ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաղորդում հանցագործության մասին
Սույն թվականի օգոստոսի 25-ին խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքի խախտման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից և ԶԼՄ-ներից:
ՀՀ Գլխավոր Դատախազ
Աղվան Հովսեփյանին
Երևան, Հայաստանի Հանրապետություն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Արմեն Հարությունյանին
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար
Թոմաս Համերբերգին
Սույն թվականի օգոստոսի 25-ին խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքի խախտման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից և ԶԼՄ-ներից:
Օգոստոսի 25-ին` առավոտյան ժամը 10:30-ից 12:00-ի միջակայքում Երևանի Հյուսիսային պողոտայում խաղաղ նստացույցի հավաքված ցուցարարների վրա հարձակվել են մոտ 100 մարդ, որոնցից մի մասը եղել են քաղաքացիական հանդերձանքով, իսկ մյուս մասը` ոստիկանական համազգեստով: Նրանք պոկել և պատռել են բողոքի ակցիայի մասնակիցներին պատկանող բոլոր ստենդները, պաստառները` փչացրած պաստառների և ստենդների մնացորդները տանելով իրենց հետ:
Հարձակման թիրախ է դարձել նաև բողոքի ակցիայի ստորագրահավաքի սեղանը և այդ պահին ստորագրահավաքի պատասխանատու` տիկին Ռուզան Կարապետյանը: Հարձակում գործող ոստիկանները և նրանց հետ համատեղ գործող քաղաքացիական հագուստով անձինք կոպտել և սպառնացել են տիկին Ռուզաննա Կարապետյանին և, նրա կամքին հակառակ, տարել նաև ստորագրահավաքի նյութերը:
Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող ոստիկանները ոչ խաղաղ ցուցարաների խնդրանքով, ոչ էլ իմ խնդրանքով չեն տրամադրել իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ որևէ իրավական հիմք` որոշում: Խաղաղ նստացույցի մասնակիցները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրենց և իրենց պատկանող գույքի նկատմամբ իրականացվող վարչական կամ քրեա-դատավարակա գործառույթների իրականացման մասին չեն նախազգուշացվել և չեն իրազեկվել:
Հայաստանի Հանրապետության բազմահազար քաղաքացիներ 2008 թվականի մարտի 1 և 2-ի ողբերգական իրադարձություններից հետո իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը նախաձեռնել են ստորագրահավաք` ՀՀ նախկին Նախագահ Քոչարյան Ռոբերտի նկատմամբ Հաագայի Միջազգային քրեական դատարանում գործընթաց սկսելու վերաբերյալ:
Երևանի Հյուսիսային պողոտայում խաղաղ ցուցարարների ակցիան ամենայն հավանականությամբ մտահոգել և զայրացրել է ՀՀ նախկին Նախագահին` և ապօրինաբար օգտագործելով Հայստանի իրավապահ մարմինների նկատմամբ իր ազդեցությունը այսօր հրահանգ է տվել մաքրել Երևանի Հյուսիսային պողոտան: Չի բացառվում, որ տեղի ունենա դեպքերի կրկնություն ճիշտ այնպես ինչպես 2008 թվականի փետրվարի 29-ից հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահական ընտրություներից հետո` մասնավորապես, 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի անմարդկային ոճրագործության գնահատականներ տալու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համազգային գործընթացը սկսել և տեղի է ունենում Երևանի Հյուսիսային պողոտայում: Այս ստորագրահավաքը ՀՀ նախկին Նախագահ Քոչարյան Ռոբերտի նկատմամբ Հաագայի Միջազգային քրեական դատարանում գործընթաց սկսելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների կարծիքը արտահայտելու, տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու համար առկա միակ հնարավորությունն է:
ՀՀ քաղաքացիները քաջ գիտակցելով, որ ՀՀ նախկին Նախագահ Քոչարյան Ռոբերտը կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն` անձամբ հրահանգել է համայն հայության մայրաքաղաքի փողոցներում սպանել անզեն քաղաքացիներին և խաղաղ ցուցարարներին, Երևանի Հյուսիսային պողոտայում են մեկտեղում իրենց հավաքական բողոքի առտահայտությունը` ստորագրությամբ վավերացնելով իրենց կարծիքը:
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը սահմանում է` «քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի հավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք», իսկ 27 հոդվածը սահմանում է. «յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10 և 11 հոդվածներով պաշտպանվում են յուրաքանչյուր անձի արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորումների ազատությունը:
2008թ. օգոստոսի 25-ի ահազանգերը փաստում են, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող խաղաղ ցույցերին մասնակցելու, տեղեկատվություն ստանալու, տարածելու մարդու իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը և անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկել մեղավորներին պատժելու համար:
Հարգանոք`
Զարուհի Փոստանջյան
Պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ
ԱԺ պատգամավոր
25 օգոստոսի 2008
ԺԽ-0312/08
|