ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

Հայտարարություն

2008 թ. մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, Երեւանի Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին բռնությամբ դուրս մղելուց հետո, վերջիններս ինքնաբուխ կերպով հանրահավաքը շարունակեցին Մյասնիկյանի հրապարակում:

 


Գործող վարչախումբը քաղաքացիների խաղաղ հանրահավաքը դարձյալ բռնությամբ ցրելու գործողությունների դիմեց, որոնց հետեւանքով եղան բազմաթիվ վիրավորներ եւ ըստ որոշ տեղեկությունների նաեւ զոհեր:

 

Այս իրավիճակից միակ ելքը, ինչպես նշել էինք դեռեւս ս/թ փետրվարի 29-ին արած մեր հայտարարությունում, տնային կալանքի տակ գտնվող ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին անմիջապես ազատ արձակելն ու ժողովրդին անմիջականորեն դիմելու հնարավորություն տալն էր: Մի բան, որ իշխանությունների մերժողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ իրականացնել: Չնայած դրան, հանրահավաքում ելույթ ունեցողներն անում էին հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի զայրույթը մեղմելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Սակայն իշխանությունների կողմից սադրանքները շարունակվեցին ներդրված գործակալների միջոցով, ովքեր հանրահավաքի վայրից մեծ հեռավորության վրա գտնվող Մաշտոցի պողոտայում կոտրել են խանութների ցուցափեղկեր, թալանել որոշ խանութներ եւ վնասել մեքենաներ:

 

Սույնով մենք հայտարարում ենք, որ այդ սադրիչները որեւէ կապ չունեն հանրահավաքի մասնակիցների հետ, նրանք ներդրվել եւ ուղղորդվել են գործող վարչախմբի կողմից, ուստի կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Ժողովրդի  նկատմամբ մարտի 1-ին կիրառված այս ահաբեկչությունը եւս մեկ սեւ էջ է Քոչարյան-Սարգսյան զույգի հանցավոր գործունեության մեջ:

 

Իշխանությունների կողմից գործադրված այս երկարատեւ բռնություններից ու սադրանքներից հետո, երբ ժողովրդի մեծ մասն արդեն ցրվել էր եւ Մյասնիկյանի հրապարակում մնացել էր 5-6 հազար բորբոքված մարդ Լեւոն Տեր Պետրոսյանը մարտի 2-ին առավոտյան ժամը 4-ին հեռախոսով դիմեց նրանց եւ կոչ արեց ոստիկանության եւ բանակի հնարավոր նոր բռնի գործողություններից խուսափելու համար ցրվել տները եւ սպասել ներկա իրադրության մեջ Համաժողովրդական շարժման ղեկավարության գործունեության ծրագրի հրապարակմանը: Տեր Պետրոսյանի կոչը ժողովրդին փոխանցեցին Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո հավաքվածներն ընդառաջելով իրենց առաջնորդի կոչին խաղաղ հեռացան իրենց տները:

Մենք կշարունակենք քաղաքական պայքարը հանուն ժողովրդավարու¬թյան եւ օրինականության:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

Երեւան
2 մարտի 2008 թ.