ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ինչպես եւ սպասվում էր եւ բազմիցս զգուշացվել է Համաժողովրդական շարժման փաստաթղթերում, այսպես կոչված «ստվերային տնտեսության» դեմ վարչախմբի պայքարը այլ բան չէր լինելու, քան հարձակում միջին ու մանր գործարարների եւ, անուղղակիորեն, ամբողջ բնակչության վրա։ Ավազակապետության պարագլուխները ոչ մի կերպ չեն կարող դիպչել ապօրինի մենաշնորհների վրա հենված իրենց պատվանդան հանդիսացող օլիգարխների, առավել եւս՝ սեփական բիզնեսին։ Դրա ապացույցն է վարչախմբի հերթական հակաժողովրդական քայլը, որով փոփոխություններ են կատարվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում։

 Օրենքի նախագծի համաձայն 2009թ. հունվարի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է դառնում նաեւ առեւտրի կենտրոններում (տոնավաճառներում) վաճառատեղերի միջոցով վաճառք իրականացնելիս։ Միեւնույն ժամանակ նախատեսվում են խստացնել պատժամիջոցները։

Հայ Ազգային Կոնգրեսն այս կապակցությամբ հայտարարում է.

ա) Հայաստանը կանգնած է լայնածավալ համապարփակ հարկային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության առաջ, որոնց հիմքում սակայն պետք է ընկած լինի առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը ու տրամաբանական հերթագայությունը։ Այդ բարեփոխումները պետք է սկսել նախ եւ առաջ երկրի տնտեսությունն ու զարգացումը խեղդող տնտեսական մենաշնորհներից ազատվելով, ապա միայն անցնել միջին ու մանր բիզնեսի կարգավորմանը։

բ) Տնտեսական քաղաքականության ձախողման հետեւանքով հարկային եկամուտների կրճատման պամաններում վարչախումբը որդեգրել է փոքր բիզնեսի դեմ հարկային աննախադեպ տեռորի իրականացման ուղին։

գ) Հարկային բարեփոխումներն առաջին հերթին պետք է ուղղվեն իշխանությունը զավթած վարչախմբի մաս կազմող կամ նրանց հետ սերտաճած օլիգարխների բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելուն, մի բան, որ ներկա վարչախումբը ոչ մի կերպ չի կարող անել, քանզի նաեւ այս ճանապարհով է գոյանում հանցավոր վարչախմբի պահպանման համար անհրաժեշտ ստվերային բյուջեն։ Դրանով նա կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Եւ իրոք, այս ոլորտում ճիշտ հակառակ միտումն է նկատվում. կառավարության «բարեշրջումների» արդյունքում 2008 թ. երկրորդ եռամսյակում 20 խոշոր հարկատուների կողմից վճարված ուղղակի հարկերը 1-ին եռամսյակի համեմատ նվազել են 541 միլիոն դրամով։

դ) Մանր բիզնեսի այն ոլորտում, որտեղ նախատեսվում են ՀԴՄ-ի ներդրում, այսօր աշխատում է ավելի քան 30.000 փոքր ձեռնարկատեր, որոնց ընտանիքների կենսապահովման միակ աղբյուրը այդ գործունեությունն է։ Քանի դեռ հարկային բնագավառում չեն արվել առավել առաջնահերթ բարեփոխումներ, նրանք կարող են աշխատել միայն հաստատագրված հարկի սկզբունքով։ Առանձին այս օղակում ՀԴՄ-ների ներդրումը մի կողմից կխափանի նրանց գործունեությունը, մյուս կողմից՝ կառաջացնի գների աճ։

Հայ Ազգային Կոնգրեսը կառավարության այս նախաձեռնությունը համարում է ոչ թե բարեփոխում, այլ բարեփոխման հերթական մի իմիտացիա, ինչը ճակատագրական նշանակություն կունենա հազարավոր ընտանիքների համար եւ հղի է սոցիալական ծանր հետեւանքներով։ Կոնգրեսը պահանջում է անհապաղ ետ վերցնել նշված օրենքի նախագիծը։ Հակառակ դեպքում կառավարությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ ոչ մի կապ չունեցող հանցավոր օլիգարխիայի շահերի սպասարկուն է։