ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը Թալինի դեպքերի կապակցությամբ

 

Հայաստանի ավազակապետական իշխանությունները ահաբեկված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ավելի ու ավելի հզորացող ընթացքից, սկսել են դիմել սադրիչ, ապօրինի քայլերի:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունվարի 27-ին Թալինում կայացած հանրահավաքում իշխանությունների անմիջական մասնակցությամբ կազմակերպվել էր սադրանք: Արդեն հայտնի Ս. Կարապետյանը իր սադրիչ գործողություններով ծեծկռտուք էր հրահրել, ինչից օգտվելով իրավապահ մարմինները Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինի նախընտրական շտաբի ակտիվին հրավիրում են ոստիկանության բաժին, ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքը:

 

Հունվարի 28-ին Կապանի ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով փակել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Կապանի նախընտրական շտաբը, ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքները:

 

Հունվարի լույս 27-ի գիշերը անհայտ անձինք պոկել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի ցուցանակը, եւ մոտակայքում փակցված գովազդային պաստառը:

 

Հունվարի լույս 28-ի գիշերը անհայտ անձինք պոկել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Արաբկիրի ենթաշտաբի ցուցանակը:

 

Երեկ էլ Երեւանի պետավտոտեսչության աշխատակիցները ապօրինի կերպով տուգանային հրապարակ են տարել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ինքնաբուխ ավտոերթերին մասնակցող ավտոմեքենաներ:

 

Բացի այս` Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը ղեկավարվում է հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Ալեքսան Հարությունյանի կողմից, խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական այցերի վերաբերյալ:

 

Այս գործողությունները նպատակ ունեն կասեցնել նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթարշավը, եւ նախընտրական իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից:

 

Հայաստանի ավազակապետական իշխանություններին զգուշացնում ենք, որ իրենք են կրելու այս գործողությունների անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը իր նվիրվածությունն է հայտնում ավազակապետական իշխանության դեմ պայքարի գործին, եւ ունի այդ գործը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ վճռականություն:

29.01.08