ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

25 հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների հավաք

 

Հոկտեմբերի 12-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին։ Հավաքի մասնակիցները նաեւ պատրաստակամություն են հայտնել նախագահական առաջիկա ընտրություններում համակողմանի աջակցություն ցուցաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանին։

 

Հավաքում բացման խոսքով հանդես է եկել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։ Ստորեւ ներկայացնում ենք Զեյնալյանի խոսքն ամբողջությամբ. «Տիկնայք եւ պարոնայք. թերեւս ներկաներից յուրաքանչյուրը գիտակցում է, որ մենք կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առաջ եւ որպես քաղաքականությամբ կամ հասարակական գործունեությամբ զբաղվող մարդիկ պատասխանատվություն ենք կրում մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար։ Կարծում եմ, գոնե այս դահլիճում գտնվողները երկրի այսօրվա վիճակի հետ կապված իրար համոզելու շատ  բան չունեն։ Պետք էլ չէ բացատրել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե այն պայքարը, որը մենք մինչեւ այժմ շատ դեպքերում ծավալել ենք անջատ-անջատ, չբերի ակնկալվող արդյունքի։ Մենք նաեւ գիտենք, թե ինչ է հարկավոր անել արդյունքի հասնելու համար` հարկավոր է միավորվել։ Եւ այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ում համար միավորվելու մասին թեզերը ոչ թե ասուլիսային ձեւակերպում են, այլ շատ կոնկրետ, եւ անհապաղ իրագործման ենթակա խնդիր, թեկուզ այդ խնդրի լուծման համար հարկավոր լինի անել դժվար քայլեր, եւ դժվար խոսակցություն ունենալ մեր հանրության եւ ժողովրդի հետ։ Եւ չնայած միավորման առանցքը բոլորիս պատկերացմամբ գաղափարներն են, քաղաքականության մեջ ընդհանրապես եւ նախագահական ընտրություններում մասնավորապես անձերը շատ բան են որոշում։ Եւ մենք` որպես անձեր շատ բան ենք որոշում, որոշում ենք, թե արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում մենք կունենանք միասնական թեկնածու։

 

Այսօր այս դահլիճում հավաքված են քաղաքական եւ հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հրապարակային, կամ էլ քաղաքական մակարդակում դրական են արտահայտվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրապարակային քաղաքական գործունեությունը վերսկսելու փաստի կապակցությամբ եւ ուղղակիորեն կամ անուղղակի պատրաստակամություն են հայտնել աջակցել այդ գործընթացի հետագա ծավալմանը։ Եւ այս հանգամանքը մեզ թույլ է տալիս մեր այսօրվա խոսակցությունը սկսել աշխատանքային մթնոլորտում։ Ինչ վերաբերում է դեռեւս ինչ-որ իմաստով հրատապ այն հարցին, թե արդյոք ՀՀ առաջին նախագահը որպես թեկնածու առաջադրվելու է, թե ոչ` կարծում ենք հարցի պատասխանը քաղաքական գործընթացներն իրենք էլ տալիս են։ Ակնհայտ է, եւ կարծում ենք ձեզնից յուրաքանչյուրը ունի նաեւ տեղեկատվություն, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացումը, եւ հատկապես վերջին քայլերը իշխանական շրջանակներում խուճապին մոտիկ տրամադրություններ են առաջացնում եւ այդ տրամադրությունները վարակի նման տարածվում են։ Ակնհայտ է, որ մենք քոչարյանասերժական վարչակազմից ազատվելու բացառիկ եւ պատմական հնարավորություն ունենք, մեր պետությունը կայուն զարգացման ճանապարհի վրա դնելու, ժողովրդավարությունը որպես այլեւս անշրջելի համակարգ արձանագրելու պատմական շանս։ Կա այդ շանսը իրացնելու ընդունակ քաղաքական լիդեր, մնում է որ ձեւավորվի այդ շանսը իրացնելու ընդունակ հասարակական-քաղաքական թիմ։ Եւ այդ թիմի ձեւավորման գործընթացի մեկնարկն ենք մենք ուզում այսօր ազդարարել։

 

Իսկ սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրվել չառաջադրվելը կախված է նաեւ այստեղ ներկա յուրաքանչյուր քաղաքական, հասարակական կազմակերպությունից, եւ շատ ավելի` նրանց համագործակցելու ընդունակությունից։ Արդեն ասվել է, որ Տեր-Պետրոսյանը չի կարող լինել առանձին վերցրած քաղաքական ուժի, կամ ուժերի թեկնածու։ Բոլորս հասկանում ենք, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է քաղաքացիական նախաձեռնությամբ. նա պետք է դառնա համաժողովրդական թեկնածու, իսկ սա հնարավոր է անել միայն ամենալայն հասարակական-քաղաքական շրջանակների աջակցությունը ստանալու շնորհիվ։

 

Հարց կարող է ծագել` թե որն է մեր այսօրվա հավաքի նպատակը։ Առաջին նպատակը մեր հավաքականությունը, եւ նախագահական առաջիկա ընտրություններում մեր կողմնորոշվածությունը արձանագրելն է։ Երկրորդ նպատակը` որպես հավաքականություն մեր հետագա անելիքների մասին մտքեր փոխանակելը։ Եւ այս իմաստով հարկ է արձանագրել, որ ներկաներից յուրաքանչյուրը ընդհանուր գործին նպաստող ջանք է գործադրում եւ այդ ջանքերը ակնհայտորեն արդյունք են տալիս. երկրում օր օրի քաղաքական իրավիճակ է փոխվում։ Եւ հիմա իրավիճակի այդ փոփոխությունը բեկման վերածելու համար մենք պետք է կարողանանք մեր ուժերը մեկտեղելու մեխանիզմներ ձեւավորել, փոխադարձ շփման որոշակի դաշտ ստեղծել, համատեղ որոշումներ կայացնելու ձեւեր գտնել։ Նման գործառույթներն, իհարկե, լավագույնս ապահովվում են այն կառույցներում, որոնք կոչվում են նախընտրական շտաբ։ Չնայած` տվյալ դեպքում մենք պետք է խոսենք ոչ թե նախընտրական, այլ շատ ավելի մեծ եւ շատ ավելի լայն գործառույթներ ունեցող շտաբի մասին։ Եւ եթե այս գաղափարը ընդունելի լինի ներկաների համար, մեզնից յուրաքանչյուրը պետք է համարվի, պետք է ինքն իրեն համարի այդ քաղաքական շտաբի համահիմնադիր։ Եւ մենք պետք է դառնանք այն միջավայրը, որը դեպի իրեն է ձգում նորանոր ուժերի, որը գեներացնում է քաղաքական գաղափարներ, լուծում մարտավարական եւ ռազմավարական խնդիրներ։ Եւ այսպիսով` մեր թիվ մեկ խնդիրը փոխադարձ ավելի լայն շփումների անհրաժեշտությունն արձանագրելն է, եւ դրա համար պայմաններ ստեղծելը։ Կարծում եմ ճիշտ կլինի շատ կարճ ժամանակահատվածում Երեւանի կենտրոնում ունենալ որեւէ անկախ գրասենյակ, որտեղ մենք ամեն օր կարող ենք հանդիպել իրար, քննարկումներ ծավալել, եւ ուրիշ տարբեր խնդիրներ լուծել (ներկաներից շատերը իրար հետ խոսել են այս թեմայով)։ Կարեւոր է նաեւ այս պրոցեսը հանրապետության մարզեր, Երեւանի տարբեր համայնքներ տեղափոխելը։ Եւ մենք, թերեւս պետք է կարողանան մեր մարդկային ներուժի որոշակի հաշվառում իրականացնել։

 

Բայց սա խնդրի տեխնիկական ձեւակերպումն է. քաղաքական ձեւակերպումն այն է, որ այստեղ ներկա յուրաքանչյուրը, եւ հետագայում այս պրոցեսում ներգրավված յուրաքանչյուրը իրեն պետք է համարի ոչ միայն այդ պրոցեսի մասնակից, այլեւ այդ պրոցեսի տեր։ Մենք պետք է կարողանանք (եւ փառք Աստծո, կարծես թե դա արդեն կայացած փաստ է) մի կողմ դնել բոլոր հնարավոր անձնական հակասությունները, բոլոր հնարավոր անձնական ամբիցիաները, եւ այս պրոցեսի մեջ առաջնորդվել բացառապես մեր իսկ քաղաքացիական շահերով, որովհետեւ մենք այսօր լուծում ենք ոչ թե այն խնդիրը, թե ով կլինի մեր երկրի ապագա նախագահը, այլ այն խնդիրը, թե ինչպիսին կլինի մեր երկրի ապագան։ Այսպիսով, ես առաջարկում եմ, որ մենք հավաքի անունից կոչ հղենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին առ այն, որ նա մասնակցի նախագահական առաջիկա ընտրություններին։ Նաեւ արձանագրենք, որ հավաքի մասնակից կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում ընտրությունների ընթացքում համակողմանի աջակցություն ցուցաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Եթե դեմ չեք, իհարկե եւ եթե քննարկման արդյունքում այլ բան չպարզվի։ Շնորհակալություն»։

 

Հավաքի ընթացքում ելույթ ունեցողները իրենց համաձայնությունն են  արտահայտել Արտակ Զեյնալյանի առաջարկների կապակցությամբ։ Ելույթ են ունեցել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախ