ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

 

Սիրելի հայրենակիցներ. փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբից եւ դառնալու երկրի իրական եւ արժանապատիվ տերը:

 

Դրա համար անհրաժեշտ է ընդամենը կատարել ձեր քաղաքացիական պարտքը եւ միահամուռ կերպով մասնակցել ընտրություններին: Ձեր անտարբերությունը կամ հոռետեսությունը, հեշտացնելով վարչախմբի կողմից կիրառվելիք ընտրախախտումներն ու կեղծիքները, կարող են ձախողել համաժողովրդական շարժման բախտորոշ գործը: Որքան ավելի շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ժողովրդի հաղթանակն ավելի երաշխավորված կլինի: Ձեր ակտիվության պարագայում այն ինչ չհաջողվեց 1998 եւ 2003 թվականներին, այս անգամ անպայման հաջողվելու է:

 

Դիմելով իմ աջակիցներին, համակիրներին, ինձ սատարող բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իմ ընտրարշավային կառույցներում ընտրված տասնյակ հազարավոր ակտիվիստներին, վստահված անձանց եւ դիտորդներին` կոչ եմ անում. աչալուրջ կերպով հետեւել քվեարկության ողջ ընթացքին` սկսած ընտրացուցակների ճշտումից մինչեւ ձայների հաշվառումն ու ամփոփումը, օրենքին համապատասխան` տեղում կանխել ցանկացած ընտրախախտում կամ ընտրողների կամքի բռնադատման յուրաքանչյուր փորձ, անմիջապես բողոքարկել եւ արձանագրել բոլոր նման դեպքերը, իսկ քվեարկության ամփոփումից հետո իսկույն պահանջել տեղամասային հանձնաժողովների կազմած արձանագրությունները:

 

Հարկ եմ համարում կոչով դիմել նաեւ բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին, գյուղապետերին, ոստիկանապետերին, ընտրական հանձնաժողովների նախագահներին եւ բոլոր անդամներին.

Ձեր խնդիրն ու պարտականությունն է ապահովել լիովին օրինական, ազատ եւ արդար ընտրությունների անցկացում, ինչը կնպաստի թե մեր երկրի հասարակական մթնոլորտի առողջացմանը եւ թե նրա միջազգային վարկի բարձրացմանը: Ընտրությունների ընթացքում ձեր կողմից թույլ տրված ցանկացած օրինազանցություն յուրաքանչյուրիդ համար կունենա լուրջ իրավական հետեւանքներ: Չեմ կասկածում, որ ձեզանից շատերը կգտնվեն իրենց քաղաքացիական պարտքի եւ պաշտոնեական պարտականության գիտակցության բարձրության վրա եւ չեն խանգարի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը:

 


Փետրվարի 19-ը նշանավորելու է հակաժողովրդական, քրեական վարչախմբի դեմ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի սկսած, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի ու նրանց համախոհների կողմից շարունակված տասնամյա պայքարի հաղթական ավարտը` դառնալով հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների արժանապատվության վերականգնման, ազատության երաշխավորման եւ բարգավաճման ապահովման բախտորոշ մեկնակետը: Ավազակախումբն արդեն պարտված է, իսկ ժողովուրդը` հաղթանակած: Փետրվարի 19-ին մնում է միայն իրավականորեն ձեւակերպել այդ հաղթանակը: Հաղթանակ: