| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Համաժողովրդական պայքարը, որ այսօր Հայաստանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի դրոշի ներքո եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, անշուշտ, պայքար է հանուն Ազատության:
Խնդիրն այն է, սակայն, որ Ազատությունը ինքը շատ ընդգրկուն հասկացություն է, եւ ուրեմն` երբեմն կոնկրետության անհրաժեշտություն է զգում: Այսօր շատերը, որ ուզում են հասկանալ միանա՞լ շարժմանը թե շարունակել պատերի տակ դժգոհելու իրենց գործելաոճը` հարց են տալիս. ի՞նչ նկատի ունեք Ազատություն ասելով, ոչ թե իդեալի գաղափարի, այլ կոնկրետ քաղաքական անելիքի մակարդակում: Ոմանք անգամ ասում են` եթե պիտի Հայաստանում էլ միասեռականների ամուսնությունները թույլատրվեն, մենք դեմ ենք դրան, չենք ուզում այդ ազատությունը: Ահա այս եւ այսօրինակ դիրքորոշումնեը հուշում են, որ մենք պետք է ամենապարզ կերպով ձեւակերպենք Ազատության, մեր կողմից ջատագովվող Ազատության իմաստը: Սա նաեւ կարեւոր է այն առումով, որ պայքարում ներգրավված են շուրջ 20 կուսակցություններ, դրանից ավելի մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, եւ Ազատության մասին նրանց պատկերացումները, ընկալումները, իդեալները կարող են նույնական չլինել: Ավելի ճիշտ` հաստատ նույնական չեն: Բայց մյուս կողմից` նրանք միասին պայքարում են հանուն Ազատության, նշանակում է Ազատության նրանց ընկալումների մեջ կան այնպիսի ընդհանրություններ, որ նրանց դարձնում է համախոհ: Եւ հենց այս ընդհանրություններն են այն սկզբունքները, որ Համաժողովրդական շարժումը նկատի է առնում Ազատություն ասելով: Ավելի կոնկրետացնենք, եւ փորձենք ձեւակերպել, թե այս պարագայում ինչ ասել է Ազատություն` քաղաքական անելիքի իմաստով: Ձեւակերպումը հետեւյալն է. Հայաստանի իշխանությունները, բոլոր մակարդակներում` սկսած ՏԻՄ մարմիններից, վերջացրած երկրի նախագահով, պետք է ձեւավորվեն քաղաքացիների Ազատ կամարտահայտման միջոցով, բացառապես Ազատ կամարտահայտման միջոցով: Բայց սա ամենը չէ. ժողովուրդը Ազատ կամարտահայտմամբ ոչ միայն պետք է իշխանություն ձեւավորելու, այլեւ նույն Ազատ կամարտահայտման միջոցով այդ իշխանությունից ազատվելու հնարավորություն ունենա:
Այսինքն, ժողովուրդը պետք է հնարավորություն հնարավորություն ունենա ոչ միայն նախագահ ընտրել այն մարդուն, որին ինքը ուզում է տեսնել նախագահի պաշտոնին, այլեւ պետք է հնարավորություն ունենա, ասենք, հաջորդ ընտրություններում` արտահերթ կամ հերթական ընտրել եւ նախագահ դարձնել մեկ ուրիշ մարդու, գործող նախագահի քաղաքական հակառակորդին: Ահա սա է մեր ջատագոված Ազատության գագաթը, եւ այս երվորյակ սկզբունքները պետք է դառնան մեր Ազատության հիմքն ու պսակը: Մնացած սկզբունքները պետք է ծառայեն ժողովրդի Ազատության, այսինքն ինքնիշխանության ամրապնդմանը: Այդպիսի երկու մայր սկզբունք կա, որ կուզենայի առանձնացնել. առաջինը խոսքի Ազատության, երկրորդը` տնտեսական գործունեության Ազատության սկզբունքն է: Չեմ կարծում, թե հարկ կա այս հրապարակման մեջ խոսել վերջին երկու սկզբունքների դետալների մասին, որովհետեւ այդ հարցը բազմիցս քննարկվել է եւ մեկնաբանվել: Այսօրվա ասելիքի իմաստն այն է, որ Համաժողովրդական շարժումը Ազատություն հասկացությունը պետք է արձանագրի նշված երեք սկզբունքներից կազմված եռանկյունու տեսքով, որի գագաթին իշխանություն ձեւավորելու եւ իշխանությունից զրկելու ժողովրդի ինքնիշխան իրավունքն է: Արձանագրենք նաեւ, որ եթե ժողովրդի այս բարձրագույն իրավունքը ոտնահարված է, ժողովուրդը իրավասու է այն վերականգնել իրեն հարմար ցանկացած մեթոդով, եւ այդ մեթոդը լեգիտիմ է ի բնե, անկախ նրանից` դա զինված ապստամբություն է, թե խաղաղ հանրահավաք: Անկախ ամեն ինչից Համաժողովրդական շարժումը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանության վերականգնմամբ, որի սիմվոլը կարող է դառնալ Տեր-Պետրոսյանի ընտրվելը ՀՀ նախագահ:
Բայց կարեւոր է արձանագրել, որ Համաժողովրդական շարժումը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պայքար է, այլ պայքար է հանուն ժողովրդի ինքնիշխանության վերականգնման, եւ Տեր-Պետրոսյանի դերը այս պայքարում, ինչպես ինքն է ասել, պայքարի խթան, գործիք լինելն է: Ոմանք ասում են, թե չեն հավատում Շարժման ղեկավարի հռչակած սկզբուքնենրին եւ հղում են անում 1996 թվականի վրա: Տեր-Պետրոսյանը չի արհամարհել այսպիսի տեսակետներ ունեցողներին եւ հայտարարել է, որ պատրաստ է նախագահ ընտրվելուց երեք տարի անց հրաժարական տալ, եւ ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից (այս միտքը Տեր-Պետրոսյանը կրկնեց նաեւ վերջերս Գյումրիում կայացած հանրահավաքում): Այս հայտարարությունը ինչ մեկնաբանություն ասես չստացավ, բայց գլխավորը չասվեց. իր այդ խոստմամբ Տեր-Պետրոսյանը արձանագրեց, որ Համաժողովրդական շարժման գլխավոր գործող անձը ոչ թե ինքն է կամ հարթակում կանգնած որեւէ ոք, այլ հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացին, որին «Հայլուրը» «բոմժ» է անվանում:
Երանի «բոմժերին», որովհետեւ նրանցն է իշխանությունը:
Հ.Գ. Անշուշտ, իմ նշած սկզբունքները չեն ընդգրկում «Ազատություն» հասկացության ողջ իմաստը: Բայց «Ազատություն» հասկացության նոր իմաստների արձանագրումն ու դրնաք ՀՀ-ում ներդնել-չներդնելը Հայաստանի ժողովրդի եւ նրա ընտրած իշխանությունների հարաբերության գործ է: Այս պահին արձանագրենք, որ Համաժողովրդական շարժման նպատակը ոչ թե Տեր-Պետրոսյանին կամ որեւէ անձի, այլ Հայաստանի ժողովրդին իշխանության բերելն է, ժողովրդի ինքնիշխանությունը վերականգնելը:
Քննարկեք բլոգում
|
|