| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
32. խոնավ է Էդինբուրգը
Նոր Կտակարանի մեր փնտրտուքը երկար չտեւեց. ծեր գրավաճառը ուրախությամբ եւ հանդիսավորությամբ մեզ տվեց մի-մի գրպանի Կտակարան: Նա ափսոսանքով էր ասում, որ հիմա երիտասարդությունը քիչ է կարդում, իսկ Աստվածաշունչ կամ Նոր Կտակարան` առավել եւս: Վիկտորը խոստովանեց, որ վերջին անգամ այս գիրքը ձեռքն է վերցրել 10 կամ 15 տարի առաջ, բայց մինչեւ վերջ չի էլ կարդացել:
Մինչ մենք կանգնած էինք գրախանութում, ես փնտրեցի-գտա ու բարձրաձայն կարդացի. «Երանի~ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի հագենան»: Վիկտորը վիզը ձգեց, նայեց, թե որ էջից եմ կարդում, բացեց այդ էջը, նայեց, թերթեց, թերթեց ու էլի բարձրաձայն կարդաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք եւ այս թթենուն ասեք` արմատախիլ եղիր եւ տնկվիր ծովի մեջ, նա իսկ կհնազանդվի ձեզ»:
- Տղերք, գիտե՞ք, որ սերիական մարդասպաններն էլ են սիրում մեջբերումներ անել Աստվածաշնչից,- հեգնական հարցրեց Ֆրեդը:
- Աստված ոչ ոքի չի արգելում իրեն աղոթել, եւ յուրաքանչյուր ոք միշտ էլ ապաշխարելու հնարավորություն ունի, - Ֆրեդին ի պատասխան ասաց ծեր գրավաճառը:
- Իհարկե, դուք ճիշտ եք, կոլեգա,- գրավաճառին պատասխանեց Ֆրեդը եւ դուրս եկավ:
Ես վճարեցի գրքերի համար, ու մենք հետեւեցինք նրան. շուտով հայտնվեցինք մի մեծ հրապարակում, որ եզերվում էր հինավուրց, մամռակալած պատեր ունեցող, աշտարակավոր շենքերով, որոնց երկայնքով սրճարաններ էին շարված: Մենք տեղ զբաղեցրինք դրանցից մեկում եւ սուրճ պատվիրեցինք: Վիկտորը ինձ առաջարկեց մակագրություն թողնել իր Նոր Կտակարանի վրա առ այն, որ ես այսինչ թվի այսինչ օրը այդ գիրքը նվիրեցի իրեն: Ես հրաժարվեցի. հո չէի՞ կարող կեղծ անունով ստորագրել Սուրբ Գրքի վրա: Իսկ Վիկտորի առաջ բացահայտվելը իսկական թիթիզություն կլիներ` «գաղտնի, ի լուր աշխարհի» սկզբունքի անպատեհ իրագործում:
- Ե՞րբ ես Փարիզ մեկնում,- հարցրեց ինձ Ֆրեդը:
- Չգիտեմ: Գուցե վաղը, գուցե մյուս օրը,- պատասխանեցի ես:
- Դեմ չե՞ս լինի, եթե քեզ ուղեկցեմ:
- Իհարկե` ոչ,- ուրախացած ասացի ես:
- Ուրեմն, եկ վաղը գիշեր մեկնենք,- առաջարկեց Ֆրեդը եւ պատճառաբանեց,- խոնավ է Էդինբուրգը:
- Պայմանավորվեցինք,- ասացի ես ու դիմեցի Վիկտորին,- գալի՞ս ես մեզ հետ:
- Չէ, պարոնայք. կներեք, բայց ես` New York, New York,- Սինատրայի նման երգեց նա:
Փարիզ գալու Ֆրեդի որոշումը ինձ համար շատ հաճելի էր: Մենք ահագին մտերմացել էինք, եւ համատեղ ճանապարհորդությունը խոստանում էր առնվազն ձանձրալի չլինել: Նա իր վրա վերցրեց ինքնաթիռի տոմսեր եւ հյուրանոց պատվիրելու գործը: Որոշեցինք հաջորդ օրը ծաղիկներ դնել Կետրինի գերեզմանին, ապա այցելել նրա ծնողներին:
Էդինբուրգից Փարիզ ինքնաթիռները թռչում են մի քանի ժամը մեկ, այնպես որ` տոմս գնելը առանձնապես դժվար չէր: Ավելին, թռիչքից մի քանի ժամ առաջ կարելի էր ինտերնետով տոմս գնել` ուղղակի ծիծաղելի գներով, մանավանդ եթե խոսքը գիշերային թռիչքի մասին է: Ֆրեդը այս գործից գլուխ հանում էր. ասաց, որ եթե բախտներս բերի, կարելի է տոմս գնել, ասենք, հինգ եվրոյով: Առաջ անցնելով` ասեմ, որ նա 30 եվրոյով տոմս պատվիրեց գիշերը ժամը 03.45-ին նախատեսված թռիչքի համար: Բայց դա տեղի ունեցավ թռիչքից հինգ ժամ առաջ, երբ մենք վերադարձել էինք Կետրինենց տնից:
Սկզբից մենք գնացինք գերեզմանատուն. Ֆրեդը վարդերի մի մեծ փունջ դրեց Կետրինի շիրիմին:
Մենք լուռ կանգնած էինք գերեզմանի առաջ, ու Ֆրեդը ասաց.
- Գիտե՞ս, հավատս չի գալիս, որ սա իրականություն է...
Ես ոչինչ չասացի, բայց իմ հավատն էլ չէր գալիս, որ սա իրականություն է. որ ես` հեռու իմ հայրենիքից, իմ ընտանիքից, իմ ընկերներից, իմ պայքարից, մի անծանոթի հետ հարգանքի տուրք եմ մատուցում մի ուրիշ` օտար ու անծանոթ մարդու հիշատակին:
Կետրինի ծնողները մեզ ընդունեցին սիրալիր եւ քաղաքավարի: Ալանը տուն եկավ մեզնից հետո եւ, իմանալով, որ մեկնում ենք Փարիզ, խոստացավ Քվենտինին զանգել` ինձ օգնելու հորդորներով: Ես շնորհակալություն հայտնեցի նրան: Մենք ճաշեցինք Կետրինենց տանը, հրաժեշտ տվինք նրանց ընտանիքին, վերադարձանք իմ հյուրանոց: Նախասրահում հանդիպեցինք Վիկտորին. նա ասաց, որ մեզ էր սպասում` հրաժեշտ տալու համար: Մենք մի քիչ նստեցինք, թեյ խմեցինք, հետո Ֆրեդը ասաց, թե գնում է ինտերնետով տոմս կպցնելու: Ես էլ ինտերնետում մի քիչ քչփորելու ցանկություն հայտնեցի: Վիկտորը մեզ բարի ճանապարհ մաղթեց, մենք էլ` իրեն:
Տոմս կպցնելու համար Ֆրեդից 1 ժամ պահանջվեց: Եթե մի քիչ էլ համբերեինք, հնարավոր է ավելի էժան գնեինք նույն տոմսը, բայց այդ գինն էլ մեզ ձեռնտու էր:
Տոմսի հարցը լուծելուց հետո Ֆրեդը գնաց իր հյուրանոց, ես էլ բարձրացա իմ սենյակ: Ֆրեդի հյուրանոցը օդանավակայանի ճանապարհին էր, եւ որոշեցինք, որ ես տաքսի վերցնեմ ու ժամը երկուսին մոտենամ իրեն: Այդպես էլ արեցի:
Օդանավակայանում բարեհաջող անցանք անձնագրային ստուգումը, մնացած ստուգումները ու բարձրացանք ինքնաթիռ: Շուրջ մեկ ժամից մեր օդանավը վայրէջք կատարեց Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում:
Էլ ո՞ւմ անունով պետք է կոչվեր Փարիզի օդանավակայանը, եթե ոչ Շառլ դը Գոլի: Եթե չլիներ դը Գոլը, Փարիզի օդանավակայանը որեւէ մեկի անունով չպիտի կոչվեր, այնպես, ինչպես Վիեննայի կամ Էդինբուրգի օդանավակայանները որեւէ մեկի անունով չեն կոչվում:
Մենք տաքսի վերցրեցինք եւ մեկնեցինք Ֆրեդի պատվիրած հյուրանոցը, որ գտնվում է Փարիզի կենտրոնական մասերում` անաղմուկ մի փողոցի վրա: Ներս մտանք ու մոտեցանք գործավարի կանգնակին.
- Can I help you?,- մեր «bonjure»-ին պատասխանեց մի թմբլիկ, բացարձակ անմեղ կապույտ աչքերով մի աղջիկ:
(շարունակելի)
Քննարկեք բլոգում
|
|