ՊԱՅՔԱ՛Ր
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

37. անկեղծութիւն անկեղծութեանց

Երբ հասանք Մադելեն տաճարի մոտ գտնվող այդ սրճարան, Քվենտինը արդեն եկել էր: Ես միանգամից նկատեցի նրա հայացքի սառնությունը. զգալի էր, որ նա այստեղ է եկել «թոկը վիզն ընկնելով»: Ինքս կնախընտրեի ետ դառնալ առանց նրա հետ հանդիպելու, առանց բարեւելու, բայց չէր ստացվի: Մենք մոտեցանք, նա շատ սառը բարեւեց, Ֆրեդը սիրալիր էր, բայց ես նույնպիսի դեմք էի ընդունել, ինչպիսին Քվենտինը:

- So, ինչով կարող եմ օգտակար լինել ձեզ,- ինչ-որ բան ասած լինելու համար, խիստ պաշտոնական ոճով եւ ինձ թվաց` որոշ արհամարհանքով հարցրեց նա:

- Ոչնչով,- չոր պատասխանեցի ես: Ֆրեդը զարմացավ, Քվենտինը նույնպես:

- Այսի՞նքն,- հարցրեց Քվենտինը:

- Եթե մարդը գիտի, թե ինչով կարող է օգտակար լինել եւ հարցնում է, թե ինչով կարող է օգտակար լինել, նշանակում է` նա չի կարող օգտակար լինել: Նա կարող է վնասակար լինել,- նույն տոնով շարունակեցի ես:

- Ես չեմ պատրաստվում քեզ վնաս տալ,- ասաց Քվենտինը:

- Չէ, ինչո՞ւ. չէ՞ որ դու ամեն ինչ գիտես, ես ինքս քեզ ամեն ինչ պատմեցի: Այնպես որ, զանգիր քո ծանոթ ժանդարմներից մեկին, գուցե նրան նաեւ պարգեւավճար կտան. ինչքա՞ն է այստեղ պարգեւավճարը, 300 եվրո՞:

Ֆրեդը լուռ էր, բայց նրա դեմքին լարվածություն առաջացավ:

- Բայց ինչո՞ւ ես այդպիսի տոնով խոսում. ես բարձր եմ գնահատում քո անկեղծությունը, բայց...

- Բարձր ես գնահատում անկեղծությո՞ւնս. այդ դեպքում ես ավելի կանկեղծանամ եւ ավելին կասեմ քեզ,- Քվենտինի խոսքը կտրեցի ես: Նա շփոթվեց եւ թերեւս սպասում էր, որ պիտի ասեմ, որ իրականում վտանգավոր կրկնահանցագործ եմ կամ ահաբեկիչ:

- Ի՞նչ ես պատրաստվում ասել,- լարված հարցրեց նա:

- Կարծիքս քո շեֆի, դե, քո պաշտպանյալի մասին. նա էշի մեկն է,- ասացի ես ու վեր կացա տեղիցս:

Քվենտինը գոհ մնաց իմ անկեղծությունից, որովհետեւ, ինչպես ասացի, սարսափելի բացահայտման էր սպասում. բայցեւայնպես, նրա հայացքի սառնությունը փոխվեց ափսոսանքի, ափսոսանք, որ ինձ հետ հանդիպել է ընդհանրապես: Ես հեռանում էի.

- Այդ ո՞ւր,- հարցրեց Ֆրեդը:

- Գնում եմ հյուրանոց` չիշիկ անելու,- հեգնական ասացի ես:

- Կարող ես այստեղի զուգարանում չիշիկ անել,- շփոթված ասաց Ֆրեդը` թերեւս չցանկանալով մենակ մնալ Քվենտինի հետ:

- Ես զզվում եմ հասարակական զուգարաններից,- նրան հուսախաբ արեցի ես:

Հասա հյուրանոց, փռվեցի մահճակալիս.  մի տասը  րոպեից  դուռը  թակեցին:  Բացեցի` Ֆրեդն էր.

- Դու քեզ հիմարի պես պահեցիր,- ասաց նա:

- Հնարավոր է:

- Դու պետք է ներողություն խնդրես Քվենտինից:

- Հնարավոր է:

- Հնարավո՞ր է. դու պետք է զանգես նրան եւ ներողություն խնդրես:

- Դե, կզանգեմ,- խեղճացած ասացի ես:

- Հիմա զանգիր:

- Կզանգեմ, ասացի,- սկսեցի ջղայնանալ ես: Բայց Ֆրեդը կատաղած էր, կատաղած էր ինձ վրա: Ես իսկապես հիմար բան արեցի, Քվենտինը արժանի չէր դրան: Եւ ինչո՞ւ պետք է նա չարաշահեր իր ծառայական դիրքը, վտանգեր իր կարիերան եւ ապահովությունը հանուն մի օտարերկրացի անծանոթի: Բայց դե, ես էլ պետք է Հայաստան հասնեմ` երկրի հակառակ կողմից, միայն ու միայն հակառակ կողմից, որովհետեւ ճանապարհից ետ դառնալը վատ նշան է: Բայց դա չի նշանակում, թե իրավունք ունեի վիրավորել Քվենտինին:

Ես ու Ֆրեդը լուռ նստած էինք իմ սենյակում.

- Գնանք, քո սենյակից զանգեմ,- ասացի ես:

- Ինչո՞ւ իմ սենյակից, այստեղից զանգիր,- իմ առաջարկի մեջ խուսափողականություն տեսավ նա:

- Եթե ամեն ինչ բացվի, սիրելի Ֆրեդ, լավ չի լինի, եթե պարզվի, որ ես կապ եմ ունեցել Քվենտինի հետ. դու կարող ես քո կապը բացատրել:

Իմ հիմնավորումը Ֆրեդին հանգստացրեց ահագին. նա մխիթարվեց այն մտքով, որ ես նաեւ մտահոգվում եմ Քվենտինի համար: Մտանք Ֆրեդի սենյակ. մենք Քվենտինից երկու համար ունեինք` բնակարանի եւ ձեռքի: Զանգեցի բնակարանի համարով, ինքնապատասխանիչը միացավ.

- Քվենտին, Բոյանն է զանգում. ես ուզում եմ ներողություն խնդրել այսօրվա համար: Կներես, ես հիմա լարված եմ մի քիչ. հույս ունեմ երբեւէ կկարողանամ քեզ ապացուցել, որ այն չեմ, ինչ էի այսօր,- ինքնապատասխանիչի վրա հաղորդագրություն թողեցի ես:

- Նրա հեռախոսն անջատվա՞ծ էր,- հասկանալով, որ ինքնապատասխանիչի հետ եմ խոսում, հարցրեց Ֆրեդը:

- Ես տուն զանգեցի:

- Իմանալով, որ նա տանը չէ. դու պետք է բջջայինին զանգեիր,- ասաց նա:

- Իսկ քեզ կոկորդիլոս պետք չէ՞,- ասացի ես` նկատի ունենալով Շապոկլյակի` «ա կրակադիլ վամ նե նուժե՞ն» արտահայտությունը:

Ֆրեդը ոչինչ չասաց. նա նստած էր իր մահճակալին: Ես էլ նստեցի: Ինչ-որ ժամանակ մենք լուռ էինք: Հետո առաջարկեցի իջնել սուրճ խմելու: Իջանք նախասրահ: Էլի լուռ էինք, լուռ սուրճ էինք խմում:

- Դու պետք է հասկանաս Քվենտինին,- ի վերջո ասաց Ֆրեդը:

- Հավատա, որ ես հասկանում եմ: Ոչ մի վերապահում չունեմ նրա նկատմամբ. ուղղակի նյարդերս տեղի տվեցին,- բացատրեցի ես:

- Իսկ ինչո՞ւ չգնաս, ասենք, դեսպանատուն եւ վիզա չհայցես. դու սերբական անձնագիր ունես, չէ՞:

- Ֆրեդ, վիզայի համար հարցաթերթիկ են լրացնում, գրում ես` ով ես, որտեղ ես աշխատում, ընտանիքիդ անդամների տվյալներն ես գրում. այդքան բան հնարավոր չէ հորինել: Եթե անգամ հորինես, տվյալներից որեւէ մեկը կստուգեն ու կպարզեն կեղծիքը: Հո չե՞մ կարող դատարկ հարցաթերթիկով վիզա ստանալ:

- Փաստորեն, քեզ քանի՞ երկրի վիզա է հարկավոր:

- Լատինական Ամերիկայի մի երկրի ու Ճապոնիայի. Լատինական Ամերիկայի հարցը հեշտ է. կարելի է այստեղից առանց վիզայի մեկնել ֆրանսիական Գվիանա կամ Կարիբյան ծովի ֆրանսիական կղզիներից մեկը. կամ Կայմանյան կղզիներ, դրանք Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի տարածք են, եւ իմ ունեցած վիզայով այնտեղ կարելի է մեկնել: Իսկ ահա շարունակությունը դեպի արեւմուտք բարդ է. ինձ հարկավոր է կա՛մ Ճապոնիայի, կա՛մ Չինաստանի վիզա ստանալ, որ Ռուսաստան մտնելու հնարավորություն ունենամ:

- Իսկ էդ ֆրանսիական Գվիանայից չի՞ լինի Ռուսաստան թռչել:

- Չէ, էնտեղից Ռուսաստան թռիչքներ չկան: Եւ ընդհանրապես, կարծեմ ամերիկյան մայրցամաքից ինքնաթիռները Ռուսաստան թռչում են ոչ ամենեւին այն կողմով, որ ինձ պետք է...

- Ես չեմ հասկանում, այդ ի՞նչ իդեա ֆիքս է` շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել կեղծ անձնագրով, հետախուզումն էլ պոչիդ,- որոշ դադարից հետո սրտնեղեց Ֆրեդը:

- Դա իդեա ֆիքս չէ, Ֆրեդ, դա խնդիր է, որ ես պետք է լուծեմ, թեկուզ աշխարհը երկու կես լինի:

Ֆրեդը ոչինչ չասաց` թերեւս նրբանկատությունից դրդված: Սուրճը խմելուց հետո մենք բարձրացանք մեր սենյակներ: Ես միացրի «Եվրանյուզը». «Le Mag» ծրագիրն էր: Միանգամից զանգեցի Ֆրեդին.

- Չես հավատա` նոր ինչ ասացին «Եվրանյուզով». երեք օրից Իմպրեսիոնիստների թանգարանում վան Գոգի ցուցահանդես է բացվելու. «Արեւածաղիկներն» էլ են ցուցադրելու:

(շարունակելի)