ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուղերձ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Մտահոգություն, տագնապ, ցավ` մեզ համակած հենց այս զգացումներն են պատճառը մեր համախմբման։

 

Մտահոգություն` վտանգված հայրենիքի, պետականության համար, տագնապ` մեր տեսակի կորստյան առումով, ցավ` մեր ժողովրդի համար, որն այսօր չի ապրում իր տառապանքին ու անուրանալի վաստակին վայել ու արժանի կյանքով։ Ներկա իշխանությունները ամեն ինչ անում են` ոչնչացնելու համար քաղաքացիական հասարակության սաղմերը, ստեղծելու միակերպ մտածող հնազանդ հպատակների զանգված։

 

Իրավիճակը հրամայաբար պահանջում է անցյալի եւ ներկայի իմաստավորման ճանապարհով ամբողջացնել եւ հասարակությանը ներկայացնել արդիական, իրատեսական, համակարգված քաղաքական այլընտրանք, բռնել վերելքի դժվարին, բայց պատվաբեր ուղին։

 

Վերելքի ուղին արմատական, համակարգային փոփոխություններ է ենթադրում։ Իսկ այդպիսի փոփոխությունները առանց առաջնորդի չեն կայանում։ Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր վճռականությունը` առաջադրվել որպես ՀՀ Նախագահի թեկնածու եւ կասեցնել երկրի խոտոր ընթացքը։ Եւ մենք համոզված ենք, որ Ձեր առաջնորդությամբ երկրում կատարվելիք բարեփոխումները ստեղծարար եւ կառուցողական կլինեն։

 

Ինչո՞ւ ենք Ձեզ տեսնում այդ պատմական, դժվարին եւ պատասխանատու դերում։ Որովհետեւ հենց Դուք եք եղել Երրորդ հանրապետության բարոյահոգեբանական, քաղաքական ու ռազմական մեր բոլոր հաղթանակների ճարտարապետը։

 

Որովհետեւ Դուք ունեք համակարգից համակարգ երկիրը անցնցում եւ նվազագույն կորուստներով անցկացնելու այնքան անհրաժեշտ կարողությունն ու փորձը։

 

Որովհետեւ ուժին հակադրվելու համար` ուժ է անհրաժեշտ. տվյալ դեպքում, այսօր տիրող բիրտ ուժին կարող է հակադրվել միայն Ձեր ինտելեկտի, քաղաքական պրագմատիզմի, սթափ եւ սրտացավ հաշվարկների ու կանխատեսումների հզոր ուժը։

 

Մենք լավ հիշում ենք նաեւ տարիներ առաջ Ձեր ասածը, որ մեզ սպասում է հուսալի ապագա, բայց այդ ապագան մենք պետք է կերտենք։

 

Այսօր է այդ հուսալի, բարօր, արժանապատիվ ապագան կերտելու պահը։

 

Այլապես ստիպված ենք լինելու կամա թե ակամա խոստովանել, որ մեր ազգային զարթոնքը, անկախության եւ ազատության նվաճումը պարզապես պատահականություններ են եղել, եւ մենք` ազգովի, արժանի չենք դրանց։

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ
ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ
ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆ
ԱԼԻՍ ՇԱՀՄԻՐՅԱՆ-ԴՈՒՐՅԱՆ

 

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՐՈՅԱՆ
ՀՄԱՅԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՆՈՐԱՅՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՄԱՐՏԻՆ ԱՍԼԱՆՅԱՆ
ԱՐԱՄԱՅԻՍ ԱՍԼԱՆՅԱՆ
ԼԵՎՈՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
ԼԵՎՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

ԴԱՎԻԹ Հ. ՄԱԹԵՒՈՍՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԵՔՄԵԶՅԱՆ

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՅԱԱԴՅԱՆ

ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ