| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
39. սեւ խավիարը
Երբ մոտեցանք Իմպրեսիոնիստների թանգարանի մուտքին, տոմս գտնելու հույսով ահագին մարդ էր հավաքվել, հիմնականում` երիտասարդներ: Նրանք մոտենում էին իրար եւ հարցնում, թե արդյոք ավելորդ տոմս չունեն. մեզ էլ մոտեցավ մի զույգ. նրանք ակնհայտորեն նկարիչներ էին, թերեւս ուսանողներ: Իհարկե, մոտակայքում կային վերավաճառողներ, բայց նրանց գները մատչելի չէին ուսանողների համար, այլ սպասում էին էլիտար կլիենտներին, ովքեր պատրաստ էին տոմսի համար վճարել 100-150 եվրո:
Մենք ներս մտանք եւ շուտով հայտնվեցինք մի ցուցասրահում, որը լեցուն էր մարդկային ձայների թույլ բզզունով: Ես փորձեցի հայացքով փնտրել-գտնել «Արեւածաղիկները», բայց դա հնարավոր չէր, որովհետեւ մարդկային գլուխները ծածկել էին տեսադաշտը, եւ ես ստիպված էի խառնվել արվեստասեր ամբոխին: Արագ գլխի ընկա, որ ամեն ինչ այս մեկ ցուցասրահով չի սահմանափակվում, եւ որ «Արեւածաղիկները» գտնվելու են ոչ թե այս, այլ ամենավերջին ցուցասրահում: Ես ու Ֆրեդը որոշեցինք բաժանվել. այսինքն` նկարները նայել յուրաքանչյուրս մեզ համար: Ես գիտեի, որ դիտումս իրական կլինի, եթե ոչ թե ավարտեմ, այլ սկսեմ «Արեւածաղիկներով»:
Հուշիկ քայլերով անցնում էի բոլոր կտավների մոտով, համենայնդեպս` համոզվելու համար, որ «Արեւածաղիկները» հաստատ այդտեղ չեն, եւ փնտրում էի հաջորդ ցուցասրահի մուտքը: Իմ կռահումները ճիշտ դուրս եկան. վերջին` երրորդ ցուցասրահում մի կտավի առաջ սովորականից մեծ թվով մարդիկ էին կանգնած: «Արեւածաղիկներին» էին նայում: Կտավը ավելի մեծ էր, քան ես պատկերացնում էի, մնացած ամեն ինչով, սակայն, նա համապատասխանում էր իմ պատկերացումներին:
Երբ առաջին անգամ տեսա «Արեւածաղիկների» որակյալ վերատպությունը, միանգամից հիշեցի տատիկիս եփած բրնձով սուպը` ապուրը: Հիմա, երբ կանգնած եմ բնօրինակի առաջ, զգում եմ, հիշում եմ այդ ապուրի համը: Այն ժամանակ չէի համարձակվում մտածել, թե ինչ կապ կարող է լինել վան Գոգի «Արեւածաղիկների» եւ տատիկիս «Բրնձով ապուրի» միջեւ: Բայց հիմա ինձ համար ամեն ինչ պարզորոշ է:
Եթե ասեմ, որ երկուսն էլ արվեստի ստեղծագործություն են, դա երեւի ընթերցողը ճիշտ չի հասկանա, մանավանդ գիտեմ, թե հայ հանրության շրջանում ինչպիսի արհամարհական վերաբերմունք կա սուպերի եւ հատկապես` սովորական բրնձով ապուրի նկատմամբ: Բայց այս գույները, այս գույները, որ տեսնում եմ վան Գոգի «Արեւածաղիկներում», սրանք իմ մանկության գույներն են, ես այս գույներով սնվել եմ, ես այս գույներով մեծացել եմ, ես այս գույները տեսել եմ տատիկիս եփած բրնձով ապուրի մեջ, որն իմ ամենասիրելին էր` աշխարհի բոլոր ճաշերից:
Այս դեղինը (չգիտեմ էլ` սա դեղին է, թե` չէ) լողում էր իմ ափսեի մակերեսին` արդար յուղի` անընդհատ ձեւափոխվող լճակների տեսքով: Այս անսովոր երանգը թերեւս սնվում էր գազարի նրբին քերուկից, որը նոր իմաստ էր տալիս տարօրինակ այդ դեղինին: Իսկ մաղադանոսը, որ տատիկս էր աճեցնում բակում եւ ճաշի համար ընտրում ամենամատղաշները, ահա այդ մաղադանոսը մի հեզիկ կանաչ երանգ էր տալիս ապուրին. դա հենց նույն այս կանաչն է, կանաչ երանգը: Իսկ դուք չե՞ք նկատել, որ կարտոֆիլի մեջ էլ կանաչ կա, շատ նուրբ, գրեթե աննկատ կանաչ. այն արթնանում էր տատիկիս եփած բրնձով ապուրի մեջ: Դե, իսկ բրինձը, բրինձը այն անարատ կտավն է, որի վրա նկարվում է այս պատկերը, իմ մանկության պատկերը, իմ մանկության սնունդը:
Ես շատ էի սիրում հիվանդանալ. ոչ այնքան դպրոց չգնալու համար. միայն հիվանդ ժամանակ կարող էի տատիկին ստիպել ամեն օր բրնձով ապուր եփել: Ես հրաժարվում էի մնացած ամեն ինչից եւ ասում էի, որ կուտեմ միայն բրնձով ապուր: Մի անգամ հիվանդությունս մի փոքր երկարեց. հայրս կարծում էր, թե բրնձով ապուրը բավարար սնունդ չէ առողջանալու համար: Տատիկս ասաց, որ նույն ապուրը հավի կամ տավարի մսով կեփի. ես ապստամբեցի: Ես ուզում եմ միայն բրնձով ապուր, այն բրնձով ապուրը, որի մեջ կա միայն բրինձ, կարտոֆիլ, գազարի քերուկ, մաղադանոս, յուղ եւ աղ. ուրիշ ոչինչ: Հայրս, սակայն, լրջորեն էր մտածել, որ հիվանդությանս երկարելու պատճառը թույլ սնունդն է: Երեկոյան նա սեւ խավիար բերեց մի փոքրիկ, դե սեւ խավիարի համար սովորական բանկայով: Չգիտեմ էլ` որտեղից էր ճարել: Մեր խավի մարդիկ, այսինքն` խորհրդային սովորական քաղաքացիները, սովորաբար սեւ խավիար չէին գնում, կամ գնում էին շա~տ հազվադեպ. ոչ միայն թանկության պատճառով, այլեւ որովհետեւ նման բան խանութներում չէր լինում: Համենայնդեպս, ես այդ օրը առաջին անգամ էի մեր տանը սեւ խավիար տեսնում:
Բրնձով ապուրի հետ ինձ մատուցեցին այդ սեւ խավիարի բանկան, հաց եւ կարագ: Ես անվրդով կերա իմ ապուրը եւ այնպիսի տեսք ընդունեցի, որ նշանակում է` կշտացա: Հայրս, տատիկս, եղբայրներս ինձ խնդրում էին ուտել սեւ խավիարը:
Ես կյանքում սեւ խավիար չէի կերել. մի անգամ մեր բարձրաստիճան ազգականի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ մայրս սեւ խավիարով փոքրիկ բրդուճ պատրաստեց ու ինձ ասաց` կեր, համով է: Ես բացեցի բերանս, նա բրդուճը դրեց այնտեղ: Բայց երբ սեւ խավիարը դիպավ քիմքիս, ես այն թքեցի` արժանանալով ներկա բարձր` կոմունիստական հասարակության երեխաների արհամարհական հայացքներին: Սեւ խավիարը ինձ համար զզվելի մի բան էր: Հորս, տատիկիս ու եղբայրներիս հորդորները, խնդրանքները, սպառնալիքներն անգամ ոչ մի արդյունք չտվեցին: Ամեն օր` օրը չորս-հինգ անգամ, ես բրնձով ապուր էի ուտում ու երջանիկ էի դրա համար: Բայց օրը չորս-հինգ անգամ խեղճ տատիկս բերում ու տանում էր սեւ խավիարը, որի վրայից մի հատիկ անգամ չէր պակասում:
Հայրս ու տատիկս շուտով ինձ այլեւս չէին հորդորում ուտել սեւ խավիարը: Բայց եղբայրներս, հատկապես` միջնեկը, օրվա կեսը անցկացնում էր դրա վրա: Ես զգում էի, որ նա դեմ չի լինի ուտել այդ խավիարից, եւ անընդհատ ասում էի` ես չեմ ուտելու, դուք կերեք: Բայց դա հիվանդի բաժին էր, ոչ ոք չէր համարձակվի մոտենալ դրան. ես գոնե մի քիչ պետք է ուտեի` ճանապարհը բացելու համար: Բայց ճիշտ եմ ասում, ես չէի կարող, ես կմեռնեի, եթե այդ զզվելի համը նորից հայտնվեր իմ բերանում: Այսպես, սեւ խավիարը տանել-բերելը տեւեց էլի մի քանի օր: Ես առողջացել էի, բայց վեր չէի կենում, ոչ թե դպրոց չգնալու, այլ իմ խրախճանքը շարունակելու. օրը վեց, յոթ անգամ բրնձով ապուր էի ուտում եւ երջանիկ էի դրա համար: Իսկ սեւ խավիարը, որ մասնակցում էր իմ խնջույքի բոլոր սեանսներին, մնացել էր կուսական վիճակում, նրա վրայից ոչ մի հատիկ չէր պակասել:
Ինձ այլեւս չէին հորդորում այն ուտել. հասկացել էին, որ անիմաստ գործ է: Հիմա արդեն ես էի նրանց հորդորում դա անել, բայց շուտով հասկացա, որ անիմաստ գործ է. ոչ ոք չէր հանդգնի ձեռք տալ հիվանդի բաժին ուտելիքին: Անցավ եւս մի քանի օր, եւ մեծ սենյակի դուռը, որտեղ ես պառկած էի, եւ որտեղ գտնվում էին նաեւ հայրս, տատիկս, ավագ եղբայրս, ահա այդ սենյակի դուռը չրխկոցով բացվեց. մի քանի վայրկյան ոչ ոք ներս չէր մտնում. բոլորս նայում էինք դռան կողմ: Ի վերջո ներս մտավ միջնեկ եղբայրս. նրա դեմքը սարսափ էր արտահայտում: Նա այդ սարսափած հայացքով նայում էր խավիարի բանկային, որ գտնվում էր իր ձեռքին: Բանկայի կափարիչի տակից փրփրանման հեղուկ էր թափվում. այդ հեղուկից ահագին թափվել էր եղբորս ձեռքին, այնտեղից էլ կաթկթում էր հատակին.
- Փչացել է,- սարսափով ասաց եղբայրս:
Հաջորդ օրը ես դպրոց գնացի: Սովորություն ունեի, դպրոցից հետո մտնում էի խոհանոց, ապա նկուղատիպ սենյակ, որ մենք «հետեւի կուխնի» էինք անվանում` ուտելու որեւէ բան գտնելու համար: «Հետեւի կուխնիում» թարեքներ կային, որտեղ դրվում էին լիքը եւ դատարկ բանկաներ: Խավիարի դատարկ, մաս-մաքուր բանկան թառել էր մի երեք լիտրանոց հաստլիկի գլխին:
***
- Մտքերի մեջ ես,- ձեռքը ուսիս դնելով` ասաց Ֆրեդը:
- Չէ, «Կարտոֆիլ ուտողներն» եմ փնտրում...
(շարունակելի)
Քննարկեք բլոգում
|
|