| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱ. ՆԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
28. ուզում եմ իմանաք
Վերջին մեկ ժամը ես ու Ֆրեդը լուռ նստած էինք սրճարանային սեղանի շուրջ. այս ընթացքում մի-մի սենդվիչ կերանք, որովհետեւ չէինք դիմանա մինչեւ ընթրիքը: Սենդվիչը կերանք լուռ, հետո նստած էինք լուռ: Ֆրեդը մեկ-մեկ վերցնում էր թերթը, մի քիչ կարդում ու մի կողմ դնում: Ես ամփոփել էի հայաստանյան գերեզմանների մասին մտածումներս եւ միայն այդ ժամանակ նկատեցի, որ Ֆրեդը նույնպես մտատանջությունների մեջ է: Ես նրան մի երկու հարց տվի` հասկանալու համար, թե ինչն է նրան տանջում.
- Գուցե ես պետք է դամբանականո՞վ հանդես գայի, բայց ինձ ոչ ոք չառաջարկեց էլ,- հառաչեց նա:
Ֆրեդը շատ էր տանջվում այն մտքից, որ իր եւ Կետի հարազատների մեջ ինչ-որ չպարզաբանված հարցեր կան: Նա բացատրվելու կարիք էր զգում, բայց չգիտեր` դա ինչպես անել: Մենք մի քիչ խոսեցինք այդ մասին, ու ես Ֆրեդին խորհուրդ տվեցի դա անել հենց առաջիկա ընթրիքի ընթացքում` բաժակաճառի միջոցով: Այս միտքը սկզբում այնքան էլ հաջող չթվաց Ֆրեդին, բայց ես նրան բացատրեցի դրա առավելությունները. նախ նման քայլի համար որեւէ մեկի հետ պայմանավորվելու կարիք չկա, եւ հետո` ասելիքի հասցեատիրոջը երկար-բարակ պետք չէ խոսակցության տրամադրել. ուղղակի վերցնում ես բաժակդ, վեր կենում եւ ասում ասելիքդ: Ֆրեդը համաձայնվեց:
Սգո ընթրիքը տեղի ունեցավ ռեստորանային մի սրահում ընտանեկան միջավայրում. ներկա էր 20-25 հոգի: Բոլորս նստեցինք մի մեծ քառակուսի սեղանի շուրջ: Ես նստել էի Ֆրեդի եւ Կետրինի հեռավոր զարմիկի` Քվենտինի մեջտեղը: Մենք արագ ծանոթացանք ու մի քանի բառ փոխանակեցինք: Երեցը աղոթք ասաց, եւ ընթրիքը սկսվեց: Սեղանի շուրջ մարդիկ զրուցում էին տարբեր բաների շուրջ: Ես իմացա, որ Քվենտինը Փարիզում է ապրում եւ աշխատում, ես էլ ասացի, որ մտադիր եմ Էդինբուրգից Փարիզ մեկնել. կարճ ասած, Քվենտինի հետ խոսակցության նյութ գտնվեց: Նա հարցրեց, թե վաղո՞ւց եմ ճանաչում Ֆրեդին, ես ասացի, որ Կետի մահվան օրն եմ ծանոթացել, ու կարճ պատմեցի, թե ինչպես է դա տեղի ունեցել: Այդ պատմությունը հետաքրքիր թվաց Քվենտինին, եւ նա շատ հուզիչ համարեց իմ ներկայությունը Կետի թաղմանը.
- Բոլորին թվում է, թե դուք Ֆրեդի հետ վաղուցվա ընկերներ եք,- ասաց նա:
Սա բնական է, որովհետեւ Ֆրեդը ինձ ներկայացրել էր որպես իր ընկեր: Քվենտինը լուրջ մարդ էր երեւում. նա միջահասակ էր, ընդգծված շեկ, չափավոր երկար մազերով, կապույտ աչքերով: Նկատելի էր, որ ամուր կազմվածք ունի: Ես անգամ մտածեցի, թե մարզիկ է: Բայց պարզվեց, որ Քվենտինը շատ լուրջ աշխատանքով է զբաղված. նա ծառայում է Ֆրանսիայի նախագահի թիկնազորում: Այս` ինձ ու Ֆրեդի համար սենսացիոն բացահայտումը Քվենտինը արեց երեկոյան, երբ ինքն ու Կետի եղբայր Ալանը ինձ ու Ֆրեդին հրավիրեցին վիսկի խմելու: Իսկ ընթրիքի ընթացքում ես չէի էլ կռահում այդ մասին:
Ինչեւէ, ես դիտավորյալ անընդհատ զրուցում էի Քվենտինի հետ` թողնելով, որ Ֆրեդը որոշում կայացնի իր անելիքի մասին եւ ժողովի մտքերը: Եւ ահա, իմ ու Քվենտինի զրույցի թեժ պահին ես իմ աջ կողմում վճռականություն զգացի. Ֆրեդը ոտքի ելավ եւ խոսք ասելու թույլտվություն խնդրեց:
Բնականաբար, ոչ ոք չառարկեց.
- Ես ուզում եմ դուք իմանաք` ես շատ եմ սիրել Կետրինին: Մենք իրար հետ ապրեցինք տարիուկեսից մի փոքր ավելի, եւ դա իմ կյանքի ամենաերջանիկ շրջանն էր. թույլ տվեք ասել` դա երջանիկ ժամանակ էր նաեւ Կետրինի համար: մենք ապրում էինք ինչպես երազում: Ապագայի իմ բոլոր պլանները կապված էին Կետրինի ու փոքրիկի հետ. մենք հույս ունեինք, որ աղջիկ կծնվի, եւ մենք նրան Կետրին կանվանենք: Կետը ինձ շատ է պատմել ձեր մասին, եւ նա շատ սիրում էր բոլորիդ: Ես ինձ մեղավոր եմ զգում ձեր առաջ եւ ուզում եմ ներողամտություն հայցել. նաեւ շնորհակալ եմ ձեզնից իմ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, ինչպես նաեւ Կետրինի գոյության համար:
Սա էր Ֆրեդի խոսքը. բաժակաճառի ընթացքում նրա ձայնը երբեմն խզվում էր. նրա աչքերը թաց էին: Թաց էին նաեւ Կետրինի ծնողների աչքերը: Ֆրեդի խոսքից հետո սեղանի շուրջ լռություն տիրեց: Քիչ անց Կետրինի հայրը` պարոն Սեմյուելը, այնուամենայնիվ, խոսեց.
- Գիտե՞ք, Ֆրեդ,- ծանրաշունչ սկսեց նա,- մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ հիմա 21-րդ դարն է, եւ Կետը, ինչպես նաեւ դուք լիովին ի վիճակի էինք ձեր կյանքը տնօրինել ըստ ձեր որոշումների եւ զգացմունքների: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք ձեզ որեւէ բանում չենք մեղադրում, չենք մեղադրում նաեւ Կետին. մենք ուղղակի սգում ենք:
Ինձ թվաց, թե այս խոսքից հետո Ֆրեդի սրտից քար ընկավ, եւ ես լսեցի այդ քարի թրխկոցը: Ընթրիքի ընթացքում որեւէ այլ նշանակալի բան տեղի չունեցավ, բացի այն, որ ես ու Քվենտինը մի լավ զրուցեցինք: Ընթրիքից հետո, ինչպես ասացի, Ալանն ու Քվենտինը ինձ ու Ֆրեդին հրավիրեցին գնալ մի տեղ` վիսկի խմելու: Մենք համաձայնեցինք:
Վիսկիի սեղանի շուրջ Քվենտինը ինձ հարցրեց, թե ինչով եմ զբաղվում. ես ասացի` մի քիչ լրագրությամբ, մի քիչ քաղաքականությամբ ու հիմա էլ շուրջերկրյա ճանապարհորդություն եմ անում` գրելու, լավ նյութ գրելու հույսով: Այստեղ Ալանը ասաց, որ Քվենտինն էլ կապ ունի քաղաքականության հետ. դա ինձ ու Ֆրեդին շատ զարմացրեց: Մենք սկսեցինք հարցուփորձ անել Քվենտինին, ու նա, թերեւս զգալով, որ Ալանը իրեն կմատնի, խոստովանեց, որ ծառայում է Ֆրանսիայի նախագահի թիկնազորում: Քվենտինի ընտանիքը արդեն մի քանի սերունդ բնակվում էր Ֆրանսիայում, բայց չէր կորցրել կապը Շոտլանդիայի հետ: Իմանալով Քվենտինի գործի բնույթի մասին` ես հասկացա, որ կա՛մ պետք է նրան պատմեմ իմ պատմությունը, կա՛մ գործ չպիտի ունենամ նրա հետ: Ի վերջո որոշեցի պատմել, ու Ֆրեդն էլ ինձ օգնեց որոշում կայացնել (Լոզանում ես նրան պատմել էի ամեն ինչ): Ես թղթի վրա գրեցի ու Քվենտինին տվեցի իմ իսկական անուն-ազգանունը եւ հորդորեցի ինտերնետից ստանալ իրեն անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Քվենտինի արձագանքը շատ զուսպ էր. նա, իհարկե, ակնհայտորեն մտահոգվեց: մենք բավական ուշ ժամի բաժանվեցինք եւ պայմանավորվեցինք հաջորդ օրը զրույցը շարունակել Կետրինենց տանը, ուր պիտի գնայինք ճաշելու:
Այդ ճաշից հետո Քվենտինն ասաց, որ իմ մասին անհրաժեշտ ինֆորմացիան ունի, եւ որ մխիթարական է, որ ես չեմ փնտրվում Ինտերպոլի կողմից: Նա ասաց, որ ճաշից հետո մեկնելու է Փարիզ, ու երբ ես այնտեղ հասնեմ, կարող եմ զանգել իրեն: Ես ասացի, որ իրենից մի ակնկալիք ունեմ` Կուբայի եւ Ճապոնիայի վիզա ձեռք բերել: Քվենտինը ոչինչ չխոստացավ:
(շարունակելի)
Քննարկեք բլոգում
|
|