ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժառանգությունն» ուղղում է մտցնում կոալիցիայի հայտարարության մեջ

«Ժառանգություն» կուսակցությունը` ի գիտություն ընդունելով իշխող կոալիցիայի 4 կուսակցությունների մայիսի 4-ի ընդհանուր հայտարարությունը, միաժամանակ պահանջում է անհապաղ ուղղում մտցնել փաստաթղթի կետերից մեկում, որն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը եւ հատվածապաշտական ու մոլորեցնող բնույթ ունի:

Եթե կոալիցիոն կուսակցությունների իրական նպատակը լիներ հանրությանն ամբողջական ճշմարտության ներկայացումը եւ քաղաքական երկխոսության համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումը, ապա նրանք սույն հայտարարության մեջ հանիրավի չէին «հոլովի» Րա‎ֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» անունը:

«Ժառանգությունը» գնահատում է կոալիցիայի` գործընկերային մասնակցության հրավերը, սակայն լուրջ չի համարում, երբ իշխանությունը կամ նրա լիազոր ներկայացուցիչները մերկապարանոց ոճով շեշտում են անկեղծ երկխոսության հրամայականը, իսկ հետո ԶԼՄ-ներով հնչեցնում վիճահարույց մեկնաբանություններ, որոնք միտված են քողարկել ստանձնած պարտավորությունների մակերեսային ընկալումը եւ հանգեցնել այնպիսի իրականության մատուցմանը, որն ամենալավատեսական գնահատանքի պարագայում անգամ որեւէ աղերս չունի իրենց ասածների հետ:

Տասն օր առաջ, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հեռախոսազանգով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րա‎ֆֆի Կ. Հովհաննիսյանին խնդրեց համաձայնել ընդգրկվելու նախագահի կարգադրությամբ ձեւավորվող միջգերատեսչական աշխատանքային խմբում, որը պետք է մինչեւ մայիսի 10-ը ԵԽԽՎ 1609-րդ բանաձեւի հետ կապված առաջարկների ցուցակ ներկայացնի նախագահին, Հովհաննիսյանն ի թիվս այլ հանգամանքների տեղեկացրեց, որ ընտանեկան եւ մասնագիտական պատճառներով ինքն այդ օրերին Հայաստանում չի լինելու: Այդուհանդերձ` «Ժառանգության» ղեկավարը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում անմիջական ու իմաստալից երկխոսության մեջ մտնել նախագահի եւ նրա աշխատանքային խմբի հետ: Ավելին` խմբի ամենօրյա աշխատանքներին մասնակցելու համար «Ժառանգության» վարչությունը Հովհաննիսյանի փոխարեն առաջարկեց խմբակցության քարտուղար Ստեփան Սա‎ֆարյանին, ում փաստորեն մերժեցին:

Իհարկե, կոալիցիան եւ նրա հայտարարությունների հեղինակներն ազատ են գրելու այն, ինչ ցանկանում են: Բայց եթե սկզբունքայնությունը ոչ մի արժեք չունի եւ եթե միակ նպատակը պարզապես Ստրասբուրգ տանելու համար պաշտոնական, սակայն մեռելածին մի արձանագրություն ստեղծելն է, ապա նրանք Րա‎ֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը» թող հեռու պահեն դրանից: Ինչպես, երբ եւ որտեղ աշխատելու հարցում «Ժառանգությունն» անհարկի եւ ինքնանպատակ քարոզների կարիք չունի:
 
Այս ամենով հանդերձ` եթե ԵԽԽՎ համապատասխան բանաձեւի եւ նրանում ներառված պահանջների (որի օգտին նրա բոլոր պատվիրակները քվեարկել էին) վերաբերյալ կոալիցիայի հայտարարության մեջ կա ներկա ճգնաժամի լրջության հստակ ըմբռնում, ապա «Ժառանգությունը» պատրաստ է հավատով բանակցելու կոալիցիայի եւ նրա ղեկավարի հետ` Հայաստանի եւ մեր ժողովրդի իրական ազգային վերածննդի ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հավատով եւ բարի կամքով:

«Ժառանգություն» կուսակցություն
6 մայիսի 2008
Երեւան