ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ - 28 ՀՈՒՆԻՍ 2008

 

Download PDF  PDF տարբերակ (77KB)         Video file Վիդեո (մաս 1)    Video file Վիդեո (մաս 2)    

 

Մենք չենք եկել ձեզ ոգեւորելու, մենք չենք եկել ձեզ խրախուսելու, մենք չենք եկել ձեզ վճռականության կոչելու, որովհետեւ դուք դրա կարիքը չունեք: Հակառակը, մենք եկել ենք, որ դուք մեզ ոգեւորեք, դուք մեզ խրախուսեք, դուք մեզ վճռականության կոչեք, որովհետեւ ընտրություններից հետո դուք ապացուցեցիք, որ Գյումրին Հայաստանի քաղաքական տեսակետից ամենաակտիվ քաղաքն է: Երեք ամիս է անցել մարտի 1-ի սպանդից, եւ դուք ոչ մի օր չեք դադարեցրել ձեր պայքարը հանուն ձեր իրավունքների: Ես ուզում եմ ոգեւորությունից առաջ անցնել: Եղան բոցաշունչ ելույթներ, հրաշալի ելույթներ, բոլորը անխտիր, որոնք բացահայտեցին մեր շարժման եւ մեր առաջիկա անելիքների համարյա բոլոր կողմերը: Ես ընդամենը ուզում եմ մի քանի պարզ շեշտադրում կատարել: Նախ, խոսվեց մարտի 1-ի մասին եւ նրա պատասխանատուների մասին: 2003 թվականի ընտրությունները, 1998 թվականի ընտրությունները կեղծված էին նույնքան, որքան կեղծված են 2008 թվականի ընտրությունները: Այս 3 ընտրություններում էլ ժողովրդի ձայները գողացված են: Բայց 2008-ը տարբերվում է առաջին 2 ընտրություններից, որովհետեւ իշխանությունները ոչ միայն կեղծեցին ընտրությունները, բռնություններ գործադրեցին ընտրությունների ժամանակ, կատարեցին նույն այն բոլոր կեղծիքները` ընտրակաշառք, ցուցակների կեղծում, կրկնակի քվեարկություններ եւ այլն, եւ այլն, բայց սրա վրա գումարեցին նաեւ մարտի 1-ի եղեռնագործությունը սեփական ժողովրդի դեմ: Սա նոր երեւույթ է, սա այդ 3 ընտրություններում այս իշխանությունների ատելության կուտակումն է մեր ժողովրդի դեմ, որ նրանք արտահայտեցին կրակոցներով: Սրանով է այս ընտրությունը տարբերվում այդ նախորդ 2 ընտրություններից: Կատարված է հրեշավոր ոճրագործություն, պատասխանատուներն իսկապես հայտնի են, նրանց անունները թվարկվեցին: Ես այստեղ միայն մեկ ճշտում եմ ուզում անել: Խոսվեց, որ այդ ոճրագործությանը մասնակցել է ոստիկանությունը: Դա այդպես չէ: Դա սխալ է: Ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել: Դա Ռոբերտ Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը բարդել ոստիկանների վրա: Այսինքն` նա կրկնակի ստորություն է գործում. առաջինը` կրակել, երկրորդը` իր հանցանքը բարդել ուրիշների վրա: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել: Ավելին, ես վստահ եմ, նաեւ բանակը, որ մեր զավակներն են, բանակը նույնպես մեր ժողովրդի վրա չի կրակել: Այդ դեպքում դուք կարող եք հարց տալ` ո՞վ է կրակել: Սա փորձված, շա~տ փորձված մեթոդ է, որը Ռոբերտ Քոչարյանից առաջ կիրառել են երիտթուրքերը Օսմանյան Թուրքիայում, եւ կիրառել է Հիտլերը Գերմանիայում: Այսպիսի ստոր արարքների համար միշտ օգտագործվել են քրեական տարրերը եւ վարձու մարդասպանները: Երիտթուրքերը Հայոց ցեղասպանությունից առաջ բանտերից ազատեցին բոլոր մարդասպաններին, բոլոր քրեական հանցագործներին եւ կազմեցին հատուկ ջոկատներ, որոնք իրականացրին Հայոց ցեղասպանությունը: Նույնը կատարեց Հիտլերը Գերմանիայում. նա բանտերից ազատեց բոլոր հանցագործներին, բոլոր մարդասպաններին, որոնց կազմած հատուկ ջոկատները իրականացրին հրեա ժողովրդի ցեղասպանությունը կամ, ինչպես ասում են, ողջակիզումը` Հոլոքոստը: Նույն բանը կատարել է Ռոբերտ Քոչարյանը: Այդ մարդասպանները քրեական տարրեր են` նախկինում բազմիցս դատված, մենք գիտենք նաեւ, թե որ շրջանակներից ընտրված: Նրանց մի մասը, այո, Ղարաբաղից է, մյուս մասը մեր հայտնի օլիգարխների սափրագլուխներն են: Եւ թող վստահ լինեն, որ նրանցից ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից: Ես ուզեցի այս ճշտումը կատարել, որպեսզի մեր ժողովրդի մեջ որեւէ դժգոհություն կամ ատելություն չառաջանա դեպի մեր ոստիկանությունը, դեպի մեր բանակը: Նրանք, այո, կատարել են հրամաններ` այդ մահակներով, վահաններով զինված: Բայց նրանք ժողովրդի վրա չեն կրակել: Ես սա ուզում եմ շեշտել, ընդգծել, որպեսզի որեւէ թյուրիմացություն չլինի: Ոստիկանությունը, բանակը մեր ժողովրդի մի մասն է, եւ վստահ եղեք, նրանց 90 տոկոսը կիսում է այն բոլոր հույզերը, որոնցով դուք տառապում եք: Բոլորը անխտիր: Սա` առաջին: Երկրորդը. քիչ առաջ ասվեց, որ Գյումրիում, եւ ընդհանրապես, Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը չի ստացել ձայների մեծամասնությունը: Այսինքն` առնվազն Գյումրիի եւ Շիրակի մարզի համար Սերժ Սարգսյանը, թեկուզ իրենց պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետության նախագահ չէ: Բայց ես ուզում եմ այս առթիվ մի ուրիշ պարզաբանում էլ կատարել, որովհետեւ եկեք խոստովանենք, որ ժողովուրդն էլ մեղք ունի անցած ընտրություններում: Նրա մի մասը, համենայնդեպս, չդիմացավ ընտրակաշառք վերցնելու գայթակղությանը: Մենք եղբայրներ ենք, քույրեր ենք, չենք կարող այս բաները չասել իրար: Եւ համոզված եղեք, այդ մարդիկ ոչ միայն մոլորվել են, այլ նաեւ մեծ սխալ են գործել ի վնաս իրենց եւ իրենց երեխաների: Ի՞նչ ստացաք այդ ընտրակաշառքի դիմաց` 5 հազար, 10 հազար, չգիտեմ որքան էր: Այդ 5 հազարը, 10 հազարը այս 3 ամսում արդեն տասնապատիկ Սերժ Սարգսյանն ու մեր վարչապետը ետ են վերցրել սննդամթերքի, բենզինի եւ բոլոր այլ ապրանքների թանկացումով: Բոլորը ետ են վերցրել ընդամենը 3 ամսվա ընթացքում: Մենք սա բացատրում էինք ձեզ: Մի՞թե դժվար էր հասկանալ, եթե մի բան տալիս են ձեզ, ոչ թե ձեր գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց համար են տալիս: Եթե մի բան տալիս են, նրանք ակնկալում են, որ դրա տասնապատիկն են ստանալու: Սա մեկ մոլորություն էր, որը, դժբախտաբար, իր տեղն ունեցավ այս ընտրություններում: Մյուս մոլորությունը այն հայտնի պոպուլիստ թեկնածուի ձայներն էին, որոնք հատկապես Շիրակի մարզում, կարելի է ասել, վճռական դեր խաղացին Սերժ Սարգսյանի հաղթանակի գործում: Ես ասել եմ` այդ մարդու անունը չեմ տալու, Անվտանգության խորհրդի քարտուղարն է: Ես վստահ եմ, այս հրապարակում այսօր կանգնած են ոչ միայն իմ համակիրները, այլ նաեւ նրանցից շատերը, ովքեր ձայն են տվել Անվտանգության խորհրդի քարտուղարին: Թող սա մեզ դաս լինի, որպեսզի մենք հետագայում չխաբվենք ահա այսպիսի թեկնածուներով: Դժբախտաբար, բոլոր ընտրություններում` ե՛ւ 98 թվականին, ե՛ւ 2003 թվականին, գտնվել են այդպիսի մարդիկ, եւ նրանք բավականին ձայներ են տարել ընդդիմության թեկնածուից` հետագայում այդ ձայները նվիրելով հաղթող կամ հաղթող համարվող նախագահին: 98 թվականի ընտրություններում դա Վազգեն Մանուկյանն էր, 2003 թվականի ընտրություններում` Արտաշես Գեղամյանը, 2008 թվականին` համառոտ` ԱԽՔ-ը: Հիմա մյուս հարցի մասին: Հետաքրքիր է, օրինակ, ո՞վ կարող է տալ այն հարցի պատասխանը, մենք մի անգամ հանդիպել ենք այստեղ ձմռանը, չգիտեմ, փետրվարի 3-ն էր թե 5-ը, համարյա նույնքան մարդ է հավաքվել այսօր, ընտրություններից 4 ամիս հետո. ի՞նչը կարող է այս մարդկանց բերել հրապարակ: Կարող էր բերել այն պայծառատեսությունը, որ տեղի ունեցավ ընտրություններից հետո: Ժողովուրդը հասկացավ. տեղի ունեցան ընտրություններ, եւ իրականում Հայաստանում ոչինչ չփոխվեց, իսկ եթե փոխվեց, ապա միայն դեպի վատը: Եւ սա ընդամենը 3-4 ամսվա ընթացքում: Պատկերացրեք` ինչ է մեզ սպասվում, եթե մեզ չհաջողվի առաջիկայում ազատվել այս իշխանություններից: Մեր վիճակի, մեր ժողովրդի վիճակի եւ երկրի վիճակի անընդհատ անկում, վատթարացում, եթե ոչ ազգային աղետներ: Ազգային աղետ ասելով` ես նկատի ունեմ Ղարաբաղի հարցում որդեգրած նրանց անհեռատես քաղաքականության չափազանց վատատեսական արդյունքը, որը օրը օրի ավելի շոշափելի է դառնում, եւ երկրորդ` ազգային աղետ ասելով` ես հասկանում եմ օր օրի Հայաստանի դատարկումը: Արտագաղթը չի դադարում, հակառակը, այս վերջին ամիսների ընթացքում դա ավելի խորացել, ավելի ծավալվել է: Ես ուզում եմ հիշել, դուք յուրաքանչյուրդ պետք է հիշեք, խաղաղության շրջանում, իրենց հռչակած տնտեսական աճի երկնիշ թվերի շրջանում` վերջին տասը տարում, Հայաստանից արտագաղթել է կես միլիոն մարդ: Դրանից առաջ նույնպես արտագաղթում էին` մեր օրոք, մեր իշխանության օրոք, բայց մութ էր, ցուրտ էր, պատերազմ էր, բլոկադա էր, Խորհրդային Միության փլուզման հետեւանքների վերականգնման շրջանն էր: Սա դեռ հասկանալի էր: Եթե ես այդտեղ մեղք ունեմ, ես ընդունում եմ իմ մեղքը, չեմ վախենում, ես կարող եմ բացատրել եւ բացատրել եմ: Կհավատաք` կհավատաք, չեք հավատա` թող Աստված դատի: Դրա մասին չէ խոսքը: Բայց, ասում եմ, խաղաղության շրջանում, երկնիշ տնտեսական աճի շրջանում կես միլիոն արտագաղթը Հայաստանից դա արդեն այլ կերպ, քան հանցագործություն, հնարավոր չէ կոչել: Ինչի՞ց են փախչում մարդիկ: Փախչում են անօրինականությունից, փախչում են կաշառակերությունից, փախչում են գողական բեսպրեդելից, որը տիրում է մեր երկրում, փախչում են այն բանից, որ գործարարը հնարավորություն չունի հավասար մրցակցության պայմաններում իր գործն առաջ տանել, փախչում են հարկային անօրինականություններից, հարկային տեռորից: Ոչ մի օրենք չկա Հայաստանում, ոչ ոք օրենքի առջեւ պաշտպանված չէ: Ցանկացած մարդու` ուսուցիչ կլինի, երաժիշտ կլինի, դերասան կլինի, բանվոր կլինի, ցանկացած մարդու կարող են բռնել, տուգանել, հարկային տեռորի ենթարկել եւ, եթե կուզեք, բանտեր նետել: Ահա դրա համար է ժողովուրդը հավաքված այսօր: Դա մի կողմից իր հիասթափությունն է, փոփոխության դեպի դրական կողմ բացակայությունն է, մյուս կողմից` այն անարդարության դեմ բողոքելու զգացմունքը, որ արդեն տասը տարի է` 3 նախագահական ընտրություն, անընդհատ կուտակվում է մեր ժողովրդի սրտի վրա: Հաջորդ պարզաբանումը, որ ես կուզեի անել. այս իշխանությունները, իմ կարծիքով, երեք սխալ են գործում: Չգիտեմ, հիմա նստել են այդ աթոռին, օրինական, անօրինական, իրենց գործն է, ինչպես կուզեն, թող համարեն, բայց երեք սխալ են գործում, որոնց վրա ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել: Առաջին` այս իշխանությունները մեր երկրում որեւէ հենարան չունեն: Չկա մի սոցիալական խումբ, որը այսօր աջակցի, պաշտպանի Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանին պաշտպանում, աջակցում են միայն այն մարդիկ, ովքեր օգտվում են համակարգի կերակրատաշտից: Ուրիշ ոչ ոք: Ուրիշ մարդ չկա, ուրիշ ձայն, ուրիշ քվե Սերժ Սարգսյանն այս երկրում չունի: Ուրեմն` ինչի՞ վրա ես հույսդ դրել, որ դու կարող ես կառավարել այս ժողովրդին, միայն մահակի, միայն բանտի, միայն կալաշնիկով ավտոմատի վրա: Ուրիշ ոչ մի արգումենտ, ոչ մի փաստարկ Սերժ Սարգսյանը չունի այս ժողովրդի առջեւ: Բայց ասացի` այս իշխանությունները սխալվում են, քանի որ նույնիսկ այս մեթոդները այլեւս մեր ժողովրդի վրա կիրառելի չեն: Նրանք բռնություն գործադրեցին, նրանք կրակեցին, բայց չկարողացան ծնկի բերել մեր ժողովրդին, չկարողացան վախեցնել մեր ժողովրդին: Մեր բանտերը լցրեցին մեր ամենահերոս տղաներով, բայց անգամ դրանով չկարողացան վախեցնել մեր ժողովրդին: Պետք է վերջապես հասկանան, որ համառել, շարունակել այս մեթոդներով պայքարել սեփական ժողովրդի դեմ, դա առնվազն խելագարություն է, եթե չասենք` մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի եւ մեր երկրի դեմ: 2-րդ սխալը, որ գործում են մեր իշխանությունները. մեր իշխանությունները չեն հասկանում, որ այս ժողովուրդը, որ այսօր` 8 ամսվա շարժման ընթացքում ձեւավորվել է, այն ժողովուրդը չէ, որին նրանք իշխել են տասը տարի: Նրանց թվում է` սրանք դեռեւս նույն քնած մարդիկ են, ովքեր ոչինչ չեն հասկանում, եւ ինչ նրանց հաջողվել է 10 տարի, եւս 10 տարի կհաջողվի: Սա էլ մեծագույն թյուրիմացություն է եւ մեծագույն սխալ ցանկացած իշխանության համար, եթե այդ իշխանությունը իր քաղաքականությունը կառուցում է այսպիսի հաշվարկի վրա: Սա ուրիշ ժողովուրդ է: Սա նույնիսկ 88 թվականի մեր շարժման ժողովուրդը չէ: Այն ժամանակ շատ պարզ էին լոզունգները, այն ժամանակ շատ մտածելու կարիք չկար:

 

Ընդհանրապես, նացիոնալիզմը, ազգային ազատագրական պայքարը ամենապարզ գաղափարախոսությունն է: Այն ժամանակ ասում էինք` Ղարաբաղ, Ղարաբաղը մերն է, միացում եւ վերջ: Այսօր ժողովուրդը խոսում է ե՛ւ Ղարաբաղի մասին, ե՛ւ ազգային արժանապատվության մասին, ե՛ւ ազգային ազատագրական պայքարի մասին, բայց խոսում է նաեւ օրենքի գերակայության մասին, խոսում է դեմոկրատիայի մասին, խոսում է արդար ընտրությունների մասին, եւ վերջապես, խոսում է ազատության մասին, որը ամենամեծ արժեքն է ընդհանրապես մարդկության համար, որովհետեւ Աստված մարդուն ստեղծել է ազատ: Ցանկացած մարդ, որ սահմանափակում է մարդու ազատությունը, նա անաստված է, նա հեթանոս է, նա նզովքի արժանի է: Եւ իշխանությունների 3-րդ սխալը. նրանց թվում է, որ մի քիչ էլ ժամանակ ձգեն, ժողովուրդը կհոգնի, կձանձրանա եւ այլեւս կդադարեցնի իր պայքարը այս իշխանությունների դեմ: Ես կարծում եմ` նախկին փորձը գուցե նրանց հիմքեր տար այդպես մտածելու, բայց այս 4 ամսվա իրականությունը նրանց պետք է հասկացներ, որ մեր ժողովուրդը հոգնելու, իր պայքարը դադարեցնելու, նահանջելու մտադրություն չունի: Ուրեմն` առաջիկայում մենք այսպիսի ինտենսիվությամբ, եւ Գյումրին բացառություն չէ, բացի Երեւանից, մենք հավանաբար այսպիսի հանրահավաքներ կանենք նաեւ մեր հանրապետության մի քանի այլ տաք քաղաքներում եւ անգամ գյուղերում, ինչո՞ւ չէ: Վանատուրը, քիչ առաջ ես տեսա, այստեղ էր: Վանատուրը արժանի է, որ Համաժողովրդական շարժումը մի մեծ հանրահավաք անցկացնի եթե ոչ գյուղում, ապա Հրազդան քաղաքում ողջ մարզի համար: Արժանի է այդպիսի հանրահավաքի Թալինը իր հերոս զավակների եւ իր չդադարող պայքարի համար եւ մի շարք այլ այսպիսի քաղաքներ: Մենք շարունակելու ենք` մեր ուշադրությունը կենտրոնացնելով նախեւառաջ քաղբանտարկյալների ազատագրման վրա: Ես ասել եմ եւ կրկնում եմ` քանի դեռ մեկ քաղբանտարկյալ կմնա բանտում, մենք փողոցներից տուն չենք գնա եւ երկխոսության ձեռք չենք մեկնի իշխանություններին: Սա թող հասկանան: Եւ վերջինը, թեեւ թրջվում ենք (նկատի ունի տեղատարափ անձրեւը-խմբ.), բայց սա էլ ասեմ ու վերջացնեմ: Ես առաջարկում եմ հովանոցս հանել, որ ես էլ ձեզ պես թրջվեմ: Ուրեմն` ես ուզում եմ ձեզ մի բան էլ ասել. այս իշխանությունները եւ նրանց մանկլավիկները, նրանց քարոզչությունն իրականացնողները փորձում են այս շարժումը ներկայացնել որպես անձնական խնդիր, որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանատենչության արտահայտություն: Ես ուզում եմ մեկանգամընդմիշտ հասկանաք. սա անձի խնդիր չէ: Ինչպես նախապես ասել էի, ես տասը տարի լռելուց, գիտությամբ զբաղվելուց հետո եկել եմ միայն մեկ բանի համար` հասկանալով, որ այս ավազակապետության եւս 10 տարվա իշխանությունը մեզ համար ազգային աղետ է: Միայն դա կանխելու համար եմ ես եկել: Եթե իմ ընկերները, ինձ միացած կուսակցությունները հարմար են գտել, որ ես առաջնորդեմ այդ շարժումը, ես դա կատարել եմ: Ես ձեզ խոստանում եմ` այս դերը, ես ասել եմ, չեմ ամաչում այդ բանից, ես միջոց եմ, ես ընդամենը գործիք եմ` այս իշխանություններից ազատվելու: Եթե ես կարող եմ ապագայում էլ կատարել այս ծառայությունը, ես սիրով, հլու-հնազանդ կենթարկվեմ ձեր կամքին եւ կկատարեմ այս ծառայությունը: Ինչպես ես, այնպես էլ իմ ընկերները իշխանության ոչ մի հավակնություն չունենք: Իշխանության մենք ինչո՞ւ էինք գալու, գալու էինք արդարություն հաստատելու, օրինականություն հաստատելու, վերացնելու ապօրինությունները մեր երկրում, այո, քաղաքացուն պաշտպանված դարձնելու, քաղաքացու համար բարգավաճման, իր երեխաների դաստիարակման, իր երեխաների ապագան երաշխավորելու հնարավորություն ստեղծելու համար: Ես դեմ չեմ, եթե այս իշխանությունները ի վիճակի են անել այս բաները, թող անեն, ես չեմ բողոքի: Բայց, ցավոք սրտի, ես հասկանում եմ, որ դա հեքիաթ է, ինչպիսի խոստումներ էլ տան սրանք, ինչպիսի հեքիաթներ էլ պատմեն, անգամ եթե բարի ցանկություն էլ ունենան, ես, օրինակ, հավատում եմ, կան մարդիկ, որոնք նոր են ընդգրկվել կառավարության կազմում, գուցեեւ ունեն ազնիվ նպատակներ: Չեմ կասկածում, Տիգրան Սարգսյան, չգիտեմ, Էդիկ Նալբանդյան, ուրիշ մի երկու նոր նախարար, բայց չեմ հավատում, որ այդ մարդիկ բարի խոսքերից, խոստումներից, ճոռոմաբանություններից այն կողմ կարող են որեւէ գործնական քայլ կատարել: Չեն կարող, որովհետեւ համակարգը նրանց կխեղդի: Կա՛մ համակարգը նրանց դարձնելու է իրենց պես` նույնպես ավազակախմբի անդամներ, կա՛մ էլ, եթե չենթարկվեն այս գայթակղությանը, նրանք պարզապես դուրս են շպրտվելու այդ համակարգից եւ փոխարինվելու են այնպիսի մարդկանցով, որոնք հլու-հնազանդ կկատարեն ավազակապետի հրամանները: Ես, օրինակ, չեմ նախանձում Տիգրան Սարգսյանին: Նա, ասեմ, պրոֆեսիոնալ է, վատ տնտեսագետ չէ եւ նա, կարծում եմ, լավագույնս հասկանում է, թե ինչպիսի պատասխանատվության բեռի տակ է ընկել: Եւ վստահ եմ, նա է դառնալու առաջին քավության նոխազը: Մեր երկրում տնտեսական ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունենալու, քանի Սերժ Սարգսյանն է իշխանության գլուխ: Մեր ժողովրդի կենսամակարդակի միլիմետր անգամ բարելավում չի լինելու, եւ գալու է մի պահ, որ այս ամբողջի մեղքը Սերժ Սարգսյանը բարդելու է Տիգրան Սարգսյանի վրա եւ նրան դուրս է շպրտելու իշխանության նավից: Ես կարծում եմ` նա պետք է հասկանա եւ փորձի ժողովրդի հետ խոսել այն լեզվով, ոչ թե այն թատրոններով, որ նա սարքում է` իր մոտ հավաքելով ինչ-որ խորհրդակցություններ եւ դրանով իլյուզիա ստեղծելով, որ եկել է ինչ-որ բան փոխելու: Ոչինչ չի փոխելու եւ չի կարողանալու փոխել: Ես ասացի` մենք իշխանության չենք ձգտում: Եթե լիներ մի իշխանություն, կատարեր այն ամենը, ինչ մենք ցանկանում ենք, մենք միայն կողջունեինք, ծափ կտայինք, եւ ավելին, մենք կօգնեինք այդ իշխանություններին` կատարելու այդ բանը: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես մի անգամ ասել էի` անգամ ընտրվելու դեպքում` ես, այո, կտրականապես վճռել էի, որ ես նախագահ եմ մնալու 2-3 տարի, ոչ ավելի: Մաքրելու էի այս ավգյան ախոռները, որից հետո իշխանությունը փոխանցեի ավելի երիտասարդ, ավելի եռանդուն քաղաքական գործիչներին, որոնք այս հարթակում են` Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, այո, Դավիթ Շահնազարյան, Ալեքսանդր Արզումանյան, Արարատ Զուրաբյան: Մենք ունենք երիտասարդ, եռանդուն, արդեն փորձված, 10 տարվա քաղաքական պայքարի, ինչպես նաեւ պետական գործունեության փորձ ունեցող քաղաքական գործիչներ, որոնք, վստահ եմ, անցնելով մեզ հետ միասին, ձեզ հետ, նաեւ ինձ հետ միասին այս 8 ամսվա համալսարանը` նրանք այսօր պատրաստ էին ստանձնելու այդ պատասխանատվությունը: Ամփոփում եմ` մենք շարունակելու ենք պայքարել: Ձեզ հետ միասին, ավելի ստվարացած շարքերով այս իշխանություններին պիտի ապացուցենք, որ այս ժողովուրդը չի ճանաչում իրենց, եւ իրենք չեն կարող ցանկացած բռնության գնով անգամ կառավարել այս ժողովրդին: Երկրորդը` քաղաքական ակցիաներից բացի, մենք իրականացնելու ենք լուրջ կազմակերպական աշխատանքներ: Հայ ազգային կոնգրեսի մասին այն գաղափարը, որ ես ձեզ ասացի, մենք իրականացնելու ենք, եւ ըստ երեւույթին, մինչեւ երեւանյան հաջորդ հանրահավաքը մենք այս հարցում կգանք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Մենք ստեղծելու ենք, բացի այս հանրահավաքային, զանգվածային միջոցառումներից, նաեւ մնայուն մի կառուցվածքային կազմակերպություն, որը դառնալու է Հայաստանի առաջիկա գոյության մշտական գիտակից գործոնը եւ մեր ժողովրդի առաջնորդը: Ես ներողություն եմ խնդրում այս անձրեւի համար, ձեզ մաղթում եմ բարի գիշեր, իսկ մեզ` բարի ճանապարհ: 

Շնորհակալություն: