ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն առաջնորդում է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:

  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Նախագահի ընտրական մրցավազքի եզրափակիչ փուլում հայ հասարակությունը հայտնվել է շատ վտանգավոր մի եզրագծի, որի գլխավոր պատասխանատուն գործող իշխանական վերնախավն է, քանզի, նա, օգտագործելով սեփական ունակությունների և արժեքային ընկալումների ողջ զինանոցի ներդրմամբ ձևավորված` մինչև կոկորդը կրիմինալի մեջ թաթախված վարչակարգի հակաազգային և հակաժողովրդական բոլոր միջոցները, ոչնչի առաջ կանգ չառնելով ի սկզբանե լրջագույն հարված հասցրեց այս կարևորագույն համապետական ընտրության լեգիտիմությանը:


Այո,«Նոր Ժամանակներ» կուսակցությունը գտնում է, որ իրենց խմբային շահերը ամեն ինչից վեր դասող ՀՀ իշխանությունների ամեն գնով վերարտադրվելու անփառունակ ձգտման արդյունքում` հայկական քաղաքական դաշտում ընդգծված ժողովրդականություն վայելող արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչ` ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանին նախագահական ընտրապայքարից դուրս թողնելը լրջագույն հարված էր նախագահական ընտրության լեգիտիմությանը, ինչը չի բխում մեր պետության և հասարակության շահերից:

 


Վարչակարգի կողմից նախընտրական շրջանում իրականացվող գործողությունների տրամաբանությունը վկայում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի համակարգային փոփոխությունը հնարավոր է բացառապես համաժողովրդական շարժման միջոցով:

 


Ստեղծված իրավիճակում գնահատելով երկրում ընթացող նախընտրական զարգացումները, արձանագրելով, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով գնալուն այլընտրանք չունի «Նոր Ժամանակներ» կուսակցությունը հ ա յ տ ա ր ա ր ու մ է

 

Հայաստանի ապագայով մտահոգված յուրաքանչյուր ընտրող 2008թ-ի փետրվարի 19-ին չպետք է քվեարկի իշխանության ներկայացուցիչների և նրանց սպասարկող ու ծառայող թեկնածուների օգտին:


Ինչպես և կանխատեսվում էր, 2007թ-ի Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում ՆԺԿ-ի, «Իմպիչմենտ» դաշինքի և «Հանրապետություն» կուսակցության համատեղ ջանքերով բարձրացված համաժողովրդական շարժման ալիքը իր տրամաբանական զարգացումը ունեցավ 2008թ-ի նախագահական ընտրությունների ընթացքում: «Նոր Ժամանակներ» կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն առաջնորդում է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:


Հայ հասարակությունն իր մեջ ուժ է գտել և ոտքի կանգնել` սեփական արժանապատվությունը ոտնահարող բարքերից ձերբազատվելու համար և ՆԺԿ-ն բնականաբար ժողովրդի հետ է:

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

12.02.2008