ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ

    Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի նոյեմբերի 16–ին տեղի ունեցած   հանրահավաքում:

  Download PDF Վիդեո (հատված)
 

 

 
Սիրելի հայրենակիցներ, 
 
Նախ եւ առաջ ուզում եմ խո­րին շնորհակալություն հայտ­նել այն բոլոր կուսակցություն­նե­րին եւ հասարակական կազմա­կեր­պու­թյուններին, որոնց ղեկա­վար­ները քիչ առաջ հրապա­րա­կե­ցին իմ թեկնածությունը պաշտ­պանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները: Նրանցից ոմանք եղել են իմ եւ նախկին իշխանությունների ամենախիստ քննա­դատ­ները: Ուստի եթե նրանք այսօր կանգնած են այս հարթա­կում, դա նշանակում է, որ նրանց միավորել է ոչ թե իմ անձի նկատ­մամբ տածած անվերապահ վստա­հու­թյունը, այլ Հայաստանի ներ­կա ավազակապետական վար­չա­խմբի լուծը թոթափելու եւ երկ­րի սահ­մա­նադրական կարգը վե­րա­կանգ­նելու հրամայականը:
 
Իսկ այժմ դիմելով այս խորհր­դանշական հրապարակում հա­վաք­ված ազատ քաղաքացիներիդ եւ ողջունելով պայքարի ձեր կամքն ու երկրի ապագան սեփական ձեռքերով կերտելու ձեր վճռականությունը՝ կցանկա­նայի ձեզ հետ բարեկամաբար զրուցել բոլորիդ հուզող որոշ հարցերի շուրջ: Նախորդ ելույ­թում ես խոստացել էի առաջիկա ընտր­ար­շավի ընթացքում մեկ առ մեկ բացատրություններ տալ այն բո­լոր մեղադրանքների վերաբեր­յալ, որոնք վերջին տասնհինգ տա­րիներին բազմիցս հնչեցվել են Հայաստանի նախկին իշխանու­թյունների հասցեին եւ ավելի հա­ճախակիացել ու սաստկացել ներ­կա նախընտրական շրջանում: Այս հանրահավաքում ես հանգա­մանորեն կանդրադառնամ դրան­ցից մի քանիսին՝ մնացյալը թող­նե­լով այլ առիթների: 
 
Ցրտի ու մթի տարիներ 
 
Մինչեւ այս չարաբաստիկ հար­ցի բուն քննությանն անցնելը, հարկ եմ համարում կատարել որոշ փաստական ճշտումներ: Թեեւ մեր իմաստուն ընդդիմա­խոս­ների եւ քոչարյանա-գեբելս­յան քարոզչամեքենայի հետեւո­ղա­կան ջանքերի շնորհիվ «ցրտի ու մթի տարիներ» է պիտակա­վոր­վել Հայաստանի նախկին վար­չա­կազմի իշխա­նա­վա­րու­թյան ողջ շրջանը, սակայն իրականում ցուրտ եւ մութ է եղել միայն 1992-1994 թվա­կաններին: Եթե մի պահ փորձենք հիշել, թե դրանք ինչ տարիներ էին, ապա ապշանքով կնկատենք, որ դրանք աստղա­բաշխական ճշգրտությամբ համ­ընկ­նում են Արցախյան պատե­րազմի տարիներին: Պատերազմն սկսվել է 1992 թ. մայիսի 9-ին՝ Շու­շիի գրավ­մամբ, եւ ավարտվել 1994 թ. մայիսի 12-ին՝ զինադա­դա­րի կնքումով: Միայն այս փաստը բավական էր, որպեսզի համաշ­խար­հային պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած բանա­կան մարդ, առանց մեծ ճիգ թա­փելու, կռահեր, թե ինչու այդ տա­րիներին Հայաս­տանում ցուրտ ու մութ պետք է լիներ: Երկրորդ հա­մաշխարհային պատերազմի ժա­մանակ ցուրտ ու մութ էր ոչ միայն ողջ Խորհրդային Միու­թյու­նում, այլեւ Անգլիայում, Ֆրան­սիայում, Հունաստանում եւ պատերազմի մեջ ներքաշված մնացյալ բոլոր երկրնե­րում: Անգլիայում, օրի­նակ, այդ ժամանակ հազարապատիկ ավելի ծառ է կտրվել, քան ցուրտ ու մութ տարիների Հայաստա­նում, էլ չխոսած Լենինգրադյան բլոկադայի սար­սափ­ների մասին: Սակայն որեւէ այլ երկրում ոչ մեկի մտքով չէր անցնի պատե­րազմի տարիները կոչել ցրտի, մթի, իսկ որոշ տեղերում՝ նաեւ սովի ու համաճարակի տարի­ներ: Նման հանճարեղ միտք կարող էր ծագել միայն երեքհազարամյա քա­ղա­քա­կրթու­թյամբ հպարտացող հա­յերի ուղեղներում:
 
Մեր ընդդիմախոսները համա­ռորեն չեն ընդունում կամ փոքր­ոգաբար անտեսում են որեւէ փոխ­կապակցվածություն՝ ցուրտ ու մութ տարիների եւ Արցախյան պա­տերազմի միջեւ: Ցուրտն ու մու­թը նրանք բացատրում են բո­լորովին այլ պատճառներով: Բե­րենք դրանցից ամենատարած­ված­ները:
 
Ամենաարտառոց տեսակետն, ինչպես միշտ, մի քանի տարի առաջ արտահայտել է Ռոբերտ Քո­չարյանը: Նրա կարծիքով՝ Հա­յաս­տանի էներգետիկ ճգնաժամը բացարձա­կա­պես պայմանավոր­ված չի եղել պատերազմով ու շրջափակումներով, այլ արդյունք է այն իրողության, որ «Ղարա­բաղ» կոմիտեն ժամանակին ան­հե­ռատեսորեն փակել է Արմա­վի­րի ատոմակայանը: Սա թեեւ թյուր­իմացություն է, բայց տվյալ պա­րա­գայում՝ ներելի թյուր­իմա­ցու­թյուն: Գտնվելով Հայաստանից դուրս՝ Քոչարյանը կարող էր տեղ­յակ չլինել, որ ատոմակայանի փակման ժամանակ, այն է՝ 1989 թ. հունվարին, «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր տասնմեկ անդամները, գու­մարած Իգոր Մուրադյանն ու Խա­չիկ Ստամբոլցյանը, արգելա­փակ­ված էին Մոսկվայի «Մատ­րոսսկա­յա տիշինա» եւ «Բուտիր­կա» բանտերում: Կարող էր չիմա­նալ նաեւ, որ ատոմակա­յա­նի փակ­ման որոշումն ընդունել են իր սիրելի Նիկոլայ Ռիժկովն ու Սուրեն Հարությունյանը: Եւ վեր­ջապես, բացառված չէ, որ մի օր էլ Քոչարյանը կհայտարարի, թե ատո­մակայանն ինքն է վերա­գործարկել: Ու չզարմանաք՝ շատերը հակված կլինեն հավատալու դրան:
 
Էներգետիկ ճգնաժամի հետ կապ­ված հաջորդ անհեթեթ տե­սակետի համաձայն՝ «ցրտի ու մթի» տարիներին Հայաստանի իշ­խանություններն իբր դիտավոր­յալ հողանցել են արտա­դրված էլեկտ­րա­էներգիան՝ իրենց ներ­կրած նավթն ու մոմը վաճառելու եւ շահույթ ստանալու նպա­տա­կով: Երբ սա ասում է հասարակ մարդը, հասկանալի է: Իսկ երբ դրա մասին, հա­զարավոր հեռուս­տադիտողների առաջ, դեմքի լուրջ արտահայտությամբ եւ դատավո­րի կեց­վածքով, խոսում է ակադե­միական շրջանակներում ըստ ար­ժանվույն մեծ համբավ վա­յե­լող մի պատմաբան՝ Պետական համա­լսա­րանի պրոֆեսոր, ապա կա­րելի է լիովին հիաս­թափվել Աստ­ծու արարչագործությունից: Պրո­ֆեսորն, ըստ երեւույթին, դպրոցի վե­ցե­րորդ, թե յոթերորդ դասա­րա­նում փախել է ֆիզիկայի դասից, որի թեման եղել է «էներ­գիայի պահպանման եւ փոխակերպման օրենքը»: Շատ լավ, դասից բոլորս էլ փախել ենք, հիմա էլ թոռս է փախչում: Այդ պրոֆեսորի հա­մար ի՞նչ դժվար էր՝ մտնել հա­րե­ւան ֆիզիկայի ֆակուլտետ եւ խորհրդակցել որեւէ ֆիզիկոս-պրոֆեսորի կամ թեկուզ առա­ջին կուրսի ուսանողի հետ: Պա­տաս­խանը, չեմ կասկածում, վայր­կյան անգամ չէր ուշա­նա՝ բարձ­րավոլտ էլեկտրաէներգիայի հո­ղանց­ման պարագայում Հայաս­տանի էներ­գե­տիկ ցանցի բոլոր ապա­հո­վիչները կպայթեին:
 
Առաջին հայացքից կարող է ավելի լուրջ թվալ էներգետիկ ճգնաժամի հարցում նախկին իշ­խանություններին ներկայացված այն մեղադրանքը, թե «ցրտի ու մթի տա­րիներն» իբր արդյունք են էլեկտրաէներգիայի արտադրու­թյան ոլորտում, մասնավորապես, խորհրդարանական լատիներե­նով՝ «մազութ լափելու» պրոցե­սում «բացահայտված» մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող յուրա­ցումների: Որպես դրա հիմ­նավո­րում բերվում է այն փաստը, որ 1993 թվականին արտադրվել է նույն­քան էլեկտրաէներգիա, որ­քան 1996-ին, բայց առաջին դեպ­քում եղել են հովհարային անջա­տում­ներ, իսկ երկրորդում՝ ոչ: Մեր ընդ­դիմախոսներին չեն բավարա­րում այն բացատրությունները, որ 1992-1994 թվականներին արտա­դրված էլեկտրաէներգիայի առյու­ծի բաժինը մատակարարվել է ար­դյու­նաբերու­թյա­նը, որ հովհա­րա­յին միացումների ժամանակ հո­սան­քը, էժան լինելով, անխնա­յո­ղա­բար օգտա­գործ­վել է ոչ միայն լու­սավորման, այլեւ ջեռուցման եւ կենցաղային սարքերն աշխա­տեց­նելու նպատակով, որ 1996-ին ար­դեն գործում էր Ատոմակա­յա­նը, որ այդ թվականին, ի տարբե­րու­թյուն 1993-ի, Հայաստան էին ներ­կրվում հսկայական քանա­կու­թյամբ այլ էներգակիրներ՝ բեն­զին, նավթ, դիզելային վառելիք, որ 1996-ին արդեն ջեռուցվում էր հան­րապետության խոշոր քա­ղաք­նե­րի բնակելի շենքերի մեծ մասը, իրականացել էր էներ­գե­տիկ ռեֆորմը, վերացել էին ան­օրինական լարանցումները եւ այլն: Ձեզ չհոգնեցնելու համար ես չեմ ուզում մանրամասնել թվարկ­ված իրողությունները: Դրանց սպա­ռիչ քննությունը, իր բազ­մաթիվ հոդվածներում եւ հար­ցազրույցնելում, կատարել է նախ­կին վարչապետ Հրանտ Բագ­րատ­յանը, որի եզրակացություն­ները ոչ միայն չեն հերքվել, այլեւ առայժմ նույնիսկ չեն վիճարկ­վել մասնա­գետ-տնտեսագետների կողմից:
 
Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրա­էներգիայի արտադրության ոլոր­տում հարյուր միլիո­նա­վոր դոլա­րի յուրացումների մասին շրջա­նառվող խոսակցությունները: Բանից պարզ­վում է՝ ոչ այլ տե­ղից, եթե ոչ նախորդ գումարման Ազ­գային ժողովում ստեղծված հա­տուկ հանձնաժողովի եզրա­կա­ցու­թյունից, որը ներկայացվել էր դատախազություն՝ համապա­տաս­­խան քրեական գործ հարու­ցելու պահանջով: Գլխավոր դա­տա­խա­զությունը, օրենքի բո­լոր պա­հանջ­ներին համապա­տաս­խան գործը քննելուց հետո, ոչ միայն նախկին իշխա­նությունների գոր­ծո­ղու­թյուն­ներում հանցակազմ չգտավ, այլեւ չարձանագրեց հան­ցանքի փաստն անգամ:
 
Ցանկացած քաղաքակիրթ երկ­րում պարկեշտությունը կպահան­ջեր, որպեսզի գլխա­վոր դատախազը եւ հանձնաժողովի անդամ­ները պաշտոնապես ներողու­թյուն խնդրեին նախ­կին իշխա­նու­թյուններից, մաս­նա­վո­րա­պես, վարչապետ Հրանտ Բագ­րատյա­նից: Դա չարվեց, ապա­ցուցելով, որ Հայաստանը դեռեւս քաղա­քակիրթ երկիր չէ: Դրա փո­խարեն հանձնաժողովի հարգար­ժան ան­դամ­ներն ու նրանց հա­րող քաղա­քական գործիչները, չհա­մա­ձայ­նելով դատախազության որոշ­ման հետ, շարունակեցին եւ այսօր էլ շարունակում են պնդել նա­խորդ իշխանություններին հաս­ցեա­գր­ված նույն մեղադրանքները: Մինչ­դեռ տրա­մաբանությունը պա­հան­ջում էր, որ այս անգամ նրանք քրեական գործ հարուցեին հան­րապետության գլխավոր դա­տա­խա­զի դեմ՝ նախկին իշխանու­թյուն­ների «հրեշավոր հանցա­գոր­ծությունը» կոծկելու համար: Իսկ եթե դա էլ չստացվեր, ապա պետք է ներ­խուժեին գլխավոր դա­տա­խազի գրասենյակ եւ, ի նշան բո­ղոքի, անժամկետ հացա­դուլ հայ­տարարեին գրասենյա­կում փռված գորգի վրա: Ինչո՞ւ, ասենք, Վազ­գեն վեհափառը եւ Վիկտոր Համ­բարձումյանը կարող էին Մոսկ­վայում հացադուլի նստել Ար­ցա­խի հարցի արդա­րացի լուծ­ման պա­հանջով (ի դեպ՝ այդ հա­ցա­դու­լից նրանց ես եմ հանել), իսկ պատ­գամա­վորական հանձ­նա­ժողո­վի քաջարի անդամները ընդունակ չեն այդպիսի զոհողու­թյան գնա­­լու: Չեմ ուզում ավելի ծավալվել, բայց այս հարցը իրա­վական եւ քաղաքական հարթու­թյունից ակա­մա տեղափոխվում է բարո­յական հարթություն:
 
Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառ­նում, որ վերը թվարկ­ված մեղա­դրանքները նպատակ են հետա­պնդում սոսկ քողարկելու Հայաս­տանին բա­ժին ընկած էներգետիկ ճգնաժամի բուն պատճառը, այն է՝ Արցախյան պատերազմն ու շրջա­փակումները: 1992-1994 թվա­կաններին Հայաստանի իշխանու­թյունները, մեծ զրկանք­ների ենթարկելով հանրապետության քա­ղաքացիներին, հայթայթված սուղ միջոցներն ամ­բողջովին ներդրե­ցին Արցախի գոյությունն ու ան­վտանգությունն ապահովե­լու գոր­ծում՝ մեր երկրի տնտե­սա­կան գլխա­վոր խնդիրը դիտելով պա­տերազմի կարիքների բավա­րա­րումը, զենքի, զինամթերքի, դիզ­վառելիքի, դեղորայքի հայ­թայ­թումը, հակաօդային պաշտպա­նու­թյան համակարգի ստեղծումը, բանակի հանդերձավորումն ու պարենավորումը: Թեեւ բոլորի մոտ տպավոր­ված է այն պատկերացումը, թե պատերազմն ընթանում էր Լեռ­նային Ղարաբաղում, սակայն իրականում Հայաստանը նույնպես ան­միջականորեն ներքաշված էր չհայ­տարարված պատերազմի մեջ: Հայ-ադրբեջանական եւ հայ-նա­խիջեւանյան ողջ սահմանային գո­տին երկու տարի շարունակ ենթարկվում էր համարյա ամեն­օր­յա ռմբակոծությունների, հրա­ձգու­թյունների եւ ավերումների: Այդ գոտում՝ սկսած Ոսկեպարից մինչեւ Մեղրի եւ Երասխ, չկա որեւէ գյուղ, որը զոհեր եւ վիրա­վորներ տված չլինի: Ադրբեջանի կողմից, ըստ էության, պատե­րազմ էր հայտարարված նաեւ Հայաստանի արտաքին կոմունի­կա­ցիաներին: 1992-1995 թթ. ըն­թաց­քում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը եւ 21 անգամ՝ վրաց-հայկական եր­կաթ­գիծը: Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրա­ցուցիչ ծախսեր են պահանջ­վել կոմունիկացիաների վերականգն­ման աշխատանքների համար:
 
Ես առայժմ չեմ կարող պետա­կան գաղտնիքներ հրապարակել, բայց հավա­տացնում եմ, որ պա­տերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բա­նա­կի մատակարարման, Հայաս­տա­նի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խա­փանված կո­մունիկացիաների վերականգն­ման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիու­լի կբավարարեր մեր ժողովրդին թե՛ լույսով, թե՛ ջերմությամբ ապահովելու համար: 1993-1995 թվականներին Հայաս­տանի Հանրապետության Պաշտ­պանության նախարարն է եղել Սերժ Սարգսյանը, որն ամբող­ջու­թյամբ տիրապետում է այդ գաղտ­նիքներին, եւ որը չի կարող չհաս­տատել այս ամենը: Դիմելով այս հրապարակում գտնվող լրա­գրող­ներին, խորհուրդ եմ տալիս՝ առի­թի դեպքում հարցրեք նրան եւ տեսեք, թե ինչ է պատաս­խա­նելու:  

Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992-1994 թվա­կանները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները: Մինչ­դեռ Արցախ մեկնած հազա­րավոր հայաստանցի կամա­վոր­նե­րի ու նրանց ընտանիքների, սահ­մանամերձ շրջանների բնակ­չու­թյան համար դրանք եղել են ար­յան, դիերի, վիրավորների, ռմբա­կոծումների եւ ավերում­նե­րի տա­րի­ներ՝ զոհողություններ, որոնց գի­նը ազատագրված Ար­ցախն է: Որ Արցախի ազատա­գրման գոր­ծին Հայաստանի իշ­խա­նություն­ների եւ ժողովրդի ան­մնացորդ նվիր­վածության, ինչպես նաեւ կրած զրկանքների ու տա­ռա­պանքների մասին ասվածը սոսկ մերկա­պա­րանոց հայտա­րա­րություն չէ, հաստատվում է Ղարաբաղի ղե­կա­վարության՝ ժա­մանակին տված անկեղծ գնահա­տականներով:
 
Այսպես, ԼՂՀ նախագահ Ռո­բերտ Քոչարյանը, 1995 թ. հուն­վարի 9-ին, դիմելով ինձ, գրել է. «Արցախի երախտագետ ժողո­վուր­դը երբեք չի մոռանա Ձեր անձ­նական ներդրումը մեր հերո­սա­կան գոյապայքարում: Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության զորակցու­թյու­նը» (ՀՀ առաջին նախագահի ար­խիվ, 09.01.1995):

 

 

1996 թվականին, մի այլ առիթով, Ռոբերտ Քոչար­յանը դա արտահայտել է ավելի պերճախոս կերպով. «Այսօր ԼՂՀ‑ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսու­թյուն, մարտունակ բանակ, ներ­քին կայուն իրավիճակ եւ հար­գանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաս­տա­նի Հանրապետությունը... Ես կուզեի շեշտել Հայաստանի Հան­րա­պետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխ­համա­ձայ­նեցված քաղաքա­կան քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա Ղարաբաղում հասկա­նում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ Սփյուռ­քում՝ նույնպես» («Հայաս­տանի Հանրա­պե­տություն», 19.09.1996 թ.):

 

Որ­պես­զի չթվա, թե սա ընդամենը մեկ մարդու տե­սակետ է, բերենք նաեւ ԼՂՀ Ազ­գային ժողովի եր­բեմ­նի նախա­գահ Արթուր Թով­մասյանի գնա­հա­տականը. «Ան­ժխտե­լի է այն փաստը, որ մեր հաջողություն­նե­րը պայմանա­վոր­ված են Հայաս­տա­նի Հանրապե­տության վարած ճկուն դիվանա­գիտությամբ եւ հա­վասա­րակ­շռ­ված քաղաքա­կա­նությամբ: Եւ ինչ խոսք, որ այդ դժվարին գործում մեծ է նա­խագահ Լեւոն Տեր-Պետ­րոսյանի դերը» («Հայաստանի Հան­րապե­տություն», 19.09.1996 թ.):

 

Իսկ Լեռ­նային Ղարաբաղի Հան­րա­պետու­թյան վարչապետ Լեո­նարդ Պետ­րոս­յանը 1996 թվա­կա­նին հայ­տարարել է հետեւյալը. «Եթե այսօր ար­ցա­խահայությունը մաս­նակ­ցեր Հայաստանի Հան­րա­պե­տության նախագահի ընտ­րու­թյուն­ներին, ապա բացարձակ մե­ծա­մասնությամբ իր ձայնը կտար ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին» («Հայաս­տա­նի Հանրապետություն», 19.09.1996 թ.):
 
Համոզված եմ, որ սերունդ­նե­րը «ցրտի ու մթի» տարիները գնա­հատելու են որպես հերոսական մաքառման եւ հաղթական պատե­րազմի տարիներ: Բայց դրա հետ մեկտեղ, հասկանում եմ նաեւ, որ իմ երկարաշունչ բացատրու­թյունները, միեւնույն է, չեն փա­րա­տելու շատերի կասկածները: Ուստի ինձ մնում է միայն նե­րողամտություն հայցել մեր ժո­ղովրդից՝ հանուն Արցախի փրկու­թյան նրան պատճառած տառա­պանքների համար: Խորապես ցավում եմ, որ հար­կադրված եղա այսքան բացա­հայտ խոսել Հա­յաս­տանի էներ­գետիկ ճգնաժամի եւ հաղթական պատե­րազմի փոխկապակց­վա­ծության մա­սին: Նորմալ երկրում դա պետք է այնպիսի տաբու լիներ, որ յուրաքանչյուր մարդ վիրա­վորված զգար՝ այդ բանն իրեն հիշեցնելու համար: 
 
Ներկա արատավոր ռեժիմի «արմատները» 
 
Կցանկանայի համառոտակի անդրադառնալ նաեւ նախկին իշ­խանությունների դեմ ուղղված մի այլ հայտնի ամբաստանության: Խոսքը վերաբերում է վերջերս հա­ճախակի հնչող այն տեսա­կե­տին, որ ներկա վարչախմբի արատ­ները բխում են նախկին իշխա­նությունների ժամանակից: Սա, ինձ թվում է, քաղաքական բանավեճում կիրառվող ամենապրի­միտիվ հնարքն է, որի նպա­տակն է խուսափել պատաս­խա­նատվությունից եւ սեփական օրի­նազանցություններն արդա­րաց­նել պատմական նախադե­պե­րով: Ակամա­յից հիշում ես Շվար­ցի պիեսի չարագործ թա­գա­վորին, ով իր արարքները բա­ցատ­րում էր մորաքրոջից ժա­ռան­գած վատ գեներով:
 
Նման տրամաբանությամբ առաջ­նորդվելու պարագայում կա­րե­լի է արդարացնել ցանկացած հան­ցագործություն, քանի որ ան­հնար է պատկերացնել որեւէ օրի­նազան­ցություն, որն իր նախա­դեպը չունենա անցյալում: Նման տրամաբանությամբ առաջ­նորդ­վելու պարագայում մարդ­կության պատմության մեջ ոչ մի գող չպի­տի դատվեր, որով­հետեւ առաջին գողերը դրախտի արգելված պտու­ղը ճաշակած Ադամն ու Եւան էին: Չպիտի դատվեր ոչ մի մար­դասպան՝ Կա­յե­նի ոճրագործու­թյունից հետո: Եւ վերջապես, չպի­տի դատվեր ոչ մի կաշառակեր կամ կաշառատու՝ Եսավից ու Հակոբից հետո:
 
Յուրաքանչյուր մարդ, յուրա­քանչյուր իշխանություն, յուրա­քանչյուր պաշտոնյա պատաս­խա­նատու է իր արատների ու հանցանքների համար, եւ դրանք չի կարող արդարացնել անցյալից ժառանգած գեներով: Ոչ մի առողջ հասարակություն, ոչ մի դատարան նման փաստարկ չի ընդունի: Հետեւաբար, Հայաստա­նի նախկին իշխա­նու­թյունները պա­տասխանատու են իրենց արարք­ների համար, իսկ ներ­կա­ներն՝ իրենց: Համենայն դեպս, մենք՝ նախկիններս, երբեւէ չենք փորձել մեր արատները բացատ­րել Խորհրդային համակարգից ժա­ռանգած ավանդույթներով, առա­վել եւս՝ Սերժ Սարգսյանի կարծած մեր ազգային մենթալիտետով: Այդպիսի փաստարկը (կամ «ես էլ քեզ բան ունեմ հիշեցնելու» հնար­քը) ոչ միայն անհեթեթ, այլեւ ծի­ծաղելի կհնչեր, որովհետեւ եթե քո նա­խորդը կաշառակեր, գող կամ խաբեբա է եղել, ապա քեզ ի՞նչն է խանգարում այդպիսին չլինել: Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թա­փան­ցում են պետա­կա­նության բարձ­րագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը:
 
Ոմանք, չբավարարվելով ներ­կա վարչախմբի արատները նախ­կինների ժամա­նա­կից բխեցնելով, նույնիսկ հայտարարում են, որ նախկին եւ ներկա իշխա­նու­թյուն­ների միջեւ ոչ մի տար­բե­րու­թյուն չկա: Դա կարելի է բացատ­րել կա՛մ վերը ներկայացված պարզու­նակ մտայնությամբ, կա՛մ էլ երեւույթների խորքը չթափան­ցելու ցանկությամբ: Նախկին եւ ներկա իշխանությունները չեն կա­րող նույնական լինել մեկ պարզ պատճա­ռով: Նախկինները քաղաքական իշխանություն էին, իսկ ներկաներն՝ ավազակապե­տա­կան:
 
Նախկին իշխանական համակարգում կային հասարա­կա­կան, քաղաքական եւ ինստի­տուցիոնալ հակակշիռներ, իսկ ներ­կայումս դրանք գոյություն չու­նեն: Նախկին­ների օրոք հա­կա­կշիռներ կային անգամ գոր­ծադիր իշխանության ներսում: Վար­չապետը եւ առանցքային նա­խարարությունների՝ ներքին գոր­ծերի, անվտանգության, պաշտ­պա­նության ոլորտների, մաքսային եւ հարկային ծառայությունների ղեկավար­ները, ինչպես նաեւ կենտրոնական բանկի նախագահը, լի­նելով քաղաքական անհատա­կա­նություններ, մրցում էին իրար հետ եւ փոխա­դարձաբար վերա­հսկում միմյանց, ինչը չէր կարող թույլ տալ իշխանական մոնոլիտ բրգա­ձեւ համակարգ ձեւավորել: Բացի այդ, նրանք մշտապես գտն­վում էին Խորհրդա­րանի վե­րա­հսկողության տակ, որն, ի տար­բերություն վերջին գումարման Խորհրդա­րանների, նույնպես ընդ­գծ­ված քաղաքական մարմին էր: Հիշեք, թե անցյալում ինչպիսի թեժ քննարկումներ եւ քաղաքա­կան բանավեճեր էին ընթանում Խորհրդարանում, կամ որքան դժվա­րությամբ էին ընդունվում կա­ռավա­րության ներկայացրած օրենք­ները: Ներ­կայիս համեմատ մոնոպոլիզացված չէր նաեւ տե­ղեկատվական դաշտը. կային մի քանի տասնյակ ընդդիմադիր թեր­թեր, ինչպես նաեւ անկախ հե­ռուս­տատեսային եւ ռադիո կա­յաններ: Նախկինների օրոք հզոր էր նաեւ մի այլ կարեւորագույն հակակշիռ՝ ի դեմս քա­ղաքական ընդդիմության, որի ազդե­ցու­թյան գագաթը եղավ 1996-ին Վազգեն Մանուկ­յանի գլխավորած շար­ժումը:
 
Ինչ վերաբերում է ներկա վարչախմբին, ապա, ինչպես նա­խորդ ելույթում փորձեցի հիմնա­վորել, նրա ձեւավորման սկիզբը համընկավ 1999 թվականի հոկ­տեմ­բերի 27-ի ոճրագործությանը: Վերացնելով հանցավոր կենտրո­նացած համակարգի ստեղծման գլխա­վոր խոչընդոտը՝ Կարեն Դե­միրճյանի եւ Վազգեն Սարգս­յանի տանդեմը, ռեժիմը դրանից հետո քայլ առ քայլ ոչնչացրեց իր ան­օրինական գործունեությանը խան­գարող բոլոր մնացյալ հակակշիռ­ները: Գործադիր իշխանության մար­մինները լիովին մաքրեց Վազ­­գեն Սարգսյանի եւ Կարեն Դե­միրճյանի հետեւորդներից, Խոր­հր­դա­րանը վերածեց անողնաշար եւ ողորմելի կամակատարի, ամա­յացրեց քաղաքական դաշտը, մո­նո­պոլի­զացրեց համարյա ողջ տեղեկատվական ոլորտը: Այս ամենին զուգընթաց, քոչար­յանա­կան ռեժիմն աստիճանաբար վե­րածվեց փակ, անվերահսկելի, ավա­զակապետական մի համա­կար­գի, որի գոյությունն անհնար էր հակակշիռների առկայության պայմաններում: Տվյալ գործըն­թացն ապշեցուցիչ կերպով հիշեց­նում է ստալինյան բռնապետու­թյան ձեւա­վոր­ման գործընթացը: Օգտվելով Կիրովի՝ իր ամենա­լուրջ մրցակցի սպանու­թյու­նից, Ստա­լինը 1934-1937 թվականնե­րի միջեւ ընկած ժամանակա­հատ­վածում հիմնովին ոչնչաց­րեց իր միահեծան իշխանությանն սպառ­նացող բոլոր առկա եւ հնարավոր հա­կակշիռները, որից հետո սկսվեց նրա բացարձակ տիրա­պետությունը: 

Այսքանից հետո էլ, միան­գա­մայն պարզ է, որ ոմանք մեր առջեւ արդարացիորեն դնելու են հետեւյալ հարցը. իսկ մի՞թե նախ­կինների օրոք չեն եղել կոռում­պացված նա­խարարներ, պաշտո­նեական չարաշահումներ կամ այլ տիպի օրինազանցություններ: Իհարկե եղել են, չէին կարող չլի­նել, քանի որ նման երեւույթներ կան աշխարհի բոլոր, նույնիսկ ամե­նաօրինապաշտ երկրներում: Այդ արատավոր երեւույթները մարդ­կու­թյանն ուղեկցել են պե­տա­կանության առաջացման առաջին իսկ օրվանից ի վեր եւ հետագայում եւս շարունակելու են դրսեւորվել այս կամ այն կերպով: Բայց մի բան են առան­ձին երեւույթները, անհատական օրինազանցությունները, բոլորո­վին մի այլ բան՝ խմբային կամ կազմակերպված հանցագոր­ծու­թյուն­ները: Ավելի պատկերավոր ասած՝ մի բան է միայնակ անա­ռակը, մի այլ բան՝ անառա­կա­նո­ցը, մի բան է անհատ գողը, մի այլ բան՝ ավազակախումբը, բանդան: Նույնիսկ քրեական օրենսգրքում այդպիսի հանցա­գոր­ծությունների համար տարբեր պատիժներ են նախատեսված՝ առաջին դեպ­քում՝ մեղմ, իսկ երկրորդ դեպքում՝ անհամեմատ ավելի ծանր: Նախ­կին իշխանությունները, պատե­րազ­մի, էներգետիկ ճգնաժամի, ցնցումային տնտեսական բարե­փո­խում­ների պայման­նե­րում, իրենց ուժերի ներածին չափով, պայքարել են այդ երեւույթների դեմ: Իսկ եթե նրանք դրանում թերացել են, ապա այդ գործը պետք է շարունակեին ներկա իշ­խա­նությունները, որոնք մեզ նե­րե­լու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ քրիստոնեական առա­քինու­թյուն չունեին:
 
Թերեւս քչերն են հիշում, որ 1998-ի իմ հրաժարականի պահին միաժամանակ հրաժարական տվե­ցին, այսպես կոչված, նախկին կամ ՀՀՇ-ական իշխանության բո­լոր բարձրաստիճան պաշտոնյա­ները՝ Ազգային ժողովի նախա­գահ Բաբկեն Արարքցյանը, փոխ­նախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, խոր­հրդա­րանական մշտական հանձ­նա­ժողովների նախագահներ Սամ­վել Գեւորգյանը, Վիգեն Խաչատր­յանը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տա­­րած­քային կառավարման նախա­րար Գալուստ Գամազյանը, Երե­ւանի քաղաքապետ Վանո Սիրա­դեղյանը, Կենտրոնական բանկի նա­խա­գահ Բագրատ Ասատրյա­նը, Արմա­վիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաս­տան» հիմ­նադրամի տնօրեն Մանու­շակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հա­յաս­տանի Հանրապետության դես­պան Վահան Փա­փազյանը, Հան­րապետության նախագահի խոր­հրդականներ Վահագն Խաչատր­յանը, Նի­կոլ Շահգալդյանը, Կա­րեն Շահինյանը, Նախագահի աշ­խա­տակազմի ղեկավար Ավե­տիս Ավագյանը, մամլո քարտուղար Լե­ւոն Զուրաբյանը, կադրերի բաժ­նի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազ­գա­յին ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը եւ «Ռես­պուբլիկա Արմենիա» պաշ­տո­նաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը:
 
Այսպիսի միահամուռ հրաժա­րական, այսպիսի քաղաքական, ինչու չէ, բարոյական կեցվածք, թերեւս իր նախադեպը չունի պե­տությունների պատմության մեջ՝ կեցվածք, որ աներեւակայելի է սպասել իրենց աթոռներին կառ­չած ներկա քրեական իշխա­նու­թյուն­ներից: Եթե նախկինները որեւէ հանցանք կատարած լի­նեին ու քրեական հետապնդում­ներից վախենալու բան ունե­նա­յին, ապա ինչո՞ւ պիտի այդպես հեշտուհանգիստ հրա­ժարվեին պաշ­տոններից՝ հաստատապես գի­տենալով, որ թշնամանքով ու քինախնդրու­թյամբ լցված ներկա գավառամիտ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայելու իրենց չգործած հանցանքները բացա­հայ­տելու համար:
 
Եւ իսկապես էլ ջանք չխնա­յեցին: Մի քանի տարի շարունակ ստուգումներ կատա­րե­ցին վերը նշված բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ անձամբ իմ գործու­նեու­թյան ոլոր­տում: Դավիթ Վարդան­յանին հատուկ նշանակեցին Նա­խա­գահի վերահսկողական ծա­ռա­յության պետ, որպեսզի բա­ցահայտի իմ «մաֆիոզ» կերպարը: Ստեղծեցին մի քանի խորհրդա­րանական հանձնաժողովներ՝ հե­տաքննելու համար իմ, Հրանտ Բագրատյանի եւ ուրիշների «չա­րաշահումները»: Ցանկացած գործով դատախազությունում ըն­թացող քննությունների ժամա­նակ փորձեցին տարբեր մարդ­կանցից վկայություններ կորզել իմ, Բագրատյանի, Սիրադեղյանի եւ նույնիսկ հանգուցյալ եղբորս՝ 1985-ից «Հրազդան­մեքե­նա» միա­վոր­ման գլխավոր տնօրեն Թել­ման Տեր-Պետրոսյանի դեմ: Ոչինչ չստացվեց՝ հար­յուր դոլարի յու­րա­ցում անգամ չհայտնաբերվեց: Պատկերացրեք, եթե ունենային որեւէ կոնկրետ փաստ, մեզ բո­լորիս ի՞նչ կանեին. ուղղակի կբզկտեին, կոչնչացնեին, հենց այս հարթակում կախաղան կհա­նեին:
 
Այս հարցում առանձին խո­սակ­ցության նյութ է Սերժ Սարգս­յանի յուրահատուկ պա­րագան: Վերջինս 1993-1995 թվա­կաններին զբաղեցրել է Պաշտ­պանության, 1995-1996-ին՝ Ան­վտան­գության, իսկ 1996-1999-ին Ներքին գործերի եւ Անվտան­գության նա­խա­րարի պաշտոնը: Առաջին հերթին հենց նրա պար­տականությունն էր բացահայտել իշխանության մարմիններում առ­կա արատավոր երեւույթները, անհրաժեշտության դեպ­քում քրեա­կան գործեր հարուցել եւ դրանք ներկայացնել դատախա­զու­թյանն ու դատական մար­մին­ներին, կամ, առնվազն, նկատված օրինազանցությունների մասին ահա­զանգել Նախագահին կամ վարչապետին, ինչը նրա կողմից չի արվել: Դա կարող է ունենալ հետեւյալ չորս բացատրություն­նե­րից մեկը. ա) կա՛մ նա մաս­նակից է եղել կատարված հան­ցագործություններին, բ) կա՛մ հան­ցավոր անփութությամբ թերացել է կատարել իր պարտականու­թյուն­ները, գ) կա՛մ պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ չի հա­մա­պատասխանել զբաղեցրած պաշ­տոնին, դ) կա՛մ էլ՝ նախկին իշ­խա­նությունների գոր­ծողու­թյուն­ներում հանցանք չգտնելով, քա­ջու­թյուն եւ ազնվություն չի ունե­ցել պաշտո­նապես հերքելու իր գործընկերների հասցեին ուղղ­ված մեղադրանքները: Համաձայ­նենք, որ նշված գնահատա­կան­ներից յուրաքանչյուրն առանձին վերցրած, կամ բոլորը միա­սին, Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի բարոյական կերպարին ան­հա­րիր հատկա­նիշ­ներ են: Ավելին, այսպիսի խա­թարված բարոյական հատկանիշ­ներ ունեցող անձնավորությունը, կարծում եմ, ընդհանրապես իրա­վունք չունի նախա­գա­հական ընտ­րություններում առաջա­դրե­լու իր թեկնածությունը: 
 
Քոչարյանի ժառանգած ավերված երկիրը
 
Ձեզ չհոգնեցնելու համար կանդրադառնամ միայն մեզ ներ­կայացված եւս մեկ մեղադրանքի՝ դրանով ամփոփելով սույն ելույ­թում նմանատիպ հարցերի հա­մար նա­խատեսված սեղմ շրջա­նակը: Օրեր առաջ Ռոբերտ Քո­չարյանը հանդես եկավ մի հայ­տարարությամբ, թե իբր ինքը նախկին իշխանություններից ժա­ռան­գել է ավերված եր­կիր, որը տաս տարվա ընթացքում վերա­ծել է ծաղկուն դրախտավայրի: Թեեւ կարող է տարօրինակ թվալ, սակայն ես չեմ պատրաստվում պա­տասխանել այս անհեթեթ մե­ղադրանքին, որովհետեւ դրան սպառիչ կերպով ժամանակին պա­տասխանել է ոչ այլ ոք, եթե ոչ ինքը՝ մեր հարգարժան նախա­գահ Ռոբերտ Քոչարյանը: Այն էլ պատասխանել է ոչ թե սովորա­կան հայտարարությամբ, կամ հար­ցազրույցով, այլ կառավարու­թյան որոշ­մամբ եւ Ազգային ժո­ղովի կողմից ընդունված օրեն­քով: Խոսքը վերաբերում է «ՀՀ կառա­վարության գործունեու­թյան ծրագրի մասին» օրենքին, որը 1999 թ. նոյեմբերի 30-ին իր ստո­րագրությամբ վավերացրել է Քո­չարյանը: Այդ պատմական վավերագրում նախկին իշխանու­թյուն­ների օրոք Հայաստանի սո­ցիալ-տնտեսական եւ քաղաքա­կան իրավի­ճա­կի մասին ասված է բառացիորեն հետեւյալը.
 
«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջա­նում Հայաստանի Հանրապետու­թյունն ունի մի շարք կարեւոր ձեռքբերումներ՝


ա) բազմաթիվ փորձություն­ներ անցած ֆինանսական կայու­նու­թյունը, հետեւողա­կա­նորեն իրա­կանացվող կոշտ դրամա­վար­կային քաղաքականությունը, վերա­հսկ­վող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը եւ բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղա­քա­կանությունը.


բ) ոչ պետական հատվածի ձեւավորումը՝ շնորհիվ զանգվա­ծային մասնա­վորեց­ման, եւ դրա գերակշիռ դերը երկրի համա­խառն ներքին արդյունքի ձեւա­վորման գործում.


գ) տեղական ինքնակառա­վար­ման համակարգի ներդրումը, դրա զարգացման հա­մար նախա­դրյալների ստեղծումը.


դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին ան­դա­մակցությունը, այդ կազմա­կեր­պություններից արտոնյալ վար­կեր ստանալու լայն հնարավո­րու­թյուններն ու այդ կազմակերպություններում Հա­յաս­տանի դրական համբավը.


ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույն­պես վկայում է Հայաս­տա­նին աշխարհում վստահելի գործ­ընկեր ճանաչելու մասին.


զ) էներգետիկ ճգնաժամի հաղ­թահարումն ու Հայաստանն էներ­գոդեֆիցիտ երկրից էներգիայի պո­տենցիալ արտահանող դարձնելը.


է) 1994 թվականից մինչեւ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.


ը) մարտունակ բանակի կայա­ցումը, հաղթանակը Ղարաբա­ղում եւ 1994 թվականից պահ­պանվող զինադադարը.


թ) ժողովրդավարական պե­տու­թյան եւ շուկայական տնտե­սության համար ան­հրա­ժեշտ հիմնական կառույցների առկա­յու­թյունն ու կանոնակարգված աշխատանքը.


ժ) Սահմանադրության ընդու­նու­մը եւ դրանում ամրագրված համակարգերի աս­տի­ճանական ձեւավորումը.


ժա) խոսքի եւ մամուլի ազա­տությունը.


ժբ) այլակարծության վրա խարսխ­ված բազմակուսակ­ցա­կան քաղաքական համակար­գը.


ժգ) բոլոր մակարդակների ընտ­րությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պե­տության կառավարման գործըն­թաց­ներում բնակչության պա­տաս­խանատու մաս­նակից դարձնելը.


ժդ) Հայաստանը ներգրավված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազ­գային, եւրո­պա­կան, ԱՊՀ եւ տարածա­շրջա­նային կառույցներին: Էական դրա­կան տեղա­շար­ժեր են արձանա­գրված երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերու­թյուն­նե­րի ոլորտում, որի արդյունքում ձեւավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եւրո­պա­կան, Մերձավոր եւ Միջին Արեւ­ելքի երկրների, ինչպես նաեւ բազ­մաթիվ այլ պետու­թյուն­ների հետ բարեկամական փոխշա­հա­վետ հարաբերություններ: Հայաս­տա­նը կարե­ւորել է տարածա­շրջա­նա­յին համագործակցության զու­գա­կցումը հակամար­տու­թյուն­նե­րի խա­ղաղ կարգավորման գործ­ընթացներին: Մենք հետե­ւողա­կան ենք մեր հարեւանների հետ խաղաղ, տնտեսական փոխ­շա­հավետ միջպետական կապե­րի ձեւավորման գործում»:
 
Ինչպես տեսնում ենք՝ ոչ մի խոսք ավերված երկրի կամ նախ­կին իշխանու­թյուն­նե­րի օրոք դրսե­ւորված որեւէ արատավոր երեւույթի մասին: Հետո ասում են, թե ներկա իշ­խա­նությունները չեն տվել նախկինների քաղաքա­կան գնահատականը: Սրանից ավելի լավ քաղաքական գնահա­տական չէր կարող երազել ոչ մի նախկին իշխանություն: Քո­չար­յա­նին մնում է մեկ բան՝ անիծել շումերներին, փյունիկեցիներին ու Մեսրոպ Մաշ­տո­ցին, որ գիր են ստեղծել եւ իրեն դրել այսպիսի անհարմար վիճակի մեջ: Գիրն, ի դժբախ­տություն Քոչարյանի, ար­ձան է՝ հավերժական ու անջնջե­լի: Պատահական չէ, որ միջնա­դարյան հայ գրիչների ամենա­սիրած պատգամը հետեւյալն էր.
 
Ձեռս գնայ, դառնայ ի հող,
Գիրս մնայ յիշատակող:

 

 
Իսկ այժմ՝ մի քանի խոսք այսօրվա խնդիրների մասին: 
 
Նախագահական ընտրությունների գործընթացի մասին 
 
Թեեւ ոչ ֆորմալ առումով՝ նախագահական ընտրություն­նե­րի գործընթացն արդեն սկսվել է: Սերժ Սարգսյանն իր քարոզար­շավն, ըստ էության, սկսել է սույն թվականի մայիսի 12-ից, այս­ինքն՝ վերջին խորհրդարանական ընտրությունների օրվանից, իսկ ես՝ այս տարվա սեպտեմբերի 21-ից: Մյուս հավանական թեկնածու­ներն առայժմ բավա­րար­վել են իրենց առաջադրվելու մասին ար­ված ոչ պաշտոնական հայտա­րա­րություններով: Քանի որ, այս­պիսով, ընտրական գործ­ընթացն սկսված է, անհրաժեշտ եմ հա­մարում ձեր ուշադրու­թյունը հրա­վիրել մի քանի հրա­տապ հարցերի վրա: 

1995 թվականից այսկողմ Հա­յաստանում անցկացված բոլոր ընտրությունները, մեղմ ասած, վիճելի եւ աղմկոտ են եղել: Բացի սուբյեկտիվ պահերից՝ իշխանու­թյունների կա­մա­յա­կանու­թյուն­նե­րից, ընտրակեղծիքներից եւ այլն, դա ունի նաեւ մի օբյեկտիվ պատ­ճառ, որը չհաղթահարելու դեպքում մեր երկրում երբեւէ անաղմուկ եւ վստահու­թյուն ներ­շնչող ընտրություններ չեն լինի: Խոսքը վերաբերում է ընտրական հանձնա­ժո­ղով­նե­րի ձեւավորման սկզբունքին: Թեւ արտաքուստ թվում է, թե բազմակուսակցական հանձ­նաժողովները համապա­տաս­խանում են ժողովրդավա­րու­թյան պահանջներին, բայց իրա­կանում դրանք չեն նպաս­տում ազատ եւ արդար ընտրու­թյունների անցկաց­մանը: Պարտ­ված կուսակցությունները ներկա­յացնող հանձնաժողովի անդամ­ները, սո­վո­րա­բար, չեն ընդունում ընտրությունների արդյունքները եւ չեն ստորագրում ամփոփիչ արձա­նա­գրությունները: Չլինելով պետական պաշտոնյաներ, ընտ­րական հանձնաժո­ղով­ների ան­դամ­ները փաստորեն որեւէ պա­տասխանատվություն չեն կրում՝ ընտրու­թյունների ըն­թացքում եւ ձայների հաշվառման փուլում թույլ տված օրինախախ­տում­ների համար:
 
Մինչդեռ աշխարհի համարյա բոլոր քաղաքակիրթ երկրներում ընտրություններն անցկացնում է պետությունը՝ իհարկե, ապահո­վե­լով դրանց լիակատար վերա­հսկո­ղու­թյունը թեկնածուների վս­տահ­ված անձանց, կուսակցու­թյունների եւ հասարակական կազ­մակերպությունների կողմից: Շատ երկրներում ընտրական գոր­ծառույթը սովորա­բար դրվում է ներքին գործերի նախարա­րու­թյան վրա: Այսինքն՝ առկա է հս­տակ հաս­ցեատեր, որին, ընտրա­խախ­տումների դեպքում կարելի է պատասխանատվության կան­չել: Թեկուզ աշխատանքը կորց­նե­լու վախից՝ պետական պաշ­տոնյա­ները, որպես կանոն, ընտ­րական հանձնաժողովներում ավե­լի ազնիվ եւ բարեխիղճ են աշխա­տում, քան ընտ­րությունների ար­դյունքների հարցում բնական շա­հախնդրություն ունեցող կուսակ­ցա­կան ներկայացուցիչները (փաստ՝ 1990 թվականի խորհր­դա­րա­նական ընտրու­թյուն­ները): Հետեւաբար, եթե նույնիսկ առա­ջիկա նախագահական ընտրու­թյուններն անց­կացնի Հայկ Հա­րությունյանի գլխավորած համա­կարգը, ապա այդ ընտրու­թյուն­ներն ավե­լի մա­քուր եւ օրինական կլինեն, քան բազմակուսակ­ցա­կան հանձնաժողովների պարա­գա­յում:
 
Մեր իշխանության օրոք ես նման առաջարկ չէի կարող անել, որովհետեւ դա սվիններով կըն­դունվեր իմ ընդդիմախոսների կող­մից: Հարցը ժամանակին քննարկվել է մեր կողմնակիցների շրջանակում, եւ 1999 թվականի խորհրդարանական ընտրու­թյուն­ների նախօրյակին Դավիթ Շահնա­զար­յանը «Հանրա­պետու­թյուն» խմբակցության անու­նից այն հն­չեց­րել է Ազգային ժողո­վում: Ի դեպ, ՀՅԴ ղեկավարու­թյան հետ իմ ունեցած վերջին հանդիպման ընթացքում պարզ­վեց, որ Դաշ­նակցությունը նույն­պես կիսում է այս տեսակետը: Այս ամենը նշե­լով հանդերձ, հաս­կանալի է, որ մինչեւ առաջիկա նախա­գահա­կան ընտ­րու­թյունները տվյալ փո­փո­խու­թյունը հնարավոր չէ իրա­կա­նացնել, ուս­տի առայժմ այն մնում է որպես տեսական հար­ցա­դրում, որին իմ խորին հա­մոզմամբ, վաղ թե ուշ անդրա­դառնալու են մեր օրենսդիրները:
 
Սակայն կան հարցեր, որոնք պահանջում են հրատապ լուծում: Թեեւ անցած խորհրդարանա­կան ընտրությունները բարձր գնա­հատվեցին միջազգային հան­րու­թյան կողմից, բայց դրանք, թերեւս, Հայաստանի պատմու­թյան ամենախայտառակ ընտրու­թյուններն էին, քանի որ ընտ­րակեղծիքները քողարկված էին այնպիսի ճարտարությամբ, որ ոչ մի դիտորդ չէր կարող նկատել դրանք: Ընտրությունների ընթաց­քում իշխա­նու­թյուն­ների կողմից կիրառվել են, մասնավորապես, հետեւյալ երկու հնարքները.
 
Առաջին. տպագրվել է շուրջ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ, որոնք բաժանվել են հա­մայն­քապետարանների աշ­խա­տա­կիցներին, հավատարիմ գոր­ծարարներին, թա­ղային հե­ղի­նա­կություններին եւ նույնիսկ քրեա­կան տարրերին: Ընտ­րու­թյուն­ների օրը վերջիններս ավ­տո­բուս­ներով ու միկրոավտո­բուս­ներով քաղաքացիներին բե­րել են ընտ­րատեղամաս, ավտո­բուսում բա­ժա­նել արդեն քվեար­կած թերթիկ­ները, եւ ձեւական քվեար­կու­թյու­նից ու տեղամա­սում տրված դա­տարկ քվեաթեր­թիկները ստանա­լուց հե­տո միայն վճարել նրանց: 
  
Երկրորդ. տասնյակ հազարա­վոր մարդկանց իշխանությունները տրամադրել են կեղծ անձ­նագրեր կամ համապատասխան կնիքնե­րով վավերացված գրանց­ման տե­ղեկանք­ներ, որոնց շնոր­հիվ նրանք հնարավորություն են ստացել մի քանի անգամ քվեար­կել տարբեր տեղամասերում: Նշված հանճարեղ ընտրա­կեղ­ծիքները, որոնք արժանի են տեղ գրավելու արդի քա­ղաքագիտու­թյան դասագրքերում, ինչպես ասա­ցի, չէին կարող նկատվել դի­տորդների կամ վստահված ան­ձանց կողմից: Սակայն, որքան էլ հանճարեղ, գոյություն ունեն չա­փազանց պարզ մեխանիզմներ, որոնցով կարելի է իսպառ վե­րացնել այդ տիպի կեղծիք­ները: Ձեր թույլտվությամբ, այս հան­րահավաքի անունից, ես պատ­րաս­տվում եմ պաշ­տոնապես դի­մել միջազգային դիտորդական կազ­մակերպություններին՝ «Ժո­ղո­վրդա­վարական հաստատու­թյուն­ների եւ մարդու իրա­վունք­ների գրասենյակին (ODIHR), «Եվ­րո­խորհրդի խորհրդարանական վեհաժողովին» (PACE), «Ազգային դեմոկրատական ինստիտուտին» (NDI), ինչպես նաեւ Եվրոխորհր­դի գլխավոր քարտուղարին՝ հե­տեւ­յալ խնդրանքով կամ առա­ջար­կով.
 
Հորդորել կամ պարտադրել Հա­յաստանի Հանրապետության Ազ­գային ժողովին՝ կարճ ժամկետներում մեր երկրի «Ընտրական օրենքում» կատարել երկու փոփոխություն.
 
ա) Առաջիկա նախագահական եւ ապագա բոլոր ընտրություն­ների քվեա­թեր­թիկ­ները, միջազ­գա­յին կազմակերպությունների վե­րա­հսկողությամբ, տպագրել ար­տասահ­մա­նում՝ բացառելու համար հավելյալ քվեա­թեր­թիկ­ների տպագրման հնարա­վորու­թյունը.


բ) Քվեարկության ընթացքում կիրառել շատ երկրներում ըն­դունված՝ ցուցամատի թանաքոտ­ման կարգը, ինչը միակ միջոցն է միեւնույն ընտրողի կողմից կրկնակի կամ բազմակի քվեար­կություն թույլ չտալու.
 
Բացի այդ, իմ կարծիքով, դիտորդական կազմակերպու­թյուն­ները պարտավոր են ընտ­րությունների որակն ու ար­դյունք­ները գնահատել ոչ թե քվեարկությանը նախորդող մեկ շաբաթվա եւ քվեարկության օր­վա դիտարկման հիման վրա, այլ ընտրական գործ­ընթացի շուրջ եռամսյա կտրվածքով՝ արձա­նա­գրե­լով եւ դատապարտելով այդ ընթաց­քում նկատված բոլոր խախտումները:
 
Եթե այս ամենը չի արվելու, ապա միջազգային դիտորդական կազմակեր­պություն­ների առաքելությունը Հայաստանում անիմաստ է դառնում, եւ նույնիսկ ավելին՝ դա նպաս­տում է աղա­ղակող կեղծիքներով ու խախ­տում­ներով անցկացված ընտրու­թյուն­ների լեգիտիմացմանը: Եթե նախագահի մյուս թեկնածուներն ու կուսակցությունները միա­նան այս առաջարկին, ապա ես պատ­րաստ եմ վերոհիշյալ կազմակեր­պու­թյուն­ներին դիմել համատեղ հայտարարությամբ:
 
Իսկ մինչ այդ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ստեղծել ենք ընտրական գործըն­թացի վերահսկման եւ օրինա­խախ­տումների գրանցման մեր մեխա­նիզմ­ները: Մենք այսուհե­տեւ թողարկելու ենք շաբաթա­կան տեղեկանքներ՝ մեր կողմ­նա­կից­ների նկատմամբ կիրառ­ված վարչական, ոստիկանական եւ տնտեսական բռնություն­նե­րի, խոս­քի ազատության սահմանա­փա­կումների, իշխանությունների կողմից նոր ձեւա­վոր­վող շարժ­ման ակտիվիստներին ահաբե­կելու փորձերի մասին: Բացի այդ, արդեն իսկ առանձին տեղեկանք­ներ են պատրաստված մի քանի աղաղակող գործերի՝ մաս­նավո­րա­պես սույն թվականի հոկտեմ­բերի 23-ի պրովոկացիայի, Խա­չա­տուր Սուքիաս­յանի նկատ­մամբ ձեռնարկված տնտեսական տեռորի եւ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուս­տա­ընկերության կազ­մա­լուծման փորձի վերաբերյալ: Այդ տեղեկանքները մենք սիստե­մա­տիկաբար ներկայացնելու ենք Հա­յաստանում գործող բոլոր դես­պանատներին եւ միջ­ազ­գային ներ­կայացուցչություններին, ինչ­պես նաեւ՝ վերը նշված դիտոր­դական կազ­մա­կեր­պություն­նե­րին:
 
Ուստի, դիմելով ձեզ, խնդրում ենք՝ այս տիպի բոլոր բռնա­րարք­ների, ահաբե­կում­ների, վարչա­կան, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել ման­րամասն գրություններ եւ ուղար­կել կա՛մ «Արմատ» կենտրոն (Երե­ւան, Բյուզանդի 26), կա՛մ էլ՝ «Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռ­նու­թյան գրասենյակ» (Երե­ւան, Եկ­մալ­յան 16): Կրկնում եմ նախորդ ելույթում արած իմ զգուշացումը՝ թող ժո­ղովրդի կամքի վրա բռնա­ցող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշ­խա­տակից կամ թաղային հե­ղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է դա­տա­կան պատասխանա­տվու­թյու­նից: Նախորդ հանրահավաքում ես հրապարակեցի այդպիսի պաշ­տոնյաների մի փոքրիկ ցու­ցակ, որում առայժմ հարկ եմ համարում ավելացնել Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի, Անվտան­գության ծառայության պետ Գո­րիկ Հակոբյանի անուն­ները, ինչ­պես նաեւ հիշեցման կար­գով կրկնել Ոստիկանության Երեւա­նի վարչության պետ Ներսես Նա­զարյանի անու­նը, որը ոչ միայն դաս չի քաղել առաջին զգուշա­ցումից, այլեւ դրանից հետո նույն­իսկ ֆիզիկական ուժ է կիրառել թռուցիկ բաժանող երի­տա­սարդ­ների վրա: Եթե Ռոբերտ Քո­չարյանը եւ Սերժ Սարգսյանը հենց այսօր այդ ժանդարմին չհե­ռացնեն աշխատանքից նշա­նա­կում է՝ իրենք են կանգնած այդ բռնության ետեւում:
 
Իսկ այժմ` եւս մի կարեւոր հարցի մասին, եւ վերջ: 
 
Նախկին իշխանությունների ռեւանշիզմի մասին 
 
Վերջերս մեր ընդդիմախոս­նե­րի, ընդհուպ մինչեւ Հանրապե­տու­թյան նախագահի եւ վարչա­պե­տի կողմից շրջանառվում է այն թեզը, թե իմ առաջադրումը պայմանա­վոր­ված է նախկին իշ­խա­նությունների, մասնա­վորա­պես ՀՀՇ-ի ռեւանշիստական նկրտում­ներով: Այս քաղաքական աբսուրդը կարող էր ծագել միայն Հայաստանի գործող վարչախմբի անդամների կամ նվիրյալների ուղեղ­ներում: Աշխարհի բոլոր նոր­մալ, ժո­ղովրդավարական պետություններում ոչ մեկի մտքով չէր անցնի պարտված քաղաքա­կան ուժի իշխանության ձգտումը ռեւանշիզմ անվանել: Եթե որեւէ մեկն այսօր ռեւանշիստ հայտա­րա­րի, ասենք, ամերիկյան դե­մոկրատներին, անգլիական պահ­պա­նողականներին կամ ֆրան­սիական ու գերմանական սոցիա­լիստներին, ապա նա կա՛մ կկանգ­նի դատարա­նի առաջ, կա՛մ էլ հրա­ժեշտ կտա քաղաքական կա­րիերային:
 
Քոչարյանա-սերժական քա­րոզ­չության այս թեզը պարու­նա­կում է նաեւ մի այլ աբսուրդ: Քա­րոզչամեքենան իրեն դնում է ծի­ծա­ղելի վիճակում՝ չգիտակցելով, որ նախկին իշխանական համա­կար­գին հասցեագրված որեւէ մե­ղադրանք ուղղակիորեն վերաբե­րում է նաեւ Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս նրա առանց­քա­յին պատաս­խա­նատուներից մեկն էր: Այս առումով ավելի քան տա­ր­օրինակ են Հանրապետական կու­սակցության վերջին համա­գու­մարում նախկին իշխանու­թյուն­ների եւ անձամբ իմ հաս­ցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ զրպար­տություն կամ ինքնախոստովանություն, առա­վել եւս, եթե նկատի ունե­նանք, որ մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը նրա շուրթերից ոչ ոք իմ դեմ ուղղված որեւէ քննադատական ակնարկ, կամ, ինչպես ասում են, «թթու խոսք» անգամ չի լսել: Թե ինչ­պիսի բարոյական նկարագրի տեր մարդ է հավակնում Հայաս­տանի նախագահի աթո­ռին, թող­նում եմ ձեր դատողությանը: Քա­նի գնում, ես ավելի ու ավելի հա­մոզվում եմ, որ իսկապես ապաշ­խարության եւ մեղքերի թողու­թյան խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղ­ծու­թյամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քո­չար­յանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոս­տովա­նում եմ՝ սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին, սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն՝ թույլ տվեք, օգնեք ինձ՝ ձեզ ազատելու այդ փորձանքից:
 
Այս ամենն արձանագրելով հան­դերձ՝ վերջնականապես հանգստաց­նելու համար մեր վե­րա­դարձից կամ ռեւանշիզմից սար­սափողներին, այս բարձր ամ­բիոնից պաշ­տո­նա­պես հայ­տա­րարում եմ.
 
Հայոց Համազգային Շարժման հայտնի դեմքերից ոչ մեկը իշխա­նության մեջ տեղ զբաղեցնելու եւ պետական պաշտոնների տիրե­լու հավակնություն չունի: Ես առա­ջա­դրվելու եմ ոչ թե որպես ՀՀՇ-ի կամ մի այլ կուսակցության թեկնածու, այլ քաղաքա­ցիական նախաձեռնության հիմունքով: Իմ եւ ինձ սատարող բոլոր քաղա­քա­կան ուժերի նպատակը ոչ թե բարձր աթոռների բազմելն է, այլ միայնումիայն Հայաստանի նե­րկա հանցավոր վարչախմբի վեր­արտադրության խափանումը: Մեր ուզածն ընդամենը նորմալ, քա­ղաքակիրթ, իրավական պետու­թյուն ունենալն է, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների ան­վտանգության, ազատության եւ բար­օրության ապահովումը:
 
Ուստի, որպեսզի այլեւս ոչ մի կասկած չմնա, որ մենք հետա­պն­դում ենք այլ նպա­տակներ, պաշ­տոնապես հայտարարում եմ նաեւ հետեւյալը. Հայաստանի Հանրա­պե­տու­թյան նախագահի պաշ­տոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքակա­նությունից՝ ձեզ հնարավորու­թյուն տալով լիովին ազատ եւ օրի­նական ընտրությունների միջո­ցով երկրի նոր Նախագահ ընտ­րել: Ընդ որում՝ այդ ընտրու­թյուն­ներին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է Ազգային ժողովի նախա­գահը: Երեք տարին ինձ անհրաժեշտ է՝ Ավգյան ախոռ­նե­րը մաքրելու եւ պետությունը նոր­մալ հիմքերի վրա դնելու համար: Իսկ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելը ես հասկանում եմ որպես միջոցառումների մի լայն ծրագիր, որը ձեզ կներկայացնեմ իմ հետագա ելույթներում եւ հրապարակումներում:
 
Ինչպես ասում են, ես խաղում եմ բաց քարտերով՝ առանց կոնս­պիրացիայի եւ գաղտ­նի պայ­մա­նա­վորվածությունների: Քաղա­քա­կան ուժերի հետ իմ ունե­ցած բո­լոր հանդի­պումնե­րում ես որեւէ սակարկության չեմ գնացել: Պար­զա­պես շարադրել եմ իմ տե­սա­կետները՝ ներկա իրա­վի­ճակից դուրս գալու անհրա­ժեշ­տության եւ քոչարյանական ռե­ժի­մի վեր­արտադրման վտանգը կան­խելու մասին: Թե՛ Ստեփան Դե­միրճյանի, թե՛ Հրանտ Մար­գար­յանի, Վազ­գեն Մանուկյանի, Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանի, Ար­տա­շես Գեղամյանի, Ար­թուր Բաղդա­սարյանի, Լյուդ­մի­լա Սարգսյանի հետ հանդի­պում­ներում ես նշել եմ, որ առա­ջիկա ընտրարշավում իմ միակ թի­րախը լինելու է ներկա իշխա­նությունների ներ­կայացուցիչը: Մյուս թեկնածուների հետ ես բանավեճի մեջ չեմ մտնելու, չեմ պա­տասխանելու նրանց քննա­դա­տու­թյուններին եւ հարձա­կում­ներին:
 
Իսկ այժմ, անվանապես դիմե­լով վերը թվարկված քաղաքա­կան գործիչներին (բացի Ստե­փան Դեմիրճյանից եւ Լյուդմիլա Սարգսյանից, որոնք արդեն ար­տահայտել են իրենց դիրքորո­շումը), դիմելով նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկ­նա­ծուներին, այս հանրահավաքի անունից կոչ եմ անում միանալ քոչարյանա-սերժական ավազա­կա­պետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը: Մենք, այսինքն՝ անձամբ ես եւ իմ կողմնակիցները, մեզ ամբողջո­վին դնում ենք ձեր տրամա­դրու­թյան տակ: Մեզ պարզապես օգ­տա­գործեք որպես գործիք՝ հան­ցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրի­նական իրավունքն իրացնելու նպատա­կով, ինչի համար ձեզա­նից ընդամենը պահանջվում է համբերել երեք տարի, գուցե եւ ավելի քիչ:
 
Եթե այս կոչն էլ մնա «ձայն բար­բառոյ յանապատի», եւ եթե ընդդիմությունն ընտրություն­նե­րին մասնակցի տրոհված շար­քերով, ապա դա կծառայի միայն Սերժ Սարգսյանի շահերին: Կո­չին չարձագանքելու պարագա­յում, ձեր տված ոչ մի հիմնա­վո­րում ու բացատրություն երբեւէ հասկա­ցո­ղություն չի գտնի ժո­ղովրդի սրտերում: Այդ պարագայում, բնականաբար, չեղյալ կհայտարարվի նաեւ վերը նշված իմ առաջարկի եռամյա պայմանաժամկետը: Իմ հաստա­տա­կա­մու­թյունն ամենեւին կախ­ված չէ ձեր դրա­կան կամ բացա­սական պա­տաս­խա­նից: Ես արդեն մտել եմ ջուրը եւ թրջվելուց չեմ վախե­նում, ար­դեն նետել եմ ձեռնոցը, եւ առանց աջուձախ նայելու, գնալու եմ մին­չեւ վերջ: Ուստի՝ 
 
Պայքա՛ր, պայ­քա՛ր մինչեւ վերջ: 

 
Իսկ այժմ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել հան­րահավաքը վարող Նիկոլ Փաշին­յանին եւ հանրահավաքի անց­կաց­ման ժամանակ ոստիկա­նու­թյան ներկա­յացուցիչ նշանակ­ված, Երեւանի փոխոստիկա­նա­պետ Ալեք­սանդր Աֆյանին՝ իր պար­տականությունները բարեխիղճ կերպով կատարելու համար: 
 
Բարի գիշեր: