|
|
|||||||||
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ - 04 ՀՈՒԼԻՍ 2008
• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին, • 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը, • Խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը, • Պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ, • Ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, • Ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ, • Կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, • Վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, • Վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները, • Փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, • Սիստեմատիկաբար ուռճացրեց Հայաստանի տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները, • Հայաստանը ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, • Կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության, • Ոտնահարեց շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում, • Համարյա ողջ պետական գույքը եւ պահուստային հողատարածքները խորհրդանշական գներով վաճառեց իր մերձավորներին, • Հարկային բեռը բարդեց մանր ու միջին գործարարների վրա, ըստ էության, վերացնելով 90•ական թվականներին ձեւավորված միջին խավը, • Խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից, • Դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար, • Ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն, • Տնտեսական աճի ի ցույց դրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով, • Ղարաբաղից Հայաստան տեղափոխեց շուրջ 15.000 մարդ, • Կորցրեց Ղարաբաղի հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ, • Ղարաբաղը դուրս մղեց բանակցությունների գործընթացից, • Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ•ադրբեջանական տարածքային վեճի, • Սերունդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի խայտառակ բանաձեւը, • Ահագնացրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը, • Խորացրեց հայ•թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը, • Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը, • Եվ վերջապես` իր ազգանվեր գործունեությունն ավարտեց Երեւանի կենտրոնում կատարած արյունահեղությամբ, Արտակարգ դրության հաստատմամբ եւ զանգվածային ձերբակալություններով եւ բանտարկություններով:
• Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նա կտրեց հինգ կիլոմետր կարմիր ժապավեն, շուրջ երեք հարյուր հոգու շնորհեց գեներալի կամ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ, մոտ 10.000 մարդու պարգեւատրեց շքանշաններով ու մեդալներով, • Նոր աշխատատեղեր ստեղծելու ազնիվ մղումով կրկնապատկեց փոխնախարարների թիվը, եռապատկեց նախագահի, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմը, հնգապատկեց պետական պաշտոնյաների պահպանության վարչության ծառայողների քանակը, • Նշանակալի ավանդ ներդրեց հայկական մշակույթի զարգացման գործում՝ մասնավորապես Կոմիտասի, Խաչատրյանի, Սպենդիարյանի երաժշտության փոխարեն ռադիո•հեռուստատեսային եթերը լցնելով «բարձրաճաշակ» արեւելածոր մեղեդիներով ու պորտապարերով, • Մեծապես հարստացրեց ոսկեղենիկ հայոց լեզվի բառապաշարը, իր ստեղծած անզուգական նորաբանություններով՝ վիզկապ, մասանդրա, ծյունինգ, մտնելորտ, անթռաշ, գնհատել եւ այլն, • Ժողովրդին զվարճացրեց հրաշալի անեկդոտներով՝ կլիզմայի, վատ պարողին խանգարող հանգամանքների, փղերի ու մոսկաների, մեջքից ներքեւ գտնվող փափուկ տեղի մասին, • Հարմար բնորդ լինելու հանգամանքով անսահմանորեն ճոխացրեց արդի հայ ծաղրանկարչական արվեստը:
• Մինչեւ վերջ կոռուպցիայի մեջ թաթախված, նեխած, փտած կառավարման համակարգ, • Իշխանության եւ տնտեսության բոլոր լծակներին տիրող քրեական օլիգարխիա, • Քաղաքականապես եւ տնտեսապես մեկուսացված պետություն, • Ճնշիչ, աղճատված, հուսալքող բարոյահոգեբանական մթնոլորտ, • Արտասահմանյան դրամական փոխանցումների հաշվին գոյատեւող ժողովուրդ, • Քաղբանտարկյալներով լի բանտեր ու մեկուսարաններ, • Ոստիկանական եւ հարկային տեռորի ենթարկվող քաղաքացիներ, • Իշխանությունների լեգիտիմությունը չընդունող, նրանց հանցավորությունը չհանդուրժող հասարակություն, • Տնտեսական զարգացման անմխիթար հեռանկար, • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վտանգներով հղի բանաձեւ:
• Սարգսյանը շարունակում է անարձագանք թողնել քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու միջոցով ներքաղաքական լարվածությունը թուլացնելու եւ այդ հիման վրա կառուցողական երկխոսություն սկսելու ընդդիմության առաջարկը, • Ոչ մի քայլ չի ձեռնարկվել Համաժողովրդական Շարժման ակտիվիստների եւ համակիրների նկատմամբ սանձազերծված ոստիկանական եւ հարկային տեռորը դադարեցնելու ուղղությամբ, • Ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել հավաքների ազատության ապահովման գործում: Սարգսյանն այս տեսակետից յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ շուրջ երեք ամսում արգելելով 45 հանրահավաք: Համեմատության համար արժե նշել, որ ՀՀՇ-ի իշխանության ութ տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի հանրահավաք կամ երթ չի արգելվել, • Դատարկ ֆրազեոլոգիան եւ սովետական տիպի հանձնաժողովների ձեւավորումը չհաշված, որեւէ էական քայլ չի կատարվել կոռուպցիայի դեմ իրական պայքար կազմակերպելու ուղղությամբ, • Հարկային դաշտ չի բերվել որեւէ խոշոր գործարար, • Բյուջեի համալրման բեռը շարունակում է մնալ մանր եւ միջին ձեռնարկատերերի ուսերին, • Կադրային քաղաքականության բնագավառում, մեխանիկական փոխատեղումներից բացի, չի կատարվել որեւէ դրական փոփոխություն, • Սարգսյանը հասարակությանը հաճույք չի պատճառել կամ զարմացրել թեկուզ մեկ արժանավոր կադր նշանակելու կարողությամբ, • Առանձին քրեական գործեր չեն հարուցվել մարտի 1-ի ոճրագործության տասը զոհի փաստի առթիվ, զոհերի ընտանիքները տուժած եւ նյութական հատուցման սուբյեկտ չեն ճանաչվել, չեն բացահայտվել եւ հրապարակվել մարդասպանների անունները:
• Առաջին. չունենալով ոչ մի հասարակական հենարան` իշխանություններն իրենց հույսը դրել են այն բանի վրա, որ համատարած ոստիկանական տեռորի, հարկային ճնշումների եւ քրեական տարրերի գործողությունների միջոցով կարող են ահաբեկել ժողովրդին, կոտրել նրա պայքարի կամքն ու վճռականությունը եւ նրան ստիպել դադարեցնել այդ պայքարը, • Երկրորդ. նրանց թվում է, որ եթե կարողանան մի քիչ էլ ժամանակ ձգել, ապա ժողովուրդը կհոգնի, կձանձրանա, եւ վերջիվերջո մարդիկ կցրվեն իրենց տները, • Երրորդ սխալը, որ ապակողմնորոշում է Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին, այն է, որ նրանք չեն գիտակցում, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն:
*** Համաժողովրդական Շարժումն, անշուշտ, չի կարող հաշվի չառնել վերոշարադրյալ հանգամանքները, բայց պետք է որդեգրի ոչ թե իրավիճակային քաղաքականություն, այլ առաջնորդվի պայքարի սեփական մարտավարությամբ ու ռազմավարությամբ՝ հիմնվելով ինքնուրույն վերլուծությունների եւ հաշվարկների վրա:
• Առաջին. զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումների, երթերի, պիկետների, նստացույցերի, մարզային հանրահավաքների անցկացում, որի նպատակն է օգոստոսի 1-ի մեր հաջորդ համահանրապետական հանրահավաքի պատշաճ նախապատրաստումը, հանրահավաք, որի ընթացքում ամփոփվելու են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հարյուր օրերի արդյունքները եւ ներկայացվելու դրանցից բխող մեր հետագա գործողությունների ծրագիրը: • Եվ երկրորդ. հիմնարար եւ հետեւողական աշխատանք՝ որպես նախընտրական դաշինք ձեւավորված Համաժողովրդական Շարժումը տեւական քաղաքական գործոնի վերածելու, այն է՝ Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ:
• Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմության եւ հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը, • Կտրուկ միջոցներ ձեռնարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալված քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով: (Ի դեպ, օգտվելով առիթից` հանրահավաքի անունից դիմում եմ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ Ազգային ժողովի պատկան հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով մանրակրկիտ իրավաբանական գնահատական տալ այդ փաստաթղթին): • Շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանին, • Անմիջապես պաշտոններից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին: • Նշված պահանջները չկատարելու եւ մանավանդ` մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում, օգոստոսի 1-ից սկսած Շարժման գլխավոր կարգախոսը հայտարարել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:
|
|||||||||