| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
38. ինձ տոմս տվեք
Այն միտքը, որ տեսնելու եմ վան Գոգի «Արեւածաղիկները», ենթադրաբար` նաեւ «Կարտոֆիլ ուտողները», հանեց օրվա երկրորդ կեսից իմ մեջ կուտակված լարվածությունը: «Le Mag»-ի հաջորդ թողարկումն էլ դիտեցի` համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել. այդպես էլ կար` երեք օրից Փարիզի Իմպրեսիոնիստների թանգարանում բացվում է վան Գոգի նկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվելու է նաեւ նրա «Արեւածաղիկները», ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված այլ կտավներ: Ցուցահանդեսը տեւելու է մեկ ամիս:
Առավոտյան նախաճաշի գնալիս հյուրանոցի գործավարին խնդրեցի ցուցահանդեսի երկու տոմս պատվիրել: Ֆրեդի հետ նախաճաշեցինք, վերադարձանք նախասրահ եւ, սովորության համաձայն, մի սուրճ էլ այնտեղ խմեցինք: Գործավարը, որին խնդրել էի տոմս պատվիրել, մոտեցավ ինձ.
- Կներեք, բայց ձեր նշած ցուցահանդեսի տոմսերը սպառվել են,- ափսոսանքով եւ կարեկցող ժպիտով ասաց նա:
Ես ապշած էի.
- Ինչպե՞ս կարող են ցուցահանդեսի տոմսերը սպառվել,- զարմանքս չկարողացա թաքցնել ես եւ նկատեցի, որ իմ արձագանքը նույնպիսի զարմանք առաջացրեց գործավար աղջկա գեղեցիկ դեմքին,- ամեն դեպքում, շնորհակալ եմ ձեզնից, կներեք,- ասածս շտկելու փորձ արեցի ես ու դիմեցի Ֆրեդին.
- Ֆրեդ, այստեղ ինչ-որ սխալ կա, եկ գնանք այդ թանգարան:
- Չեմ կարծում, թե որեւէ սխալ կա, բայց գնանք,- ասաց Ֆրեդը:
- Բայց ինչպե՞ս կարող են ցուցահանդեսի տոմսերը սպառվել,- ինձ հռետորական թվացող այս հարցը կրկնեցի ես:
Ֆրեդը նույնպես զարմանքով նայեց ինձ.
- Իսկ ինչպե՞ս են սպառվում թատրոնի, կինոյի, ֆուտբոլի տոմսերը:
Դա, միեւնույն է, զարմանալի էր ինձ համար, ես առաջին անգամ էի լսում, որ ցուցահանդեսի տոմսերը սպառվեն: Ֆրեդը ինձ բացատրեց.
- Այս նկարները թանգարանի սեփականությունը չեն, ավելին` տարբեր մարդկանց ու թանգարանների սեփականություն են: Իմպրեսիոնիստների թանգարանը այդ նկարները վերցնում է ժամանակավոր, տվյալ դեպքում` մեկ ամսով, եւ վճարում է այդ նկարների տերերին: Հիմա նկարները նայելու համար կան չափանիշներ, տվյալ տարածքում չի կարող միաժամանակ X թվից ավել մարդ լինել: Ավելին, շատ դեպքերում, եթե ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, տոմսերի վրա ժամեր են գրվում: Ու հիմա այնպես է ստացվել, որ այդ մեկ ամսվա ընթացքում նկարները նայելու ցանկություն են հայտնել առավելագույն թվով մարդիկ, եւ տոմսերը սպառվել են:
«Բայց իսկապես հոյակապ է, մարդիկ այստեղ ցուցահանդեսի են գնում այնպես, ինչպես ես խաշի կգնայի»,- մտածեցի ես:
Ֆրեդը ճիշտ էր` Իմպրեսիոնիստների թանգարանի դրամարկղում հաստատեցին, որ վան Գոգի ցուցահանդեսի տոմսերը սպառվել են:
- Ասում են, որ հնարավոր է ցուցահանդեսի ժամկետը մեկ շաբաթով երկարացնեն. այնպես որ, կարող եք տոմս պատվիրել այդ երկարացրած ժամկետի համար, բայց նախապես ասեմ` դա հաստատ չէ, հնարավոր է ժամկետը չերկարացնեն,- մեզ մխիթարում էր տոմսավաճառը:
- Իսկ վերավաճառողներ չե՞ն լինում,- հարցրեցի ես:
- Կլինեն, իհարկե, բայց մենք դրանով չենք զբաղվում. ցուցահանդեսի օրերին եկեք, մոտակայքում երեւի կլինեն առաջարկներ: Կամ էլ ինտերնետում փորձեք գտնել,- խորհուրդ տվեց տոմսավաճառը:
- Իսկ դուք մեզ չէի՞ք հուշի, թե որ կայքում են նմանօրինակ աճուրդներ կազմակերպվում. ես ծանոթ չեմ այստեղի կայքերին,- նրան դիմեց Ֆրեդը:
Տոմսավաճառը մի թղթի վրա գրեց տվյալ կայքի հասցեն, եւ մենք հեռացանք: Վան Գոգի ցուցահանդեսը արդեն իսկ մեծ տպավորություն գործեց` տոմսերի բացակայությամբ: Որքան կուրախանար խեղճը, եթե իմանար, որ 110 տարի անց մարդիկ ջանք են թափելու իր ցուցահանդեսի տոմս ձեռք բերելու համար եւ վախենալու են իր նկարները տեսնելու հաճույքից զրկվելու հնարավորությունից:
- Ի՞նչ կասես, Ֆրեդ, սա արվեստի երկրպագությո՞ւն է, թե՞ PR,- հարցրի ես:
- Արվեստի երկրպագության PR,- պատասխանեց նա եւ շարունակեց,- մարդիկ ուզում են տեսնել, թե ինչ է նկարել սեփական ականջը կտրած այդ մարդը:
- Ֆրեդ, դու տոմս կգտնես, չէ՞,- խնդրագին ձայնով հարցրեցի ես:
- Հույս ունեմ, բայց այդ գործը պետք է արագ անել, թե չէ` գները կարող են թռչել,- ժպտալով պատասխանեց նա:
Ֆրեդի դեմքին ինչ-որ ազարտ էր հայտնվել. եւ ընդհանրապես, վերջին օրերին նա շատ էր փոխվել, Լոզանի Ֆրեդին շատ քիչ բան էր հիշեցնում: Կյանքի նկատմամբ նրա հետաքրքրությունը, առօրեականությունը վերականգնվել էր, եթե ոչ լրիվ, գոնե զգալի չափով: Նրա դեմքից վերացել էր հուսահատության դրոշմը, նա ավելի վստահ էր քայլում, շարժումների, ժեստերի մեջ ինչ-որ էներգիա էր հայտնվել: Ես ուրախ էի դրա համար, նաեւ ուրախ էի, որ իմ ու իր կյանքի այս դժվար շրջանում մենք իրար հետ ենք եւ մեր ընկերակցությամբ փոխադարձաբար փարատում էինք այն թախիծն ու կարոտը, որ տանջում էր մեզնից յուրաքանչյուրին` յուրովի:
Մենք մտանք առաջին իսկ պատահած ինտերնետ ակումբը, սուրճ պատվիրեցինք ու նստեցինք համակարգչի առաջ: Ֆրեդը այցելեց այն կայքը, որի հասցեն տվել էր թանգարանի տոմսավաճառը, մի քիչ քչփորեց այնտեղ ու ասաց.
- Շարժ չկա, երեւի պետք է երեկոյան մտնենք:
Այստեղից դուրս եկանք, մի քիչ քայլեցինք, մի երկու խանութ մտանք, հետո նստեցինք մի սրճարանում, մինչեւ եկավ ճաշելու ժամը: Ճաշեցինք մի ռեստորանում, որը սեղանների մի շարք ուներ մայթի վրա: Ճաշից հետո գնացինք հյուրանոց ու միանգամից մտանք ինտերնետի սենյակ: Ֆրեդը անցավ գործի, բայց ես չմնացի նրա մոտ. գնացի նախասրահ` թերթ կարդալու: Մի կես ժամ, քառասուն րոպեից Ֆրեդը եկավ ու հաղթական ասաց.
- Գնեցի: Քառակի գնով:
Հաջորդ առավոտ ցրիչը Ֆրեդի սենյակ էր բերել երկու տոմս, ու Ֆրեդը դրանց համար վճարել էր 240 եվրո: Ես, իհարկե, իմ տոմսի արժեքը վճարեցի Ֆրեդին: Տոմսերը ցուցահանդեսի երրորդ օրվա` ժամը 12.00-ից 15.00-ի համար էին:
(շարունակելի)
|
|