ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Ազգային ժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նստաշրջանում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին մի օրինագիծ։
Այն նախատեսում է լճից տարեկան բաց թողնվող ջրի ծավալի շեշտակի ավելացում. 240 մլն խորանարդ մետրի փոխարեն 360 մլն խորանարդ մետր: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է Սեւանի վրա. հունիսի 10-ին արդեն իսկ նմանօրինակ մի որոշմամբ լճից տարեկան բաց թողնվող ջրի ծավալը 170 միլիոն խ.մ-ից ավելացվել է՝ հասցնելով 240 միլիոնի։ Օրինագիծը լուրջ անհանգստություն է առաջացրել հասարակության, Սեւանի բնապահպանական խնդիրներով մտահոգված կազմակերպությունների շրջանում: Խնդիրն իրականում շատ ավելի կարեւոր է։ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
• Սեւանա լիճը, հայ ժողովրդի ամենամեծ հարստություններից մեկն է։ Նրա մակարդակի իջեցումը հանցագործություն է։ Անգամ Խորհրդային Միությունը գիտակցեց ժամանակին կատարած իր սխալը եւ բազմածախս թունելներ կառուցեց լճի մակարդակը բարձրացնելու համար։ Քաղցրահամ ջրի համաշխարհային մասշտաբով անգամ աննախադեպ մեծ այս պաշարը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, մանավանդ, երբ աշխարհում աստիճանաբար հիմնական խնդիրներից մեկն է դառնում խմելու ջրի հիմնահարցը։ Այսինքն՝ Սեւանին առանչվող ցանկացած հարց կամ նախագիծ պետք է ստորադասվի նրա մակարդակի պահպանման եւ բարձրացման հիմնական խնդրին՝ բացառությամբ էքստրեմալ պայմաններում դրանից օգտվելու անհրաժեշտության։
• ԱԺ ներկայացված օրինագծում հիմնավորումները մտացածին են։ Իսպառ բացակայում են բնապահպանական խնդիրներին վերաբերող փորձագիտական գնահատականները: Անընդունելի է ազգային ռազմավարական կարևորության նման հարցի լուծումը առանց լուրջ մասնագիտական և հասարակական բաց քննարկումների: Սեւանի մակարդակի բարձրացման ծրագրից փաստացի հրաժարումը, բազմաթիվ մասնագետների գնահատականներով, կործանարար հետեանքներ կունենա բնապահպանական խնդիրների առումով:
• Ընդհանուր առմամբ մութ են մնում հսկայածավալ ջրի բացթողմամբ Սեւանի մակարդակը մոտ 40 սմ-ով իջեցնելու այս ծրագիրը։ Հիդրոկայաններում էժան էլեկտրաէներգիա ստանալով բյուջեի պակասը լրացնելու առումով այն չնչին արդյունք կարող է տալ։ Գյուղատնտեսության մեջ ոռոգման ջրի օգտագործման պիկը վաղուց անցել է։ Մնում է ենթադրել, որ հանցավոր այս քայլը կատարվում է ինչ-որ մարդկանց կամ մարդկանց խմբերի անհատական շահերից ելնելով։
• Սևանի նախագծային մակարդակով բարձրացմանը չեն կարող խոչընդոտել առափնյա կառույցների գոյությունը, որոնք կարող են հայտնվել ջրի տակ։ Եթե դրանց համար ժամանակին կատարվել են ապօրինի հողահատկացումներ, ապա պատասխան պետք է տան մեղավորները, իսկ օրինական շինությունների դիմաց դրանց տերերը պետք է համարժեք փոխհատուցում ստանան։ Ոչ մեկի անձնական շահը կամ բիզնեսը չի կարող գերադասվել համաժողովրդական հարստությանը՝ Սեւանա լճին ու նրա հետ կապված բնապահպանական խնդիրներին։
Ելնելով վերոշարադրյալից` Հայ Ազգային Կոնգրեսը իշխանություններից պահանջում է դադարեցնել նշված օրինագծի քննարկումը խորհրդարանում, Սեւանա լճին վերաբերող որեւէ օրինագիծ շրջանառության մեջ դնել միմիայն լուրջ բնապահպանակն փորձագիտության հիման վրա եւ հասարակական շահագրգիռ ու բաց քննարկումից հետո:
|