ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՉ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օգոստոսի 18-ի ուշ երեկոյան հարձակման և ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Լրագրողի նկատմամբ հաշվեհարդարը տեղի է ունեցել ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող սպառնալիքների ներքո:

Բնական է, որ «Ազատություն» ռադիոկայանը, լինելով անկախ լրատվության կղզյակ ամբողջությամբ վերահսկվող էլեկտրոնային լրատվամիջոցների մեր այսօրվա միջավայրում, սարսափեցնում է իշխող վարչախմբին իր անաչառ տեղեկատվությամբ: Հատկապես հետմարտիմեկյան լրատվական շրջափակման մեջ «Ազատությունը» հասարակության լայն շերտերի համար դարձավ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու եթե ոչ միակ, ապա հազվագյուտ աղբյուրներից մեկը:

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը, դատապարտելով այսօրինակ ոտնձգությունը լրատվամիջոցի և լրագրողի հանդեպ և համարելով այն քաղաքական պատվեր, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ահաբեկումների շղթայի մեկ մաս, հայտարարում է, որ.

-    ռեժիմը, սարսափած լինելով անաչառ և ճշմարիտ խոսքի տարածումից, փորձում է ահագնացնել ճնշումներն ու ահաբեկումները լրատվական աշխարհի վրա,
-    հանցագործության բոլոր պատասխանատուները, կազմակերպիչներից մինչև իրականացնողներ, վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առաջ:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ