| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
34. ծեծկռտուք Միլանում
Ֆրեդը հետաքրքիր անձնավորություն էր: Նա զբաղվում էր հին գրքերի առքուվաճառքով. բոլոր այն գրքերը, որ տպագրվել են 1950 թվականից առաջ, գտնվում էին նրա հետաքրքրության ոլորտում: Հենց այսպիսի արժեքավոր գրքերի փնտրտուքն էր նրան հասցրել Եվրոպա, իհարկե` ոչ առաջին անգամ: Ֆրեդին պատկանող ընկերությունը գտնվում էր ԱՄՆ-ում, գործում էր հիմնականում ինտերնետային աճուրդների ոլորտում եւ լավ եկամուտներ էր բերում նրան: Ընկերության կառավարումը նա վստահել էր ուրիշներին, իսկ ինքը նախընտրում էր շրջել աշխարհով մեկ եւ հնաոճ գրքեր ձեռքբերել: Վերջին երկու ամսվա ընթացքում նա ընդհանրապես գործերով չէր զբաղվել` ընթերցողին արդեն հայտնի իրադարձությունների պատճառով:
Ասել եմ արդեն, որ Ֆրեդը Կետրինին հանդիպել էր Իտալիայում: Ավելի կոնկրետ` դա տեղի էր ունեցել Միլանում, որտեղ այն բարեգործական կազմակերպությունը, որի ներկայացուցիչն էր եղել Կետրինը, տարբեր ձեւերով դրամահավաք էր իրականացնելիս եղել հօգուտ Դարֆուրի սովյալ երեխաների: Ֆրեդն ու Կետրինը հանդիպել էին այդպիսի նպատակով կազմակերպված մի աճուրդի ժամանակ:
Եւ ահա, Կետրինի հղիության ութերորդ ամսում, Ֆրեդը մի բար-սրճարանում ծեծկռտուքի մեջ էր ընկել իտալացիների հետ: Ու քանի որ ժամանակին բռնցքամարտ էր պարապել, կոտրել էր հակառակորդներից երկուսի քիթը: Հաջորդ օրը ծանոթները նրան տեղյակ էին պահել, որ իտալացի ոստիկանները մտադիր են իրեն ձերբակալել:
Այս լուրն առնելով Ֆրեդը որոշել էր հեռանալ Իտալիայից.
- Եթե ինձ ձերբակալեին, Կետրինը անօգնական վիճակում կհայտնվեր,- ասում էր նա:
Շարունակությունն ընթերցողը արդեն գիտի, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ֆրեդի ծեծկռտուքի եւ Իտալիայից հեռանալու մեջ էլ քաղաքական ենթատեքստ կար.
- Դու երեւի լսել ես այն պատմության մասին, որ ամերիկացի մի զինվոր Իրաքում սպանել է Իտալիայի հատուկ ծառայությունների մի աշխատակցի: Դա մեկուկես տարի առաջ է եղել, բայց այդ թեման Իտալիայում ժամանակ առ ժամանակ հայտնվում է թերթերի առաջին էջերում. իտալացիք ԱՄՆ-ից պահանջում են հանձնել այդ զինվորին, որպեսզի նրան դատեն Իտալիայի օրենքներով: Մերոնք էլ ասում են, որ նախ իրենք չեն հանձնի իրենց զինվորին եւ հետո էլ` նա ոչ մի հանցանք չի գործել, որովհետեւ նրա գործողությունները իրավաչափ են եղել,- բացատրում էր Ֆրեդը եւ շարունակում պատմել իր պատմությունը,- այդ օրը թերթերն ու TV-ները դարձյալ անդրադարձել էին այդ թեմային, ու բարում մի քանի ջահելներ սկսեցին ինձ կպնել ու չափերն անցան: Իսկ կարաբիներները, իմ ծանոթների ասելով, ուրախացել էին իմանալով, որ ամերիկացին հարվածել է իտալացիների եւ նրանց վնասվածքներ հասցրել: Էս ի՞նչ է կատարվում. բոլորը զզվում են ամերիկացիներից:
- Չեմ կարող հերքել,- ի պատասխան ասացի ես:
- Դու է՞լ ես զզվում,- հարցրեց Ֆրեդը:
- Դե, ոչ թե ամերիկացիներից, այլ նրանց քաղաքականության խաղիկներից. բայց կոնկրետ ես` նույն վերաբերմունքն ունեմ նաեւ եվրոպացիների, ռուսների, պարսիկների նկատմամբ: Բայց, եթե ավելի անկեղծ ասեմ, այս ամենը պարզ-էմոցիոնալ արձագանք է եւ ես գիտակցում եմ, որ պրոբլեմը ոչ այնքան ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում կամ Իրանում է, այլ մեր մեջ, այսինքն` Հայաստանում:
- Բայց Բուշը Ամերիկան իսկապես դարձրեց ծաղրուծանակի առարկա,- նկատեց Ֆրեդը:
- Ինձ ԱՄՆ-ի իմիջը քիչ է հուզում. ես մտածում եմ ասենք` Սերբիայի, Իրաքի եւ աղետի առաջ կանգնած մյուս երկրների մասին: Ովքեր են մեղավոր այդ երկրների վիճակի համար. առաջին հերթին հենց այդ երկրների քաղաքացիներն ու քաղաքական գործիչները, որոնք առաջնորդվել են` «միայն կաղին ունենամ, ուտեմ, փքվեմ գիրանամ» սկզբունքով,- սկզբունքը ես արտաբերեցի հայերեն:
- Դա ի՞նչ է նշանակում,- հարցրեց Ֆրեդը:
- Մի տող է ոտանավորից, որ պատմում է անխելք խոզի մասին,- ասացի ես ու բացատրեցի դրա իմաստը:
- Ուրեմն` մենք էլ ենք պատասխանատու Բուշի արածների համար,- հարցրեց Ֆրեդը:
- Բա իհարկե, պտասխանատու եք:
- Ուրեմն մեր նկատմամբ տածած զզվանքը լրիվ անարդար չէ:
- Էդպես է ստացվում:
Մենք հենվել էինք Սենան եզերող բազրիքին, ու անցորդներին էինք նայում.
- Ֆրեդ, զգու՞մ ես, ոչ մի գեր մարդ չկա. բոլորը հիանալի կազմվածք ունեն:
- Ինչ-ինչ, բայց սնվելու ձեւը ֆրանսիացիները գիտեն,- ասաց Ֆրեդը,- չգնա՞նք որեւէ տեղ սնվենք:
- Գնանք: Քայլենք, մինչեւ մեր ուզած մի ռեստորան գտնենք:
- Փարիզում ռեստորանից ու սրճարանից շատ ոչինչ չկա ու միշտ էլ կարելի է նորմալ ճաշել, ցանկացած ժամի:
- Իսկ ինչ է, ռեստորաններ կան, որ ժամո՞վ են աշխատում:
- Իսպնիայում, օրինակ, սիեստայի ժամին չհասար` կմնաս բուտերբրոդների հույսին. սիեստայից հետո խոհարարները գնում են քնելու:
- Իսկ ե՞րբ է սիեստայի ժամը:
- Կարծեմ` երկուսից չորսը. լավ չեմ հիշում:
- Ֆրեդ, Քվենտինին չզանգե՞նք:
- Զանգենք:
- Խնդրում եմ` դու զանգես:
- Զանգեմ, բայց ե՞րբ:
- Երբ ուզում ես:
- Ուրեմն` ճաշից հետո:
- Ok:
- Լսիր, իտալացիք քեզ չեն հետախուզու՞մ:
- Դժվար, էդքան չեն լկտիացել, որ աշխարհով մեկ ԱՄՆ-ի քաղաքացու փնտրեն, երկու կոտրած քթի պատճառով:
շարունակելի
|
|