ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. Մի քանի դիտարկումներ
դիտարկում առաջին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բոլորս էլ գիտեինք. հաղթում է նա, ով պայքարում է մինչեւ վերջ: Ընդ որում` միջանկյալ, ոչ վերջնական հաղթանակները, դրանցից առաջացած ոգեւորությունը շատ հաճախ բացասական դեր են խաղում:
Մինչեւ վերջ պայքարելու համար անհրաժեշտ է մանր հաղթանակներից չոգեւորվել եւ մանր պարտություններից չհուսահատվել, այլ մշտապես լինել նպատակամղված, տրամադիր` մինչեւ վերջ պայքարելու: Իսկ մինչեւ վերջ նշանակում է մինչեւ հաղթանակ. ի վերջո, փլեյ-օֆֆ փուլում խաղը չի ավարտվում այնքան ժամանակ, մինչեւ կողմերից մեկը վերջնական հաղթանակ չի տարել. մենք գտնվում ենք հենց փլեյ-օֆֆ փուլում:
դիտարկում երկրորդ
Մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամները զարմանում են, որ իրենց նկատմամբ ավանսով անվստահություն կա. «Մենք դեռ ոչինչ չենք արել, բայց արդեն մեր օբյեկտիվությունը կասկածի տակ են առնում»,- զարմանում են նրանք: Թվում է` իրավացիորեն են զարմանում: Բայց մի հեռավոր գյուղում այսպիսի մի ասացվածք կա. «Ճուտը ծյըվի միջին ա մյաշյուր անըմ»: Գեւորիկի անունով փառաբանված հանձնաժողովի անդամները չեն էլ նկատել, որ իրենք վաղուց արդեն «ուսումնասիրել» եմ մարտի 1-ի դեպքերը, եզրակացություններ արել եւ այդ եզրակացությունները հրապարակել ասուլիսներում եւ հարցազրույցներում: Մնում է միայն դրանք ձեւակերպեն թղթի վրա: Դրա բովանդակությունը հիմա արդեն կասկած չի հարուցում. հարցն այն է, թե հանձնաժողովի անդամներից ով ինչքան «հոնորար» կստանա` Գյուլնազ տատի հեքիաթների մարտիմեկյան վարկածը գրելու համար:
դիտարկում երրորդ
«ՎիվաՍել» ընկերությունը շարունակում է աշխարհով մեկ եթեր թողարկել իր գովազդային հոլովակը, որի մեջ մի ջահել տղա «Նիվա» մեքենայով ճամփորդում է սարերով: Եւ ահա` մեքենայի անվադողը ծակվում է: Երիտասարդ վարորդը բացում է բեռնախցիկը, ու` վա՛յ քու, արա՛, ո՛չ պահեստային անվադող կա, ո՛չ դամկրատ: Օգտվելով «ՎիվաՍելի» ծառայությունից` նա օգնության զանգեր է անում: Զանգը` զանգ, բայց այդ «Նիվայով» տղային ուզում եմ ասել. «Ապե՛ր, «Նիվայի» զապաս պագրիշկան ու դամկրատը ոչ թե բեռնախցիկում են լինում, այլ կապոտի մեջ. կապոտը բաց, ու զանգելու կարիք չի լինի»:
դիտարկում չորրորդ
Սերժի թիմը նորից սկսել է գործի դնել իր հին զենքը` մուտիլովկան: Մամուլում կաթացնում են առաջին հայացքից աննշան լուրեր, որոնց նպատակը Համաժողովրդական շարժման տարբեր թեւերի մեջ հակասություններ գցելն է: Բայց, ինչպես իրավիճակը մեկնաբանեց իմ ծանոթ Ժոռիկը, իրանք, այսինքն` Սերժի թիմը, չգիտեն, որ ըտենց պրիմիտիվ կտերը մենակ հավերն են ուտում:
դիտարկում հինգերորդ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ինքը չի բացառում, որ արտահերթ նախագահական ընտրություններում Համաժողովրդական շարժման կողմից նախագահի թեկնածու կարող է առաջադրվել ոչ միայն ինքը, այլեւ շարժման լիդերներից որեւէ ուրիշ գործիչ, հերթական ապտակն էր բոլոր նրանց, ովքեր աղաղակում են, թե Տեր-Պետրոսյանի այս փուլի գործունեության շարժառիթը իշխանության մոլուցքն է: Առաջին նախագահը վերը նշված հայտարարությամբ եւս մեկ անգամ ապացուցեց, որ պայքարում է ոչ թե հանուն սեփական, այլ հանուն հանրային ամբիցիաների: Ես չեմ կասկածում, որ շատ շուտով առաջին նախագահը նորից կընտրվի ՀՀ նախագահ եւ կստանձնի այդ պաշտոնը: Բայց դա տեղի կունենա ոչ թե այն պատճառով, որ նա ինքն է այդպես ուզում, այլ այն պատճառով, որ այդպես է ուզում ՀՀ քաղաքացիների 50+1 տոկոսը:
Հ.Գ. Ցավով իմացա, որ Վայոց ձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Տ.Մ.-ի հարեւան Շուշիկը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը տված ցուցմունքում նշել է, թե Կոնդոլիզա Ռայսը իր ամուսին Շմավոնին փող է տվել` Հայաստանում իշխանափոխություն անելու համար: Քաշվանք:
Քննարկեք բլոգում
|