|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆԼևոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցություններ, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների պատվիրակների հանրապետական կոնգրեսի կողմից
Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ ձեւավորված համագործակցության մաս են կազմում ամենատարբեր գաղափարախոսություններ եւ քաղաքական հայացքներ դավանող կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, ազատամարտիկներ, գործարարներ, տարբեր մասնագիտության տեր անհատ քաղաքացիներ: Վերջին տարիների համար աննախադեպ համախմբման հիմքում պետության եւ ժողովրդի առաջ ունեցած պատասխանատվության գիտակցումն է, եւ հայրենի երկրի ապագայի նմատմամբ ունեցած մտահոգությունը: Քոչարյանասերժական իշխանության տարիներին Հայաստանում հաստատվել է ավազապետական ռեժիմ, որը իշխանությունը ընկալում է որպես պետությունն ու ժողովրդին հարստահարելու միջոց: Ավազակապետական ռեժիմի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական ծրագրերից եւ հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, վերածվել երրորդ կարգի մի երկրի: Լեռնային Ղարաբաղը զրկվել է բանակցային կողմ լինելու` միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից: Միջազգային հանրությունը սկսել է չընկալել Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտումները: Երկրի տնտեսությունը հայտնվել է փլուզման վտանգի առաջ, արհեստական մենաշնորհները խեղդել են ազատ ձեռներեցությունը, անընդհատ կրճատվում են արտահանման եւ ավելանում` ներմուծման ծավալները, սպառողական գները շարունակում են աճել: Հայաստանում հաստատվել է հարաբերությունների խանական համակարգ, որը հակասում է հայ ժողովրդի մենթալիտետին: Վախի, կասկածամտության, անապահովության մթնոլորտի, մարդու իրավունքների եւ քաղաքացու արժանապատվության համատարած ոտնահարումների հետեւանքով շարունակում է ահագնանալ կործանարար արտագաղթը: Հայաստանի ազատատենչ ժողովուրդը այլեւս չի կարող հանդուրժել ավազակապետական ռեժիմի գոյությունը, քանզի այն մեր հայրենիքը տանում է դեպի կործանում, մեր երեխաներին զրկում ապագայի նկատմամբ ունեցած հավատից: Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի նպատակը ժողովրդի վստահության վերականգնումն է սեփական ուժերի նկատմամբ, քաղաքացու իշխանության հաստատումը, Հայաստանի հզորացումը, Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը: Մենք համոզված ենք, որ 2008թ. նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը երկրում որակական փոփոխությունների հասնելու միակ ճանապարհն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ թեկնածուն է, որ ի վիճակի է համախմբել երկրի ապագայով մտահոգ ուժերին, տեր կանգնել ժողովրդի ընտրությանը եւ իր հսկայական քաղաքական փորձը ներդնել ի նպաստ Հայաստանի, Ղարաբաղի եւ համայն հայ ժողովրդի բարօրության: Սիրելի հայրենակիցներ. Հայաստանում ձեւավորվել է համաժողովրդական շարժում, որի վճռականությունը պսակվելու է հաղթանակով: Դա լինելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակը: Ավազակապետական ռեժիմը խուճապի է մատնված: Ժողովրդին ահաբեկված պահելու նրա հուսահատ փորձերը դատապարտված են ձախողման: Հայ ժողովուրդը քաղաքացիական զարթոնք է ապրում: Ոչինչ չի կարող կասեցնել ժողովրդական կամքի հաղթական ընթացքը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք անում միանալ համաժողովրդական շարժմանը, մասնակցել համաժողովրդական հաղթանակի կերտմանը` հանուն սերունդների առաջ ունեցած պատասխանատվության: Հաղթանակ Հայաստանին, Հաղթանակ ժողովրդին, Հաղթանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին: ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ 22.12.07 |
|||||||||