ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱԾ ԵՄ»

Հունվար 11-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին հարյուրից ավելի լրագրողներ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների ներկայացուցիչներ Երեւանից ու հանրապետության ողջ տարածքից: Ասուլիսը տեւեց շուրջ մեկուկես ժամ, որի ընթացքում առաջին նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

Մոտ տասը տարվա ընդմիջումից հետո երեկ ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց լրագրողների հետ:

 

Մոտ 1,5 ժամ տեւած ասուլիսի ժամանակ խիստ աշխուժություն մտցրեց ռուսական «Ռեգնում» գործակալության լրագրողի հետ կատարվածը: Երբ լրագրողը ցանկանում էր հարց ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, առաջին մի քանի բառերն ասելուց հետո փռշտաց: Իսկ նա ասում էր. «Պարոն նախագահ, ձեր ընտրվելու դեպքում...», ու փռշտոց: «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում ներկա գտնվողները երկար ժամանակ ծիծաղում եւ ծափ էին տալիս: Իսկ լրագրողը հարցնում էր, թե նախագահ ընտրվելու դեպքում` Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս է կառուցելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ արդյո՞ք նա պատրաստվում է մինչեւ նախագահական ընտրություններն այցելել այդ երկիր: Այդ հարցին ի պատասխան առաջին նախագահն ասաց. «Ես որեւէ տեղից տղա չեմ բերելու: Սա մոռացեք: Դա իմ ոճը չէ: Ո՛չ Ռուսաստանին կդիմեմ օգնության, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային. ոչ մեկին: Ես դրսի աջակցության կարիքը չունեմ: Դրսից ինձ տրված իշխանությունը պետք չէ: Եթե սկուտեղի վրա ինձ իշխանություն բերեն Ռուսաստանից, Ամերիկայից, չգիտեմ որեւէ այլ երկրից, ես այդ սկուտեղին մի հատ էլ ծաղիկ կավելացնեմ, ետ կվերադարձնեմ իրենց: Ինձ պիտի ընտրի իմ ժողովուրդը: Եւ աշխարհը պիտի հաշվի նստի իմ ժողովրդի ընտրության հետ»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ռուսաստանին ապացուցելու ոչինչ չունի, եւ ասաց, որ 8 տարի եղել է իշխանության, եւ այդ տարիներին Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցել է ամենահավասարակշիռ, արժանապատիվ, կոռեկտ, պարտնյորական հարաբերություններ, չի եղել վասալի եւ սյուզերենի հարաբերություն: Առաջին նախագահը շեշտեց, որ իր իշխանության տարիներին իրականացված արտաքին քաղաքականության մեջ ամենակոռեկտ, պարկեշտ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եղել են Ռուսաստանի հետ, եւ դրանից շահել են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը: «Հարաբերություններն անկեղծ, փոխշահավետ եւ փոխադարձ հարգանքի վրա են հիմնված լինում միայն այն դեպքում, երբ դրանցից շահում են երկուսը: Դա է եղել մեր սկզբունքը, եւ ես բացարձակապես չեմ կասկածում, որ իմ իշխանության գալու պարագայում այս նույն ավանդույթը ոչ միայն կշարունակվի, այլ ավելի կխորանա»,- ասաց առաջին նախագահը: Լրագրողներից մեկը նշեց, որ դատելով Սերժ Սարգսյանին սատարող ուժերի հայտարարություններից` արդեն ձեւավորվում է ընտրությունների պատկերը, եւ անկախ ընտրությունների իրական ելքից, արդեն հայտարարվում է, որ Սերժ Սարգսյանը կստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, եւ անգամ 2-րդ փուլի տարբերակով իրենց մրցակիցը կլինի իրենց շատ ավելի հարմար թեկնածու, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն է: «Այս պարագայում ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու» հարցին առաջին նախագահը պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանի սցենարները չեմ մեկնաբանում: Ես ունեմ իմ սցենարը: Ես իրականացնելու եմ իմ սցենարը: Համոզված եմ` այդ սցենարը հաջողվում է, եւ եթե մյուսները ասում են` հաղթելու ենք, ես ասում եմ` արդեն հաղթած եմ»: Ավելին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ուժային կառույցները` ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հարկային ծառայությունը, 10-20 օր հետո բացարձակապես չեն ենթարկվելու Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Անգամ Հանրային հեռուստատեսությունում, ըստ նրա, լինելու են դիսիդենտներ: «Կտեսնեք, 10-20 օր հետո այնպիսի գեղեցիկ մարդիկ են այնտեղ հայտնվելու»,- ասում էր նա: Իսկ ինչպե՞ս է առաջին նախագահը տեր կանգնելու իր ձայներին, եթե ընտրությունները գործող իշխանությունը փորձի կրկին կեղծել: Առաջին նախագահն ասաց, որ դրա համար կա պետություն, կա դատախազություն, կա ԿԸՀ: «Նրանց գործն ի՞նչն է: Նրանց գործն է` տեր կանգնել ժողովրդի ձայներին: Ինչ վերաբերում է ինձ` ի՞նչ եմ ես անելու, եթե տեսնեմ, որ փետրվարի 20-ին ընտրությունները կեղծվելու են. շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենքներին, միջազգային օրենսդրությանը` ես անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը: Բոլոր` ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ: Սա է լինելու իմ ճանապարհը»,- ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երեկ նա կրկին հայտարարեց, որ այսօր գործող համակարգն ազգակործան համակարգ է, եւ դրա բոլոր պատասխանատուները պետք է համապատասխանաբար գնահատվեն, այսօր` քաղաքական լեզվով, վաղը` իրավական, այսինքն` դատարաններում: Նա, իհարկե, կրկին հիշեցրեց, որ վհուկների որս տեղի չի ունենալու, եւ սեփականության վերաբաշխում եւս տեղի չի ունենա: «Սրանք դատարկ խոսքեր չեն: Առաջին հերթին, երբ ես ասում եմ` պետք է կիրառենք օրինականությունը, դա վերաբերում է պետական պաշտոնյաներին: Եթե որեւէ նախարար իր նախարարության ընթացքում որեւէ ընկերությունում բաժին է ձեռք բերել, որեւէ սեփականության, որեւէ հանքի է տիրել, այս նախարարը ոչ միայն իրավունք չունի աշխատելու, նա անպայման դատվելու է»,- ասում էր նախագահը: Ինչ վերաբերում է ձեռնարկատերերին, այստեղ, ըստ նրա, թեեւ ենթադրվում է, որ կարող է տեղի ունենալ սեփականության վերաբաշխում, բայց այստեղ էլ չի լինելու: «Եթե որեւէ գործատեր անօրինական գործարքի հիման վրա տիրել է ինչ-որ սեփականության, այդ սեփականությունը նրանից չի կարող խլվել: Դա միայն դատարանը կարող է որոշել: Բայց այն պետական պաշտոնյան, այն նախարարը, վարչական այն օղակը, որն իրականացրել է այդ գործարքը, նա պիտի պատժվի: Նա պիտի կանգի դատարանի առաջ` քաղաքապետ կլինի, նախարար կլինի, չգիտեմ. որի ստորագրությամբ տեղի է ունեցել սեփականաշնորհման, վաճառքի, աճուրդի որեւէ անօրինական գործարք, նա պիտի պատասխան տա»,- խոստանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա խոստացավ, որ իրեն առաջիկա ընտրություններում վստահելու դեպքում` ընդամենը 2 տարի հետո մենք կունենանք ուրիշ պետություն, որտեղ կոռուպցիոն համակարգ չի լինի: Եւ, ըստ նրա, որեւէ այլ իշխանության պարագայում էլ չի լինի այն, ինչ եղել է այս 10 տարիների ընթացքում: «Սա մի ազգային աղետ է, որը բոլոր ազգերն այս կամ այն չափով ապրել են: Ռուսաստանն ապրել է ստալինիզմի շրջան, Գերմանիան ապրել է հիտլերիզմի շրջան, մենք ապրում ենք ռոբերտասերժիզմի շրջան: Սա էլ է անցնելու»,- խոստանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

«Հայլուրը» երեկվա ասուլիսի ժամանակ հարց տվեց 96 թվականի ընտրությունների մասին, որոնք, ըստ Վազգեն Մանուկյանի, կեղծված են, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտք ունի վերադարձնելու այս ժողովրդին: Ու «Հայլուրի» լրագրողը հարցնում էր, թե արդյո՞ք առաջին նախագահը չի պատրաստվում վերադարձնել այդ պարտքը եւ առաջիկա ընտրություններում պաշտպանել Վազգեն Մանուկյանին: «Որ Վազգեն Մանուկյանը համոզված է եւ կարծում է` 96 թվականին ինքն ընտրվել է նախագահ, ես հարգում եմ նրա համոզմունքը եւ կարծիքը: Թող այդպես էլ համոզված մնա ու կարծի: Բայց քաղաքականությունը կարծիք չէ, համոզմունք չէ: Քաղաքականությունն իրավական պրոցես է եւ կապված է պետության հետ»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ Վազգեն Մանուկյանը 96 թվականի ընտրություններից հետո դիմել էր ՍԴ, ներկայացրել էր 1000-ից ավելի արձանագրություն տեղամասերից (տեղամասերի ընդհանուր թիվը եղել է 1600)` համոզված լինելով, որ այդ արձանագրություններով ապացուցվում է, որ ընտրությունները կեղծվել են: Բայց ներկայացված արձանագրություններից, ինչպես ասում էր առաջին նախագահը, միայն մի փոքր մասի մեջ են եղել թվական անճշտություններ ու անճշտություններ ոչ թե այս կամ այն թեկնածուին տրված ձայների, այլ բոլորովին ուրիշ տվյալների մասով: Այդպիսի անճշտություններ, ըստ նախագահի, բոլոր ընտրություններում լինում են հազարներով: «Այսինքն` իմ մրցակիցը որեւէ ապացույց չի կարողացել բերել, որ այդ ընտրությունները կեղծված են»,- ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Երեկվա ասուլիսում նա անդրադարձավ նաեւ Դաշնակցությանը: Ընդունելով, որ իր իշխանության ժամանակ կուսակցություն եւ թերթեր են փակվել, առաջին նախագահը նշեց, սակայն, որ դա դեռ հանցագործություն չէ: «Պիտի պարզվի, թե ինչի համար են փակվել եւ օրենքո՞վ են փակվել, թե՞ ոչ»,- ասում էր առաջին նախագահը: Նախ, նա հիշեցրեց, որ աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ, որտեղ նախատեսված են դեպքեր` կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու մասին, եւ շատ երկրներում փակվել են կուսակցություններ` Գերմանիա, Իսպանիա եւ այլն: «Մենք ունեինք օրենք, որ եթե կուսակցությունը խախտում է այդ օրենքը, կարող է փակվել: Մի քիչ տերմինների խառնաշփոթ է: Դաշնակցությունը չի փակվել»,- ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, Դաշնակցության գործունեությունն ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է, եւ տրվել է 6 ամիս ժամանակ` ըստ օրենքի ՀՅԴ գործունեությունը ՀՀ գործող օրենքին համապատասխանեցնելու համար: Իսկ մեր օրենքում գրված է, որ կուսակցության ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից, այնինչ ՀՅԴ ղեկավար կազմի մեծ մասն օտարերկրացիներ էին: Բայց քանի որ Դաշնակցությունը 6 ամսում իր գործունեությունը չի համապատասխանեցրել գործող օրենքին, եղել է դատ:

 

Առաջին նախագահն ասում էր, որ դատարանը ՀՅԴ-ին ո՛չ նարկոբիզնեսի, ո՛չ ահաբեկչության մեղադրանք չի ներկայացրել, ինչպես տարածում են շատերը: ««Դրոյի դատավարության» վերաբերյալ, երբ էլի խոսում են, թե դատարանը չապացուցեց Դաշնակցության մեղքը, Դաշնակցության նկատմամբ այդ դատավարությունը որեւէ մեղադրանք չի ներկայացրել: Այդպիսի հոդված չի եղել: Մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար: Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում»,- ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ասաց նաեւ, որ 1997 թվականին իր անձնական նախաձեռնությամբ ՀՅԴ-ի հետ բանակցություններ են սկսվել` իրավական լուծումներ գտնելու եւ ՀՅԴ գործունեությունը վերականգնելու համար: Իշխանափոխության պատճառով, սակայն, այդ պրոցեսն ինքը չի հասցրել ավարտին:

 

Ի դեպ, հետաքրքիր է, որ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա իշխանությունների մասին արդեն խոսում էր անցյալ ժամանակով` անվանելով նրանց նախկին իշխանություն: Երբ լրագրողը նկատեց դա, առաջին նախագահն ասաց. «Դրանք արդեն նախկին են դառնում, չէ՞, իմ հաղթանակից հետո»: 

 

Հ.Գ. Լրագրողի այն նկատառումից հետո, թե գործող իշխանության վերնախավն այսօր սպառնում է ներքին եւ վերին օղակների պաշտոնյաներին, ծառայողներին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալու դեպքում` իրենք բոլորը կմնան գործազուրկ, առաջին նախագահն ասաց. «Պետության ժառանգականությունը պետք է պահպանվի, իսկ պետական ժառանգականության ամենակարեւոր ատրիբուտներից մեկն էլ բյուրոկրատիան է: Առանց դրա պետություն չկա: Մնացածը քաղաքական գլուխն է, բայց առանց վարչական պրոֆեսիոնալների որեւէ մեկը չի կարող»: Նա նշեց, որ միջին խավի չինովնիկներն իր նախագահ դառնալուց վախենալու որեւէ բան չունեն:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հայկական Ժամանակ 12.01.2008
www.hzh.am