ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՀԵՏ

Հուլիսի 14-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արման Գրիգորյանը և Ավետիս Ավագյանը: Պարոն Համմարբերգին ուղեկցել են ԵԽ ՄԻ հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գեսսելը, գրասենյակի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, միջազգային փորձագետ, նախկին դատավոր Յոհան Հիրշֆելդը (Շվեդիա): Պարոն Համմարբերգն   առաջին նախագահին ներկայացրեց իր առաքելության գլխավոր երկու ուղղությունները, որոնք են` մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի անկախության և վստահելիության ուսումնասիրությունը, ինչպես նաև քաղբանտարկյալներին և մարտի 1-ին հաջորդած ձերբակալություններին առնչվող գործընթացների ողջ շրջանակը: Առաջին նախագահն իր խոսքում նշեց, որ մարտի 1-ից հետո ընդդիմության դեմ ձեռնարկված զանգվածային հալածանքների հիմք է ծառայել վերջերս իր կողմից հրապարակված, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի` հանրապետության բոլոր դատախազներին ուղարկված ապօրինի հանձնարարականը, որի հիման վրա ընդդիմության հազարավոր աջակիցներ ենթարկվել են ահաբեկումների, ծեծի, ձերբակալումների և այլօրինակ հալածանքների: Հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկեցին քաղբանտարկյալներին առնչվող հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին և ազատություններին վերաբերող խնդիրներ: