| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
36. ամեն ինչ լավ է լինելու
Երկար ժամանակ լուռ նստած էինք Լուվրին մերձակա այդ սրճարանում. լուռ էինք, որովհետեւ էնքան էինք հոգնել, որ խոսելու ուժ էլ չունեինք. հազիվ գարեջուր պատվիրեցինք, հազիվ խմում էինք: Մինչեւ Քվենտինի հետ հանդիպման գնալը մի չորս ժամ ունեինք ու որոշեցինք այդ սրճարանում անցկացնել այդ ժամերը:
Ընթացքում մի-մի սենդվիչ կերանք, մի քիչ վերականգնվեցինք, սկսեցինք կիսել Լուվրից ստացած տպավորությունները: Խոսակցությունից արձանագրում էինք, որ երեք տպավորություն ենք ստացել` պուպուլիկով տիկինը, որին հիշելիս Ֆրեդը հիմա միայն ժպտում էր, որովհետեւ ծիծաղելու ուժ չուներ, Ջոկոնդան` Մոնա Լիզան, եւ Միլոսյան Վեներան` Կլոդի պատճառով: Ուրիշ որեւէ բանի մասին խոսելու փորձերն ապարդյուն էին, որովհետեւ Լուվրում մենք ուրիշ որեւէ բան, այս իմաստով, չէինք տեսել:
- Քո կարծիքով, ո՞րն է Ջոկոնդայի գաղտնիքը. մի՞թե PR-ը,- հարցրի ես Ֆրեդին:
- PR-ն էլ կապ ունի, բայց դե, ուրիշ նկարների օգտին էլ են PR արել, բայց դրանք Ջոկոնդա չեն դարձել: Չզգացի՞ր, մեկ թվում է` ժպտում է, մեկ թվում է` չի ժպտում. Ջոկոնդան երեւի շատ կենդանի է ստացվել, ամենակենդանին բոլոր նկարների մեջ: Այնպես որ, բնական է, որ մարդիկ տենչում են սեփական աչքերով այն տեսնել, իսկ ոմանք էլ չեն դիմանում նրա հայացքին:
- Բայց այս ամենի մեջ բացահայտ ուղղորդում կա, եւ այդ ուղղորդման արդյունքն է, որ մարդիկ հանգիստ անցնում են Ռաֆայելի, Դյուրերի, Ջոտտոյի, Ջորջոնեի նկարների կողքով կամ մի քանի րոպե կանգնում են նրանց առաջ ու կարծես ասում` տղերք, կներեք, բայց մենք Ջոկոնդայի հետ պայմանավորված ենք: Այն, որ Ջոկոնդան հենց Լուվրի կողմից հատուկ վերաբերմունքի է արժանանում, դա էլ PR է:
- Ռաֆայելը լա՞վ նկարիչ է,- անսպասելի հարցրեց Ֆրեդը:
- Չեմ հասկանում` ինչ ես հարցնում,- նրա հարցի մեջ ծուղակ զգացի ես:
- Հարցնում եմ քո կարծիքը Ռաֆայելի մասին:
Ես զգացի, որ բռնվում եմ, բայց ուզած-չուզած պատասխանեցի.
- Նա մեծ նկարիչ է, Վերածննդի տիտաններից մեկը:
- Որտեղի՞ց գիտես այդ ամենը,- հարցրեց Ֆրեդը:
Ես արդեն պատրաստ էի ընդունել իմ պարտությունը բայց շարունակեցի.
- Կարդացել եմ:
- Այսինքն` դու Ռաֆայելի մասին կարծիք ես կազմել PR-ի միջոցով:
- Ճիշտ ես, Ֆրեդ, ես այսօր առաջին անգամ տեսա Ռաֆայելի բնօրինակ կտավ:
- Բայց դրա համար պետք չէ ամաչել, որովհետեւ այն PR-ը, որին դու ենթարկվել ես, քեզ չի խաբել: Ու պետք է ընդունել, որ այդ նույն PR-ը, որ քեզ համոզել է, որ Ռաֆայելը մեծ նկարիչ է, նաեւ ասում է, որ Ջոկոնդան վերջն է, Ջոկոնդայից լավը չկա: Ուղղակի Ջոկոնդան ուրիշ հարթություն է, մեծ նկարիչներն ու նկարչությունը` ուրիշ հարթություն:
- Ի՞նչ նկատի ունես,- զարմացա ես:
- Հասկանո՞ւմ ես, մեծ, իսկապես մեծ նկարիչներ, հանճարներ շատ կան: Բայց մի բան է լինել մեծ նկարիչ, ստեղծել կտավներ, որոնք փառաբանված են հեղինակի անունով, եւ բոլորովին ուրիշ բան է ստեղծել եզակի այն կտավը, որի անունը ավելի փառաբանված կլինի, քան հեղինակի անունը: Լեոնարդո դա Վինչին հանճար է, բայց այսօր Ջոկոնդա անունը ավելի բարձր է հնչում, քան Լեոնարդո դա Վինչի անունը: Եթե Մոնա Լիզան չլիներ, Լուվրի այդ տեղը դատարկ կլիներ, որովհետեւ այդ ստենդի վրա լինելու հավակնություն ուրիշ նկար չէր կարող ունենալ, անգամ Լեոնարդոյի նկարներից որեւէ մեկը: Դու կարո՞ղ ես ուրիշ նկարի անուն տալ, որ հեղինակի անունից ավելի բարձր է հնչում:
- Գուցե վան Գոգի «Արեւածաղիկները»:
- Դու արդեն ասացիր` վան Գոգի «Արեւածաղիկները». ոչ ոք չի ասում` Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդան: Ասում են` Ջոկոնդան: Գուցե սա էլ է PR-ի արդյունք, բայց լավ PR անողը, իսկ տվյալ դեպքում գործ ունենք լավ PR-ի հետ, գիտի, թե ինչը կարելի է PR-ի ենթարկել եւ ինչպես:
- Ընդունում եմ, ճիշտ ես: Ես, օրինակ, վան Գոգի «Արեւածաղիկները» շատ եմ սիրում ու հիմա խոստովանում եմ, որ PR-ն է ինձ վրա ազդել, որովհետեւ այդ նկարի բնօրինակը ես ոչ մի անգամ չեմ տեսել: Բայց շատ եմ ուզում տեսնել,- ասացի ես:
- Կարծեմ այն գտնվում է Մյունխենում` մի խոզ կոլեկցիոների հավաքածուում: Բայց գիտե՞ս, շատերը պնդում են, որ վան Գոգը թույլ նկարիչ է, որ ինքը «կապ չունի» գեղանկարչության հետ, եւ նրա գոյությունը մաքուր PR է, միայն PR, ու եթե նա իր ականջը կտրած չլիներ, նրա անունը 20-րդ դար էլ չէր հասնի, չնայած ինքնասպան է եղել հենց 20-րդ դարի շեմին:
- Ես ծանոթ եմ այդ տեսակետին:
- Եւ ի՞նչ ես կարծում:
- Գիտե՞ս, ես նկարչությունից շատ բան չեմ հասկանում, կարելի է ասել` ոչինչ չեմ հասկանում, եւ ինձ համար վան Գոգը ոչ թե գեղանկարչական երեւույթ է, այլ հումանիտար: Այսինքն` ես չեմ կարող ու չեմ ուզում գնահատել նրա կտավները կերպարվեստի տեսակետից, մանավանդ որ նրա ոչ մի բնօրինակ կտավ չեմ տեսել: Բայց նրա կյանքը, նրա աղետալի կյանքը գունեղ ցուցադրումն է այն բանի, թե որքան անպաշտպան է մարդը այս աշխարհում: Որքան անպաշտպան է նա ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր եւ բարոյական առումով:
- Դա առանց վան Գոգի էլ հասկանալի էր,- նկատեց Ֆրեդը:
- Սիրելի Ֆրեդ, առանց այն էլ ամեն ինչ հասկանալի է: Բայց օրինակը, հանրահայտ օրինակը թույլ չի տալիս շրջանցել, չնկատելու տալ ակնհայտ փաստերը: Երբ ես կարդացի վան Գոգի մասին, ինձ համար ավելի ակնհայտ դարձավ, որ այսօր էլ մեր կողքին ապրում են բազմաթիվ մարդիկ, օրինակ` իմ հայրենիքում, ովքեր չունեն իրենց բավարարված զգալու, ինքնարտահայտման ոչ մի շանս: Եւ այս վիճակում, երբ քո կողքին ապրող մարդիկ սոված են, անգործ, անտուն ու անպաշտպան, կուշտ լինելը, աշխատանք եւ տուն ունենալը, պաշտպանված լինելը մի տեսակ ամոթ է, հասկանո՞ւմ ես: Եւ այն մարդը, որ քերում էր վան Գոգի նկարածը` կտավը «ավելի լավ նպատակի» օգտագործելու համար, այն մարդը, որ վան Գոգի կտավով մի ծակ էր փակել իր հավանոցում, այսօր էլ ապրում է` անարդարության, տգիտության, լկտիության, ապօրինության տեսքով:
- Եւ ի՞նչ:
- Եւ այն, որ կամ ամեն ինչ անել, որ մարդը լինի պաշտպանված` ֆիզիկական, բարոյական, հոգեւոր առումով, իսկ եթե չստացվի, լինել նույնքան անպաշտպան, նույնքան դժբախտ, նույնքան արհամարհված, որքան վան Գոգը:
- Իսկ Ջոկոնդա՞ն,- ժպտալով հարցրեց Ֆրեդը:
- Գիտե՞ս, Ջոկոնդան այն մասին է, որ ամեն ինչ լավ է. դեմ չեմ` Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, բազմաթիվ երկրներում, եթե ոչ ամեն ինչ, գոնե շատ բան լավ է: Բայց եթե ես իմ հայրենիքում ցուցահանդես կազմակերպելու լինեի, առանձնացված ստենդի վրա կցուցադրեի վան Գոգի «Կարտոֆիլ ուտողները» եւ «Արեւածաղիկները»:
- Այսի՞նքն:
- Այսինքն` ամեն ինչ լավ է լինելու:
Ֆրեդին շատ ուրախացրեց իմ պատասխանը: Ես էլ ուրախացա:
Քվենտինի հետ հանդիպման ժամը մոտենում էր. մենք վեր կացանք:
(շարունակելի)
Քննարկեք բլոգում
|
|