ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Օգոստոսի 25-ին ժամը 10:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկանության եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի մեծ խումբ՝ միասին մոտ 100 հոգի, և այնտեղից առևանգել են պողոտայում տեղադրված բոլոր ստենդները եւ պաստառները` ջարդելով և պատառոտելով դրանք: Այս ամենն ուղեկցվել է լկտի պահվածքով և փողոցային հայհոյանքներով:

Գտնվելով ներքին բզկտոցների ու ճգնաժամի մեջ, վարչախումբը սարսափած  է Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող նստացույցի աճող հեղինակությունից և արդյունավետությունից: Պատանդ պահելով 76 քաղբանտարկյալների` այժմ իշխանությունները վախկոտաբար կռվի են բռնվել նրանց նկարների եւ հանրությանը ներկայացվող ճշմարիտ տեղեկատվության հետ:

Սեպտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, Հյուսիսային պողոտայում լայն թափով շարունակվում է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամագրումը և Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու ստորագրահավաքը: Իշխանությունները հասկանում են, որ հասարակության ակտիվացումը, քաղաքական դատավարությունների փլուզումները, երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամը, գործարարության դեմ սանձազերծված աննախադեպ տեռորը անխուսափելի են դարձնում Հայ Ազգային Կոնգրեսի` սեպտեմբերի 5-ին նշանակված հանրահավաքի հուժկու բնույթը, ուստիև ստիպված են դիմել ճարահատ բռնությունների և ապօրինությունների:

Օգտնվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է Վրաստանի վրա, վարչախումբը փորձ է անում վերացնել մարդու ազատությունների եւ ժողովրդավարության արտահայտման վերջին հնարավորությունը։ Հայ Ազգային Կոնգրեսն իր տարակուսնքն է հայտնում այս եւ նմանօրինակ դեպքերում միջազգային պատկան կառույցների լռության  առթիվ։

Մենք բոլորին զսպվածության ու համբերության կոչ ենք անում, դա մեր ամենահզոր զենքն է։  Նաեւ հայտարարում ենք, որ վարչախմբի այս անհավասարակշիռ քայլերը, ըստ էության՝ մանր խուլիգանությունները, չեն կարող կոտրել ՀԱԿ-ի և նրան սատարող հարյուր հազարավոր քաղաքացիների կամքը` պայքարը հասցնելու վերջնական հանգրվանին և ազատվելու այս հակաժողովրդական ռեժիմից:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ