ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի հանրահավաքի անունից
Նախագահական ընտրությունները ինչպես ընտրարշավի, այնպես էլ քվեարկության փուլում անցան խայտառակ ընտրախախտումներով` գերազանցելով անգամ ամենավատատեսական սպասումները: Դրան մեծապես նպաստեցին ԿԸՀ-ի գործողությունները, կամ հանցավոր անգործությունը, որը չնայած մեր շուրջ երեք տասնյակ դիմումների` ոչ միայն հրաժարվեց կայացնել ընտրությունների օրինական անցկացմանը նպաստող կարեւոր որոշումներ, այլեւ մեծապես նպաստեց ընտրախախտումների կատարմանը:
Միայն քվեարկության փուլում գրանցվել են վստահված անձերի եւ դիտորդների իրավունքների բազմաթիվ եւ համընդհանուր սահմանափակումներ. սպառնալիք` այդ թվում զենքի ցուցադրմամբ, ահաբեկում, ծեծ, ընդհում մինչեւ վստահված անձանց առեւանգում եւ ապօրինի տեւական ազատազրկում:
Տեղի են ունեցել քվեարկության կարգի համատարած խախտումներ` լցոնումներ, բազմակի քվեարկություններ, այլ անձանց անձնագրերով եւ բացակա ընտրողների փոխարեն քվեարկումներ, ընտրափաստաթղթերի, քվեաթերթիկների եւ կնիքների հափշտակումներ: Հատկապես մարզերում տեղի է ունեցել ուղղորդվող քվեարկություն եւ բաց քվեարկության հարկադրում` ինչպես հանձնաժողովի անդամների, այնպես էլ տեղամասային կենտրոններում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից:
Ընտրատարածքային հանձնաժողովները տարբեր պատրվակներով խոչընդոտներ են ստեղծել վստահված անձանց կազմած վերահաշվարկի դիմումները ընդունելիս` սկսած պարզ հրաժարվելուց մինչեւ սահմանված ժամերին ընտրատարածքները փակ պահելով: Այդուամենայնիվ, մեր վստահված անձերին հաջողվել է հանձնել 300-ից ավելի վերահաշվարկի դիմումներ: Դրանցից այսօրվա դրությամբ ստուգվել է միայն մեկը` 5/4 ընտրատեղամասում, որի հետեւանքով պարզվել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկած 100-ից ավելի քվեաթերթիկ դրված է եղել անվավեր քվեաթերթիկների վրա: Այդ փաստը պարզվելուց հետո հետագա ստուգումն անհիմն դադարեցվել է` խուսափելու համար նմանօրինակ այլ փաստերի բացահայտումից:
Ընտրական հանձնաժողովներն ակնհայտորեն ձգում են ժամանակը` վերահաշվարկի համար ներկայացված դիմումներին ընթացք չտալու համար: Ընդ որում` այս ընթացքում ընտրական հանձնաժողովները հաճույքով ստուգում են 1 տոկոսից պակաս ձայներ հավաքած թեկնածուների վստահված անձանց մատնանշած տեղամասերը:
Այսինքն` ողջ ընտրական գործընթացում տեղի ունեցող խայտառակ օրինախախտումները շարունակվում են առ այսօր: Եթե ԿԸՀ-ը չձեռնարկի անհապաղ ու կտրուկ միջոցներ, ապա վերջնականապես դառնում է ավազակապետության վերարտադրման հիմնական գործիքը եւ հենասյունը` հավասարապես կիսելու է ինչպես հետագա իրադարձությունների, այնպես էլ օրենքով սահմանված ողջ պատասխանատվությունը:
Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ
նրան սատարող քաղաքական ուժերի հանրահավաքի անունից
21.02.2008
|