 զոհերի առկայության պայմաններում առանձին քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար: Ճիվաղություն չէ՞ միթե, որ այդ 10 զոհերի ընտանիքները մինչ այժմ չեն ճանաչվել որպես տուժածներ: Տուժածներ, որոնք արժանի են նյութական չափազանց մեծ փոխհատուցման: Դա, իհարկե, չի քավի նրանց ցավը, բայց դրանով պիտի ապացուցվի, որ այս երկրում արդարություն կա: Այդ փոխհատուցումը շատ մեծ պետք է լինի, առնվազն յուրաքանչյուր զոհվածի ընտանիք, այդ թվում նաեւ այդ զինվորականի եւ ոստիկանի ընտանիքները պետք է ստանան առնվազն մեկ միլիոն դոլար: Եւ այդ գումարը պետք է վճարվի ոչ թե պետության գրպանից, այլ ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից: Այսօր բանտում մնացել է 86 հոգի: Որպես պարզ թվաբանություն դա կարող է քիչ թվալ: Բայց մեր փոքր հանրապետության համար դա հսկայական թիվ է: Ընդամենը մի քանի օր առաջ ես պաշտոնական հաղորդագրություն լսեցի, որ Կուբայում, որի նկատմամբ արդեն տասնյակ տարիներ միջազգային ահավոր սանկցիաներ են կիրառվում, այսօր պաշտոնապես կա 240 քաղբանտարկյալ 20 միլիոն բնակչի պայմաններում: Մեզ մոտ 2, 2.5, լավ, թող 3 միլիոն լինի, բնակչության պայմաններում 86 քաղբանտարկյալ կա: Սա էլ խաբուսիկ թիվ է: Քաղբանտարկյալ են կամ քաղաքական դրդապատճառներով հետապնդված այն բոլոր 5 հազար քաղաքացիները, որոնք բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, Ազգային անվտանգության ծառայության մարմիններ եւ ենթարկվել հոգեբանական, ֆիզիկական, բարոյական հսկայական ճնշումների: Իսկ եթե հաշվի առնենք այն 500 ձերբակալվածներին, ոչ թե բերման ենթարկվածներին, որ ձերբակալվեցին, ոմանք` մի քանի ժամով, ոմանք` մի քանի օրով, եւ ազատ արձակվեցին, իսկ եթե դրան գումարենք քաղաքական հետապնդումներից խուսափողներին, թաքնվողներին, քաղաքական վտարանդիներին, որոնց թիվը հարյուրների է հասնում, որոնք թաքստոցում շատ ավելի վատ պայմաններում են իրենց զգում, քան բանտում անգամ... Վկայությունը դրա մեր երիտասարդ, 42-ամյա Անդրանիկ Հովակիմյանի մահն էր, որը թաքնվելու պատճառով չէր կարող բուժօգնություն ստանալ եւ սրտի կաթվածից մահացավ: Նույնը տեղի ունեցավ, փառք Աստծո, ոչ այդպիսի ողբերգական վախճանով, Սամվել Գեւորգյանի հետ, որը թաքնվելու ժամանակ միկրոինֆարկտ ստացավ: Մյուսները ինչ վիճակում են, դուք կարող եք պատկերացնել: Նույն քաղաքական հետապնդումների զոհերը չե՞ն արդյոք մեր շարժման համակիր այն գործարարները, որոնք գիշերուզօր 3 ամիս անընդհատ ենթարկվում են հարկային տեռորի: Եթե այս ամբողջը գումարենք, մոտ տասը հազար մարդ Հայաստանում ֆիզիկապես ենթարկվել է քաղաքական տեռորի, քաղաքական ահաբեկումների, քաղաքական հալածանքների: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է տեղի նշանակում այս 10 հազար մարդը այս փոքրիկ հանրապետության համար, եթե դրան գումարենք նրանց ընտանիքները, նրանց բարեկամները, նրանց ընկերական շրջապատը, ապա կստացվի, որ 200 հազար, 300 հազար մարդ այսօր գիշերուզօր մտածում է մեկ խնդրի մասին: Կարելի՞ է արդյոք մի հանրապետության բնակչության 10 տոկոսը, 20 տոկոսը ենթարկել այսպիսի հոգեբանական, անբարոյական, անմարդկային ճնշման: Ի՞նչ են մտածում այս իշխանությունները: Մի՞թե նրանք չեն հասկանում, որ հանրապետությունը միայն այս պատճառով վերածվել է եռացող կաթսայի: Չկա այսօր հանրապետության մեջ որեւէ բնակավայր, որտեղ գիշերուզօր այս հարցը չհուզի, չբորբոքի մեր ժողովրդին: Ձեզանից ո՞վ էր լսել Վանատուր գյուղի անունը: Ոչ ոք: Ես հիշում եմ, Աթարբեկյան էր այդ գյուղը: Բայց միայն Սասուն Միքայելյանին ձերբակալելու պատճառով այդ անունը այսօր համաշխարհային համբավ է ստացել: Ձեզանից ո՞վ էր լսել Ձորակապ գյուղի անունը: Միայն Սաղաթելյանների ձերբակալության պատճառով նույնպես այդ անունը այսօր հայտնի է բոլորին: Նույնը Երեւանի Չորրորդ գյուղը` Սմբատ Այվազյանի ձերբակալության պատճառով: Նույնը ամբողջ Գյումրին` Աշոտ Զաքարյանի, Պետրոս Մակեյանի եւ մյուսների ձերբակալության պատճառով: Այսինքն` սրանք դիտավորյալ, ոնց որ մազոխիստ լինեն, ամբողջ ժողովրդին տրամադրել են իրենց դեմ: Ի՞նչն էր ձեզ խանգարում` մեկ անգամից լուծել այս հարցը եւ այսօր չունենալ Հայաստանում այդ բորբոքված վիճակը: Մի՞թե թասիբը, որ մի բան արել ենք, մինչեւ վերջ պիտի անենք: Ի՞նչ թասիբ: Դա գողի թասիբ է, ավազակի թասիբ է, թաթար-մոնղոլի թասիբ է: Եւ ի՞նչն է ողբերգությունը` որ բանտում նստած են մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները, եւ որոնց նստեցրել են այն ոճրագործները, որոնք պիտի զբաղեցնեին նրանց տեղը եւ վաղ թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը: Ես քաղաքական հալածանքների ենթարկվածների թվում մի քիչ ուշացած ուզում եմ հիշատակել նաեւ, առանձնացնել Գագիկ Ջհանգիրյանի փաստը: Ի՞նչ է արել այդ մարդը: Նա Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն էր: Այդ մարդը ընդամենը հրապարակայնորեն հանրահավաքում ընդվզել է տեղի ունեցած ընտրակեղծիքների առթիվ: Միայն սա, ուրիշ ոչինչ: Այսինքն, նա կատարել է իր աշխատանքային պարտականությունը: Նա կատարել է այն, ինչ պիտի կատարեր Աղվան Հովսեփյանը, որը լինելով այս ավազակախմբի գլխավոր հենասյուներից մեկը` բնականաբար այդ բանը չէր անելու: Դա արել է Գագիկ Ջհանգիրյանը: Ի դեպ, նա Սահմանադրությամբ էլ ուներ այդ իրավունքը: Ես ուզում եմ ընթերցել այդ հոդվածը, որովհետեւ շատ կարեւոր է: 29-րդ հոդվածում, որը ես ձեզ համար ընթերցեցի, նշված էր հետեւյալ սահմանումը` յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք: Հետո ավելացված է հետեւյալը. «Զինված ուժերում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ Սահմանադրական դատարանի անդամների կողմից այդ իրավունքի իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով»: Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս սահմանափակումները չեն տարածվում դատախազության աշխատակիցների վրա: Այսինքն` Գագիկ Ջհանգիրյանը, այո, իրավունք ուներ Ազատության հրապարակի հանրահավաքում արտահայտելու իր դժգոհությունները կեղծված ընտրությունների առթիվ: Նա հալածվել է, ինչպես ասացի, իր պաշտոնեական պարտքը կատարելու համար: Իհարկե, խորքում հասկանալի է, թե ինչն էր նրա հալածանքի պատճառը. դա 99 թվականի հոկտեմբերի 27-ի գործն էր: Ռոբերտ Քոչարյանը Ջհանգիրյանին, հազար տարի էլ անցներ, չէր ներելու, որ Ջհանգիրյանը հայտնաբերեց մարդասպանների եւ նախագահական նստավայրի կապը` հանձին նախագահի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի: Սա նրան չէր ներվելու: Ուրեմն` ես արդեն ասացի, որ չեմ հավատում, թե այս իշխանությունների օրոք հնարավոր է իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն եւ բացահայտել բոլոր մեղավորներին: Ինչպես չարվեց 10 տարի հոկտեմբերի 27-ի գործի առթիվ եւ այսուհետեւ էլ չի արվելու, քանի դեռ այս իշխանությունները կան, նույնը կատարվելու է մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հետ: Մենք առաջարկել ենք մեխանիզմ, որ կատարվի միջազգային քննություն, եւ վստահ եմ` մեր ժողովրդի վճռականության, պայքարի հարատեւության դեպքում մենք անպայման հասնելու ենք նաեւ դրան եւ նաեւ այն բանին, որ Ռոբերտ Քոչարյանը կանգնի Հաագայի դատարանի առջեւ որպես մարդկության դեմ գործած հանցագործ: (Հնչում են վանկարկումներ` հի-մա, հի-մա-խմբ.): Իմ ձեռքը չէ, եթե հնարավորություն ունենայի, հիմա էլ կանեի: Ես ասացի արդեն, Եվրախորհրդի բանաձեւի կատարման առթիվ մենք կարեւորում ենք միայն քաղբանտարկյալների հարցը: Ես ամենայն պատասխանատվությամբ նորից հայտարարում եմ, որ մենք անգամ համաձայն ենք, ես կոչ եմ անում միտինգի անունից Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, եթե մինչեւ Հայաստանի հարցի քննարկման օրը Սերժ Սարգսյանը ազատ արձակի անխտիր բոլոր քաղբանտարկյալներին, ապա ես կոչ կանեմ, այսօր էլ կոչ եմ անում ԵԽ-ին` Հայաստանի նկատմամբ չկիրառել այն սանկցիան, որը նրանք սպառնացել են կիրառել: Միայն այս հարցը: Ես հիմա Սերժին էլ եմ դիմում` Սերժ, դու ընկերս ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը նաեւ ունես դու, սա ի՞նչ խելագարություն է` Հայաստանում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին: Մի՞թե հնարավոր չէր մեկ օրում, մեկ զանգով, հենց այս գիշեր լուծել այդ հարցը, եւ մենք ասել ենք, դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ երկխոսության իշխանությունների հետ: Եւ նստել երկխոսության ու դուրս գալ այս թնջուկից: Մենք հասկանում ենք, որ սա վտանգավոր իրավիճակ է: Վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման առումով, այլ մի երկրում, երբ այսպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ո՛չ իշխանությունն է ընդունակ նորմալ աշխատելու` թեթեւացնել ժողովրդի վիճակը, ո՛չ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրենց ընտանեկան պարտքը, իրենց աշխատանքային պարտքը: Այս հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության: Ես ուզում եմ ճշտել նաեւ այդ երկխոսության բովանդակությունը, էությունը: Ի՞նչ ենք հասկանում մենք` երկխոսություն ասելով: Դա չի նշանակում, որ մենք գնալու ենք բազարների, սակարկումների, դուք սա ընդունեք, մենք նա ընդունենք, դուք ասեք` մենք լավն ենք, մենք ձեզ պաշտոններ կտանք: Մեզ ձեր տված ոչ մի պաշտոն պետք չէ: Մեզ պաշտոններ արդեն տվել է մեր ժողովուրդը եւ այդ պաշտոնները շատ ավելի պատվավոր են, քան ձեր զբաղեցրած այդ բարձր աթոռները: Երկխոսության էությունը ես հասկանում եմ հետեւյալում. այսօր կա քաղաքական 2 ռեալություն, կա իշխանությունը բռնազավթած ոչ լեգիտիմ մի իշխանություն, եւ կա հասարակություն, որ համաձայն չէ այդ իշխանության գոյությանը: Համաձայն չլինելով հանդերձ` մենք ընդունում ենք, որ դա քաղաքական ռեալություն է, եւ քանի որ մենք խաղաղ, անզեն, օրինապաշտ շարժում ենք, պատրաստ ենք այդ հարցը լուծել քաղաքակիրթ ձեւով, քաղաքական պայքարի ընդունված նորմերով: Ստեփան Դեմիրճյանը մի շատ հաջողված ձեւակերպում է գտել` քանի որ այս վիճակը ստեղծվել է ընտրությունների պատճառով, ուրեմն` վիճակից դուրս գալու ելքը նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են: Ուրեմն երկխոսությունը կարող է լինել, ինչպես ասացի, միայն քաղաքական պայմանների խաղի կանոնները համաձայնեցնելու շուրջ, այսինքն, պարզ ասած, դեմոկրատիայի շուրջ: Դուք ասում եք ձերը ձեր վերահսկողության տակ գտնվող 15 հեռուստակայաններով (մեզ դա էլ պետք չէ, դա էլ վայելեք), ձեր ռադիոներով, ձեր հանրահավաքներով, դուք էլ արեք հանրահավաքներ, մենք էլ մեր իրավունքների սահմաններում մեր DVD-ներով, մեր հանրահավաքներով, մեր դահլիճային կոնգրեսներով, ժողովներով, զանգվածային, ոչ զանգվածային ակցիաներով պետք է կարողանանք խոսել մեր ժողովրդի հետ: Դուք փորձելու եք ապացուցել ժողովրդին, որ դուք եք լավը, մենք փորձելու ենք ապացուցել, որ մենք ենք ճիշտը: Ինչո՞ւ եք վախենում խոսքից: Ահա, դուք այսքան վախեցաք, 45 անգամ մերժեցիք, այսօր էլ թատրոն սարքեցիք, քաղաքը լցրեցիք սաղավարտավոր, մահակներով, վահանավոր ոստիկաններով: Երեւանը այս երեք ամիս է` Բաղդադից չի տարբերվում: Եթե խոսում եք վարկանիշի մասին, ահա սա է այդ վարկանիշի ցուցանիշը: Վարկանիշի մասին գիշեր-ցերեկ մտածողը Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում այսպիսի օկուպացիոն զորքեր կտեղադրե՞ր: Ի՞նչ վախի մասին է խոսքը: Մի՞թե չգիտեն, որ այս ժողովուրդը, այս շարժումը օրինապահ, կարգապահ ժողովուրդ է: Եւ եթե իրենք որեւէ բան չհրահրեն, չկրակեն, չհրմշտեն ժողովրդին, որքան պահանջվում է, մենք կշարունակենք մեր այս պայքարը: Սա քաղաքակիրթ պայքար է: Սա է ձեւը, ուրիշ ձեւ չկա: Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր կատարի: Ես դեմ չեմ: Ո՞վ դեմ կլինի, եթե Սերժ Սարգսյանը թեկուզ չընտրված, թեկուզ ոչ լեգիտիմ, բայց այսօր այդ պաշտոնը զբաղեցնող մարդ այս ժողովրդի համար որեւէ մի լավ բան կատարի: Այս 3 ամսում նա ի՞նչ արեց: Ի՞նչ է արել: Շախմատային լեզվով` կատարել է ռակիրովկաներ: Ռոբերտ Քոչարյանի կադրերին փոխատեղումներով նստեցրել է տարբեր աթոռների, ոչ մի նոր մարդ, ոչ մի նշանակում, որը ժողովրդի գոնե մի մասի կողմից հաճույքով կամ դրվատանքով ընդունվեր: Ի՞նչ է կատարվել մոնոպոլիստներին հարկային դաշտ տեղափոխելու հարցում: Ոչ մի բան: Նրանք նորից իրենց հարկերը մուծում են ուրիշ տեղ, իսկ բյուջեի լրացման բեռը ընկնում է մանր եւ միջին բիզնեսի վրա: Եթե այսպես շարունակվի, Հայաստանում մանր եւ միջին բիզնեսի խավը ընդհանրապես կվերանա: Ի՞նչ են արել այն բենզինի աֆյորայի բացահայտման հարցում: Պարո՛ն վարչապետ կոչեցյալ, դուք ասացիք, որ ուշադիր եք լինելու ժողովրդի կարծիքին, մամուլի արձագանքներին: Խնդրում եմ, 3-4 ամիս է արդեն` դրա մասին խոսում ենք, այսօր էլ առիթ է, ձեզ ասում եմ, ասեք, հերքեք, ճի՞շտ է այն, որ Հայաստան ներկրվող բենզինի մոտավորապես 70-80 տոկոսը չի արձանագրվում: Այդ պատճառով դուրս է մնում հարկային դաշտից: Ճի՞շտ է արդյոք սա, թե՞ ոչ: Ասեք վերջապես, դուք, ձեր ոսկու այդ աֆյորայով, այս պետությանը վնաս տվե՞լ եք, թե՞ ոչ: ԿԲ նախագահ եղած ժամանակ Սարգսյան Տիգրանը վաճառեց ՀՀ ոսկու պաշարը: Սա աբսուրդ է բոլոր տեսակետներից: Ասվեց, որ այդ ժամանակ ոսկին թանկ էր նախորդ ժամանակի համեմատ, դրա համար էլ վաճառել է, շահել է, 17 միլիոն դոլար էին վճարել: Եւ այսօր այդ նույն ոսկին արժեք 35 մլն դոլար: Արդեն 18 մլն դոլարի վնաս ես տվել այս երկրին: Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար: Ոսկին է՞լ են վաճառում: Ոսկին ամենալիկվիդային ապրանքն է: Ոսկին ե՛ւ մարդը, ե՛ւ պետությունը վաճառում են միայն, երբ սովի են մատնվում: Վերջին հույսն է արդեն: Երեխային սովից պիտի փրկի, մատանիներն է վաճառում, ատամների շապիկներն է վաճառում, ժամացույցն է վաճառում: Պետությունները նույնպես ոսկին վաճառում են ֆորս-մաժորային վիճակներում, երբ երկրին սպառնում է սով, պատերազմ, տարերային աղետ եւ այլն, եւ այլն: Աշխարհի ո՞ր խելոքը այսպիսի պատճառներ չլինելու պարագայում ոսկի կվաճառեր եւ հիմա մեծ-մեծ նստած խոսում, դաս է տալիս մեր ժողովրդին, Ներսես Շնորհալուց ցիտատներ բերում եւ այլն, եւ այլն: Եւ ավելին, դա արդեն մի խղճուկ վիճակ է, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի իրական վարչապետը ոչ թե Տիգրան Սարգսյանն է, այլ Արմեն Գեւորգյանը: Ուրեմն երկխոսությունը, ասացի, միայն կարող է լինել սրա շուրջ: Կանեք դրական քայլեր` մենք միայն ուրախ կլինենք: Կձերբակալեք մարտի 1-ի իրական ոճրագործներին` մենք ձեզ կողջունենք: Հարկային դաշտ կբերեք բոլոր մոնոպոլիստներին` մենք ձեզ կողջունենք: Կնշանակեք վերջապես իսկապես պրոֆեսիոնալ, պարկեշտ կադրեր` մենք ձեզ կողջունենք: Եւ աշխարհի բոլոր ընդդիմությունները ունեն 2 ֆունկցիա. մի ֆունկցիան իշխանության գալն է, դա ժամանակ է պահանջում, մյուս ֆունկցիան` այդ ընդդիմության ճնշման տակ իշխանություններին ստիպել դրական քայլեր կատարել դեպի իր ժողովուրդը: Եթե սա անեն, մենք կհամարենք մեր ֆունկցիան նույնպես կատարված գոնե մասնակիորեն: Մենք դեմ չենք լինի, մենք մեր ժողովրդի թշնամին չենք: Եթե լավ բան անեն, ո՞վ կասի` վատ բան եք անում: Գիտեմ, ասում եմ, ոչ լեգիտիմ իշխան, այդպիսի դեպքեր եղել են մեր պատմության մեջ էլ: Ոչ լեգիտիմ իշխան էր, ասենք, Կիլիկիո իշխան Ռուբեն երկրորդը, որը իշխանության եկավ` սպանելով իր նախորդին` Մլեհ իշխանին: Բայց մի ամբողջ տարի նա ընկել էր դռնեդուռ, ամբողջ Կիլիկիայով, գյուղերով, վանքերով, բնակատեղիներով ման էր գալիս` սիրաշահելու համար իր ժողովրդին, լեգիտիմացնելու համար իր իշխանությունը: Դու էլ մի բան պիտի անես, երեք ամիս է անցել, Գրիշին ու Վաչոյին տեղափոխելուց բացի, ուրիշ գործ չես արել: Ուրեմն ասացի եւ կրկնում եմ, ես կոչ եմ անում մեր իշխանություններին, վերացրեք այս հարցը, մինչեւ վեհաժողովի նիստը ազատ արձակեք բոլոր քաղբանտարկյալներին: Դրանից կշահեք ե՛ւ դուք, ե՛ւ մեր ժողովուրդը, ե՛ւ մեր երկիրը: Դրանից հետո քաղաքական պայքարը հնարավոր է տեղափոխել քաղաքակիրթ հուն, մինչեւ այս հարցը չլուծվի, համոզված եղեք, մի մտածեք, որ ժողովուրդը հոգնելու է, ընդհակառակը, դուք անում եք ամեն ինչ, որ ժողովուրդը շարունակ ավելի ու ավելի բորբոքվի, եւ զանգվածները ավելի ու ավելի խտանան ու մեծանան: Հաջորդ հանրահավաքում կես միլիոն մարդ է լինելու: Ես անցնեմ վերջին գործին, բայց մինչեւ այդ ուզում եմ եւս մի կոչ հղել: Կոչ հղել բոլոր հացադուլավորներին. այդ պայքարը, այդ ծայրահեղ միջոցը նաեւ պատճառաբանված էր նրանով, որ երեք ամիս շարունակ այսպիսի հանրահավաքներ տեղի չէին ունենում, ես պիտի խոհապես գնահատեմ նրանց գործը, խոհապես գնահատեմ նաեւ բանտարկյալների գործը, նրանք բանտում նստած մեր շարժման ամենաակտիվ մի ուժն են, որը գիշեր-ցերեկ իրենց խոսքով, իրենց քաջությամբ ոգեւորում եւ վճռականության են կոչում մեր ժողովրդին: Ուրեմն բոլոր հացադուլավորներին խնդրում եմ` մեծապես գնահատելով նրանց նպաստը, եթե այդ հացադուլները չլինեին, այս հանրահավաքն էլ այսքան զանգվածային չէր լինի, ես վստահ եմ, այսօր Վանատուրը մեկ մարդու նման այստեղ է գտնվում մեր սիրելի Արշոյի գլխավորությամբ, ուրեմն բոլոր հացադուլավորներին կոչ եմ անում այլեւս հրաժարվել պայքարի այդ միջոցից: Պայքարի մեր միջոցը սա է` հանրահավաքն է, որը տեղի ունենալու այնքան ժամանակ, մինչեւ չհասնենք մեր վերջնական նպատակներին: Եւ վերջինը` մեր շարժումը հզոր է ոչ միայն ձեր գիտակցությամբ, ձեր քաջության, ձեր վճռականության շնորհիվ, այլ նաեւ մեծագույն մասով թերեւս իր կարգապահությամբ, իր օրինապաշտությամբ: Սա է, որ զայրացնում է Քոչարյանին եւ ավազակախմբի մյուս անդամներին: Նրանք երջանիկ կլինեին, որ մենք էլ իրենց նման օրինախախտներ, բռնարարքներ գործողներ լինեինք, բայց նրանք դա չեն ստանա, մենք ինչպես եղել ենք կարգապահ եւ օրինապաշտ, այդպես էլ շարունակելու ենք: Միայն այս պայքարն է, որը կարող է վերջնական հաղթանակ բերել մեր երկրին եւ ժողովրդին: Ուստի ես ձեզ խնդրում եմ վստահել Համաժողովրդական շարժման կենտրոնին, նրա բոլոր անդամներին, Համաժողովրդական շարժման բոլոր անդամ կուսակցություններին` 23 կուսակցություններ, նրան նախագահներին, վստահել, վերջապես, ինձ եւ հստակ կատարել մեր բոլոր խնդրանքներն ու չեմ ուզում ասել կարգադրությունները, դրա կարիքը չկա: Խնդրանքը դուք արդեն կհասկանաք: Իմ խնդրանքն է հիմա հանգիստ գնալ ձեր տները, ոչ մի երթ: Վստահ եղեք, մենք պայքարից հրաժարվող չենք, եթե այս երկրում լինի որեւէ մեկը, որ վերջինը կլքի պայքարը կամ, որոշ տխմարների կարծիքով, կլքի Հայաստանը, ապա այդ վերջին մարդը կլինեմ ես: Հաջորդ հանրահավաքը, որին կոչ եմ անում մասնակցել որքան հնարավոր է շատ մարդկանց, տեղի կունենա ԵԽ ԽՎ-ից հետո` ամփոփելու համար նրա արդյունքները: Մենք Համաժողովրդական շարժման կենտրոնում նպատակահարմար ենք գտել մոբիլիզացնելու, վերլուծելու եւ մեր հետագա ծրագրերը մշակելու համար այդ հանրահավաքը անցկացնել հուլիսի 4-ին` ժամը յոթին: Ես ձեզ բարի գիշեր եմ մաղթում, մինչեւ հանդիպում հուլիսի 4-ի ժամը յոթը: Բարի գիշեր:
|
|||||||||