ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր« որ պատրաստվում է հանրահավաքի մասնակիցների անունից Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկով հանդես գալ։ Ասվել էր նաեւ, որ այդ առաջարկությունները ներկայացվելու են մի շարք միջազգային դիտորդական կազմակերպությունների, որպեսզի նրանք  հորդո­րեն կամ պարտադրեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ կարճ ժամ­կետներում ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել այդ փոփոխությունները։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարել էր նաեւ, որ եթե ուրիշ քաղաքական ուժեր, կամ նախագահի պոտենցիալ թեկնածուները միանան այս առաջարկին, ինքը պատրաստ է հանդես գալ համատեղ առաջարկով։

Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի ներկայացուցիչները նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՅ Դաշնակցության ներկայացուցչի հետ են քննարկելԺառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը այդ պահին Հայաստանում չեն եղել)  վերը նշված առաջարկությանը նրանց միանալու հարցը։ Նշված գործիչներն ու քաղաքական կուսակցությունները, սակայն, ձեռնպահ են մնացել միանալ այդ առաջարկին։ Առաջարկությունների փաթեթը դիտորդական կազմակերպություններին է ներկայացվել ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, 1999-2000թթ. ՀՀ վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի, 1991-1998թթ. ԱԺ   նախագահ Բաբկեն Արարքցյանի,  «Ազատություն» կուսակցության նախագահ, 1993-1996թթ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքա­ցիական նախաձեռնության գրասենյակի տնօրեն, 1996-1998թթ. ՀՀ ԱԳ  նախարար Ալեքսանդր Արզումանյանի ստորագրությամբ։ Ստորեւ ներկայացնում են միջազգային ատյաններին ուղարկված նամակը։

 

19 նոյեմբեր, 2007թ.

Եւրոխորհրդի գլխավոր քարտուղար
պարոն Թերի Դեւիսին

Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի
նախագահ պարոն Ռենե Վան դեր Լինդենին

ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու

իրավունքների գրասենյակի» տնօրեն
պարոն Քրիստիան Շտրոհալին

 

Թանկագին պարոնայք,

Թեեւ 2007 թականի մայիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտ­րությունները բարձր գնահատվեցին միջազգային հանրության կողմից, բայց դրանք, թերեւս, մեր երկրի պատմության ամենախայտառակ ընտրու­թյուն­ներն էին, քանի որ ընտրակեղծիքները քողարկված էին այնպիսի ճարտա­րու­թյամբ, որ ոչ մի դիտորդ չէր կարող նկատել դրանք։ Ընտրությունների ըն­թացքում իշխանությունների կողմից կիրառ­վել են, մասնավորապես, հետեւյալ երկու հնարքները.

- Տպագրվել է շուրջ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ, որոնք բաժանվել են մունիցիպալիտետների աշխատակիցներին, հավատարիմ գործարարներին, թաղային հեղինակություններին եւ նույնիսկ քրեական տարրերին։ Ընտրու­թյուն­ների օրը վեր­ջիններս ավտոբուսներով քաղաքացիներին բերել են ընտ­րատեղամաս, ավտոբուսում բաժանել արդեն քվեարկած թերթիկները, եւ ձեւա­կան քվեարկությունից ու տեղա­մա­սում տրված դատարկ քվեաթերթիկները ստա­նալուց հետո միայն վճարել նրանց։

- Տասնյակ հազարավոր մարդկանց իշխանությունները տրամադրել են կեղծ անձ­նագրեր կամ համապատասխան կնիքներով վավերացված գրանցման տեղեկանքներ, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել մի քանի անգամ քվեարկել տար­բեր տեղամասերում։

Դիտորդների եւ թեկնածուների վստահված անձանց համար անտեսանելի այս տի­պի կեղծիքները կանխելու նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է, որ դուք հորդո­րեք կամ պարտադրեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ՝ կարճ ժամ­կետներում մեր երկրի Ընտրական օրենսգրքում կատարել երկու փոփոխություն.

a. Առաջիկա նախագահական եւ ապագա բոլոր ընտրությունների քվեաթերթիկ­ները, միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ, տպագրել արտա­սահ­մանում՝ բացառելու համար հավելյալ քվեաթերթիկների տպագրումը;

b. Քվեարկության ընթացքում կիրառել շատ երկրներում ընդունված՝ ցուցամատի թանաքոտման կարգը, ինչը միակ միջոցն է միեւնույն ընտրողի կողմից կրկնակի կամ բազմակի քվեարկություն թույլ չտալու. (ի դեպ՝ այս առաջարկներն անգամ օրենքի փոփոխություն չեն պահանջում, քանի որ լինելով զուտ արարողակարգային միջո­ցա­ռումներ, մտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավունքների մեջ)։

Նպատակահարմար ենք գտնում նաեւ, որ դիտորդական կազմակերպությունները ընտրությունների որակն ու արդյունքները գնահատեն ոչ թե քվեարկությանը նախոր­դող մեկ շաբաթվա եւ քվեարկության օրվա դիտարկման հիման վրա, այլ ընտրական գործ­ընթացի շուրջ եռամսյա կտրվածքով՝ արձանագրելով եւ դատապարտելով այդ ընթացքում նկատված բոլոր ընտրախախտումները։

Այս ամենը չանելու դեպքում միջազգային դիտորդական կազմակերպությունների առաքելությունը Հայաստանում անիմաստ է դառնում, եւ նույնիսկ ավելին՝ դա նպաս­տում է աղաղակող կեղծիքներով ու խախտումներով անցկացված ընտրությունների լեգիտիմացմանը։

2007 թվականի նոյեմբերի 16-ին կայացած հանրահավաքի անունից՝

Խորին հարգանքով՝

Հայաստանի Հանրապետության նախագահի
թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ՝          ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ժողովրդական
կուսակցության նախագահ՝                                            ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ,
վարչապետ (1999-2000 թթ.)                                             ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ

Ազգային ժողովի նախկին
նախագահ (1991-1998թթ.)                                                ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ

«Ազատություն» կուսակցության նախագահ,
վարչապետ (1993-1996 թթ.)                                                ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքա­ցիական
նախաձեռնության գրասենյակի տնօրեն,
ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ (1992-1996 թթ.),
Արտաքին գործերի նախարար (1996-1998 թթ.)            ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ