ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՍԵԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ
«Հայ Ազգային Կոնգրես» համաժողովրդական շարժումը խորապես անհանգստացած է հարեւան Վրաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում մեր երկրի համար արդեն իսկ առաջացած, ինչպես նաեւ իրադարձությունների հնարավոր ոչ ցանկալի զարգացման պարագայում քաղաքական, սոցիալական եւ հումանիտար նոր բացասական հետեւանքներով։ Երբ երկիրն ակնհայտ մարտահրավերի ու դրանց հաղթահարման խնդիրների առջեւ է, տարօրինակ է գործող իշխանության մարմինների ոչ համարժեք, տարակուսելի պահվածքը, ինչի ամենացայտուն արտահայտությունը Սերժ Սարգսյանի տեւական բացակայությունն է, անվրդով հանգիստը Չինաստանում։ Դատապարտելով վտանգաշատ այս անգործությունը, Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի դե ֆակտո իշխանությունից պահաջում է անհապաղ ձեռնարկել հետեւյալ միջոցառումները.
- Պետական մակարդակով ցավակցություն հայտնել հակամարտության հետեւանքով առկա զոհերի կապակցությամբ;
- Հանդես գալ միջազգային հանրության կողմից նախաձեռնած միջնորդական ջանքերին սատարելու հայտարարությամբ: Դրանում հարկ է նաեւ ընդգծել ուժի կիրառման միջոցով ազգամիջյան վեճերը կարգավորելու անթույլատրելիությունը;
- Հայտարարել հակամարտության հետեւանքով տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու պատրստակամության մասին;
- Անհապաղ պատրաստակամություն հայտնել երկու կողմերի տուժած, բժշկական օգնության կարիք ունեցողներին Հայաստանում ընդունելու` համապատասխան բժշկական եւ այլ օժանդակութուն տրամադրելու նպատակով: Պատրաստակամություն հայտնել տեղերում կազմակերպելու մասնագիտական փրկարար եւ բժշկական օգնություն;
- Անհապաղ նախաձեռնել ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների այց Ռուսաստան եւ Վրաստան` Հայաստանի արտաքին մատակարարումների անխափան ընթացքի ապահովման նպատակով համապատասխան կառույցների հետ աշխատելու համար:
- Ապահովել Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը պետության հաշվին (մինչ այժմ դա արվել է քաղաքացիների հաշվին, երբեմն 3-4 անգամ ավելի թանկ գնով);
- Սահմանային կետերում անհարկի կուտակումներից եւ քաղաքացիներին անհարմարություններ պատճառելուց խուսափելու նպատակով ժամանակավորապես մտցնել սահմանի հատման առավել ինտենսիվ եւ պարզեցված ընթացակարգ;
- Մինչեւ խաթարված ենթակառույցների ամբողջական վերականգնումը, հանդես գալ Կարս-Գյումրի երկաթուղու ժամանակավոր ապաշրջափակման կոչով:
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համարժեք գնահատականների հիման վրա համալիր նախաձեռնողական գործողությունների մշակում եւ իրագործում: Հակառակ դեպքում Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի, ինչպես նաեւ հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ մեր հարաբերությունների վատթարացման ողջ պատասխանատվությունը կընկնի իշխող վարչախմբի վրա։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Կենտրոնական Գրասենյակ
|