ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿՈՉ

«Հայ Կամավորականների Համախմբման» համակարգող խորհուրդ

 

Հետևելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007թ սեպտեմբերի 21-ից հետո կատարած քայլերին, մենք համոզվեցինք, որ նա ասպարեզ է եկել նոր շնչով ու երկրի ցավերով մտահոգ նոր խոհեմությամբ: Նրա խոսքում կա ճշմարտությունն ասելու խիզախություն, համոզիչ վճռականություն և իմաստնություն:


Ակնհայտ է, որ առաջին նախագահը դարձել է իշխանական հրեշավոր ռեժիմի լուծը թոթափելու նպատակով հայ հանրության տարբեր շերտերի անհրաժեշտ համախմբման կարևորագույն և միակ գործոնը: Անշուշտ, նրա նախաձեռնած համաժողովրդական շարժումն օրեցօր կհզորանա բոլորիս մասնակցությամբ: Մեր հավաքական ջանքերով ու նվիրումով, ի վերջո, երկրում կկարողանանք հաստատել սահմանադրական կարգ, վերականգնել հայ մարդու հավատը, հույսը, սերը Հայոց պետության հանդեպ:


Իրավիճակը հրամայաբար պահանջում է, որ յուրաքանչյուրս գիտակցի իր բաժին ազգային պատասխանատվությունը և առաջիկա Պայքարում ներդնի իրենից կախված առավելագույնը: Մեր ժողովուրդը, հենված իր հոգևոր ու մշակութային արժեքներին, իր հայրենիքում պետք է ունենա արժանապատիվ ապրելու, հարատևելու և արարելու հնարավորություն: Ինչպես միասնական կամք դրսևորելով մենք կարողացանք հաղթել Արցախյան Ազատամարտում, նույնպես և այսօր ազգովին պետք է վերահաստատենք մեր հավատի զորությունը, միասնությունն ու անխախտ վճռականությունը:

 

Գիտակցելով հանդերձ, որ ապագա հոգևոր, բարոյական Հայաստանի կերտման մեր պատկերացումները որոշակիորեն տարբերվում են Տեր-Պետրոսյանի մոտեցումներից ու ծրագրերից, միևնույն է, մենք զորակցելու ենք նրան համոզված լինելով, որ ներկա հակահայ վարչախմբի ճիրաններից ազատվելուց հետո միայն կարող ենք իրականացնել մեր գաղափարական նպատակները:

 

Ուստի մեր երկրի նվիրյալ զավակներին կոչ ենք անում մի կողմ դնել գաղափարական, քաղաքական տարաձայնությունները և գործը հաղթական ավարտին հասցնելու համար համախմբվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը և ակտիվորեն մասնակցել նրա առաջնորդած համաժողովրդական շարժմանը:


«Հայ Կամավորականների Համախմբման»
համակարգող խորհուրդ

Ժիրայր Սէ‎ֆիլյան
Վարդան Անդրանիկի Մալխասյան
Արմեն Եղյան
Սամվել Հարությունյան
Սարգիս Բաղումյան
Ռոբերտ Հայրումյան
Վարդան Քանքարյան
Վարդան Երվանդի Մալխասյան
Պետրոս Զուռնաչյան

15 հունվարի 2008թ.