ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ ՍԴ նիստի մասին

 

ՀՀ Առաջին Նախագահ, Նախագահի թեկնածու ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ նախընտրական քարոզչության կարևորագույն խնդիրներից է համարել` իր խոսքը հասցնել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու:

 


Սակայն, սկսած ս.թ. սեպտեմբեր ամսից, Առաջին Նախագահի դեմ Հանրային  հեռուստառադիոընկերության  կողմից  կիրառվել  է նախադեպը չունեցող քարոզչություն, ինչն իր հերթին փոխանցվել է նաև մասնավոր հեռուստաընկերություններին: 

 


Առաջին Նախագահի առաջադրման Նախաձեռնող խումբը, իսկ հետագայում`  Նախընտրական շտաբը, ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված քարոզչական    հնարավոր բոլոր միջոցները հաղթահարելու պետական քարոզչության հետևանքները: Սակայն, այդ ճանապարհին պետական մարմինների կողմից իրականացված զանգվածային օրինախախտումները /բռնություններ, հարկային ճնշումներ, ձերբակալություններ և այլն/ և  «Հայլուր» ծրագրի անսահմանափակ հնարավորությունները, խոչընդոտել են Առաջին  Նախագահին` պաշտպանել իր ընտրական իրավունքը: 

 


Ավելին, Նախընտրական շտաբը դիմել է իրավասու բոլոր պետական մարմիններին, այդ թվում, դատարանին խնդրելով հնարավորություն տալ Նախագահի թեկնածու ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ մասնակցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին: 
Սակայն, ընտրական գործընթացներում Առաջին Նախագահի համար, արդեն իսկ, առաջացած խոչընդոտները շարունակվում են առ այսօր:

 


Նախընտրական շտաբը հարկադրված դիմել է ԿԸՀ-ին, առաջարկելով անհապաղ  միջոցներ ձեռնարկել հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ, մասնավորապես, առաջարկելով նաև իր տարբերակը, այն է` հնարավորություն ստեղծել Առաջին Նախագահի  խոսքը հեռարձակել «Հայլուր» ծրագրով` նրա դեմ կիրառված ապօրինի քարոզչության  ժամանակահատվածի հաշվարկով:  

 

Այդ առաջարկի ապահովման ակնկալիքով, ՀՀ Նախագահի թեկնածու ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ դիմել է նաև ՍԴ` խնդրելով անհաղթահարելի ճանաչել ընտրական գործընթացներում իր համար առաջացած խոչընդոտները:

 


Այսօր, Դիմումն ընդունվել է քննության, որի կապակցությամբ ՍԴ նիստը տեղի կունենա    փետրվարի 11-ին ժամը 11-ին:

 

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ փետրվարի 8-ին "Հայլուր" լրատվական ծրագիրն իր ժամը 13.00-ի հաղորդման մեջ աղավաղված է ներկայացրել ՀՀ Առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի բովանդակությունը, այն  մեկնաբանելով, որպես նախընտրական պայքարից դուրս գալու քայլ:

 


Պաշտոնապես հայտարարում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել սկսված պայքարն ավազակապետական ռեժիմի դեմ, այլ ավելի մեծ եռանդով է հասցնելու այս առաքելությունն իր հաղթական ավարտին: Բոլոր նմանատիպ հայտարարությունները միտված են հասարակությանը մոլորեցնելու, և դրանց հեղինակները պատասխան են տալու օրենքի առջև: