ՊԱՅՔԱ՛Ր
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

35. պուպուլիկով տիկինը

Ճաշից հետո հենց ռեստորանից Ֆրեդը զանգեց Քվենտինին: Վերջինս ասել էր, թե մեզ հետ կարող է հանդիպել միայն հաջորդ օրը երեկոյան: Նրանք պայմանավորվել էին Մադելեն տաճարի մոտ գտնվող ինչ-որ սրճարանում:

Ռեստորանից դուրս գալով` մենք մի քիչ էլ քայլեցինք, բայց շուտով զգացինք, որ ահագին հոգնած ենք, ու որոշեցինք վերադառնալ հյուրանոց: Ես արդեն լոգանք էի ընդունել ու պառկած հեռուստացույց էի նայում, երբ Ֆրեդը զանգեց.

- Լսիր, վաղը չգնա՞նք Լուվր:

- Գնացինք:

- Այսօր երեկոյան հանգստանո՞ւմ ենք:

- Այո, ոտքերս նվվում են. արի երկու ժամից ներքեւը թեյ խմենք ու այսօր դրանով ավարտենք,- առաջարկեցի ես:

Ֆրեդը համաձայնվեց, այդպես էլ արեցինք: Հաջորդ առավոտյան` նախաճաշից հետո, տաքսիով հասանք Լուվր: Տոմս գնելու համար ահագին հերթ կանգնեցինք. Ֆրեդը առաջարկեց երկու այցելության տոմս գնել, որովհետեւ մի օրում շատ բան չենք հասցնի նայել եւ գուցե մի անգամ էլ այցելենք: Ես դեմ չէի:

Շուտով մենք հայտնվեցինք անտիկ հունական քանդակի սրահում. մարդու հավատ չի գալիս, որ հին աշխարհում կարող է քարը մշակելու այդպիսի տեխնոլոգիա լինել:

Մեկ էլ տեսնեմ` Ֆրեդը ուսումնասիրում է մի կատարյալ գեղեցկուհու. քանդակի` նկատի ունեմ, անտիկ հունական քանդակի: Այդ մերկ գեղեցկուհին պառկել էր մեջքով դեպի ինձ: Կողքի էր պառկած, բայց մի քիչ էլ թեքված էր փորի վրա, ոտքերն էլ կիսածալ արած: Մոտեցա. ուղղակի հիանալի էր. նրա մարմնի ուրվագծերը զգլխիչ էին ու կատարյալ, հետույքը` կլորիկ ու գրգռիչ, ոտքերը` նրբին, մազերը` արձակ: Երբ մոտեցա, երեւաց նաեւ նրա կուրծքը` կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առաձգական: Արձանը կարծես ասում էր` վերցրու ինձ.

 - Ինչ նանար է, չէ՞,- ասացի Ֆրեդին: Վերջինս դիմացից էր նայում նանարին, եւ երբ սկսեցի նրան գովել, Ֆրեդի դեմքին նենգ ժպիտ հայտնվեց: Նա մատով ինձ իր մոտ կանչեց` նենգ ժպիտը ավելի ընդգծելով: Առանց կռահելու, թե ինչումն է բանը, շրջանցեցի գեղեցկուհուն ու կանգնեցի Ֆրեդի կողքին. ես տեսա այն, ինչ ամենեւին չէի սպասում տեսնել: Նանարը` այդ գեղեցկուհին, պուպուլիկ ուներ, սովորական առնանդամ, իսկ պատվանդանին մակագրություն էր փակցված` «Հերմոֆրոդիտ»: Ֆրեդը չկարողացավ իրեն զսպել եւ սկսեց ցածրիկ քրքջալ: Ես կատարյալ խուճապի մեջ էի. դե, լավ, խոստովանեմ. «Ինչ նանար է, չէ՞» ասելով` ես նաեւ ճլըպացրել էի հերմոֆրոդիտի կլորիկ տուտուզիկին:

Ֆրեդը սեւ Լուվր բերեց գլխիս. ասենք, մենք կանգնած ենք Տիցիանի կտավի առաջ. մեկ էլ ձեռքով ճլըպացնելու շարժում էր անում ու ասում` «Ինչ նանար է, չէ՞», ու սկսում էր կամացուկ քրքջալ: Ես ծիծաղում էի նրա հետ ու չէի նեղանում. առաջին անգամ էի նրան ուրախ տեսնում, ու դա շատ հաճելի էր:

Այսպիսի ընդմիջումներով տարբեր դասական կտավներ էինք նայում, երբ նկատեցի, որ սրահներից մեկում մարդկանց հսկայական կուտակում կա: Թանգարանի աշխատակիցները անգամ փորձում էին այցելուներին հերթ կանգնեցնել.

- Ինչի՞ համար է այս հերթը,- հարցրի Ֆրեդին:

- Ջոկոնդայի,- ասաց նա:

Հասկանալի է, որ մենք էլ պիտի հերթ կանգնեինք:

Ի տարբերություն մնացած կտավների, որ փակցված էին պատերի երկայնքով` կողք կողքի, Ջոկոնդան մենակ էր եւ փակցված էր ոչ թե ինչ-որ պատի վրա, այլ ցուցասրահի կենտրոնում` հատուկ իր համար կառուցված հսկայական ստենդի վրա: Նրա երկու կողմերում մի-մի հաղթանդամ տղամարդ էր մշտապես կանգնած` «Անվտանգություն» գրությամբ թեւկապներով: Ինքը` Ջոկոնդան, ի տարբերություն մնացած բոլոր նկարների, ցուցադրվում էր ապակու ետեւից. վերակացուներից մեկը բացատրեց, որ նկարը ապակու ետեւ է դրվել այն բանից հետո, երբ ինչ-որ մի մոլագար փորձել է աղաթթու լցնել նրա վրա: Ահա եւ անվտանգության բացառիկ միջոցառումներ. այցելուներին թույլ չէին տալիս երեք մետրից ավել մոտենալ Ջոկոնդային, չնայած մնացած կտավների դեպքում այսպիսի սահմանափակումներ դե ֆակտո չկային: Ջոկոնդայի շուրջ փակցված էին լուսանկարահանումը, տեսագրումը արգելող նշաններ. չնայած սրան, բոլորը ե՛ւ լուսանկարում էին, ե՛ւ տեսագրում, փորձում էին Ջոկոնդայի հետ կադրում հայտնվել` արժանանալով Լուվրի վերակացուների նախատինքներին: Երբ իմ հերթը հասավ, չկարողացա երկար նայել նրան, որովհետեւ Ջոկոնդայի ախրաննիկները այնպես էին նայում ինձ, կարծես հանցանք էի գործում. այդպես հայոց օլիգարխների սափրագլուխներն են նայում այն պատանիներին, ովքեր հանդգնում են հայացք գցել իրենց շեֆերի դուստրերի վրա: Կարճ ասած, ես ու Ֆրեդը արագ հեռացանք այդտեղից:

- Լեոնարդոյին դատ է հասնում սրա համար,- հեռանալիս ասացի ես:

- Ի՞նչ է արել որ,- զարմացավ Ֆրեդը:

- Դա վտանգավոր հանցագործություն է, հայերեն կոչվում է` հոգեխանգարմունքի հասցնել մարդկանց, անգլերեն` երեւի փսիխոզ:

Ֆրեդը չհասկացավ` ինչ եմ ասում: Մենք քայլում էինք, նկարներ, քանդակներ նայում, տեսանք Միքելանջելոյի գործերից, թեւավոր, բայց անգլուխ Նիկային տեսանք, մեկ էլ հայտնվեցինք մի սրահում, որտեղ ցուցադրվում էր Միլոսյան Վեներան: Մեր ուշադրությունը գրավեց մոտ 60-ամյա մի մարդ. նա կանգնել էր Վեներայի դիմաց ու ակնհայտորեն դժգոհ դեմքով ինչ-որ բան էր քրթմնջում: Ֆրանսերենի մեր իմացությունը թույլ տվեց եզրակացնել, որ հայհոյում է.

- Գողեր, սրիկաներ, խաբեբաներ,- ասում էր նա` աչքը Վեներայից չկտրելով:

Վերակացուն ակնհայտորեն ճանաչում էր այդ ծերուկին, որովհետեւ հանգիստ մոտեցավ նրան, թեւանցուկ արեց ու կամաց ասաց. «Դե, լավ, Կլոդ, այսօր բավական է»: Ծերունին, որքան էլ զարմանալի էր, լսեց վերակացուին, շրջվեց ու քայլեց դեպի ելքը, բայց չէր դադարում հայհոյել.

- Գողեր, սրիկաներ, խաբեբաներ...

Մենք ոչինչ չհասկացանք, բայց ես Ֆրեդին ասացի, որ մեզ էլ բավական է.

- Ոտքերս ջարդվում են,- ասացի ես:

- Իմն էլ,- ասաց Ֆրեդը, եւ մենք հեռացանք Լուվրից ու մեզ գցեցինք մոտակա մի սրճարան:

Մեր ուզածը սառը գարեջուր էր:

(շարունակելի)

Քննարկեք բլոգում