| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
40. ապրելու հետեւանքները
Ճաշից հետո սենյակումս թերթում էի վան Գոգի նկարների կատալոգը, որ գնել էի ցուցահանդեսում: Ֆրեդը եկավ` ինձ համար անսպասելի.
- Մի միտք եմ հղացել,- ասացի:
- Մի միտք էլ Քվենտինն է հղացել,- խորհրդավոր ասաց նա:
- Ի՞նչ միտք:
- Մեզ ճաշի հրավիրելու:
- Լուրջ ես ասո՞ւմ, ե՞րբ:
- Վաղը չէ մյուս օրը, եթե, իհարկե, մենք ընդունենք հրավերը. ես նրան պիտի զանգեմ:
- Տարօրինակ սիրալիրություն է:
- Ընդունո՞ւմ ենք հրավերը:
- Չե՞ս կարծում, որ մի շաբաթում երկու անգամ մարդուն վիրավորելը, այն էլ` առանց պատճառի, շատ կլինի,- նկատեցի ես:
- Դե, ուրեմն գնամ մեր համաձայնության մասին հայտնելու,- ասաց Ֆրեդը եւ վեր կացավ:
- Դու ոչինչ չհարցրիր իմ մտքի մասին,- սրտնեղեցի ես:
- Հա, կներես...
- Պարզվում է` վան Գոգը այստեղ է թաղված, Փարիզից ոչ հեռու, արի այցելենք նրա գերեզմանին:
Մի պահ կարծես այս միտքը տարօրինակ թվաց Ֆրեդին, բայց շատ կարճ մտորելով` նա համաձայնեց.
- Միեւնույն է, անելիք չունենք,- համաձայնությունը հիմնավորեց նա եւ գնաց Քվենտինին զանգելու:
Ես դուրս եկա նրա ետեւից: Երկու փողոց այնկողմ մի փոքրիկ խանութ էի տեսել` «Բույսեր եւ սերմեր» գրությամբ. ինձ անհրաժեշտ էր գնալ այնտեղ: Գնացի, արագ վերադարձա եւ գործավարուհուն խնդրեցի պարզել, թե ինչպես կարելի է հասնել Օվեր սյուր Ուազ քաղաք: Նա միանգամից ասաց, որ կարծում է` գնացքով, բայց կճշտի ու տեղյակ կպահի ինձ: Ավելի ուշ զանգեց եւ ասաց, որ էլեկտրագնացքով կարելի է գնալ Օվեր:
Առավոտյան վաղ նախաճաշեցինք ու գնացինք այն կայարան, որտեղից մեկնում էր Օվերի գնացքը. այն կիսով սպիտակ, կիսով բաց կանաչ ներկած վագոններ ուներ, ակնհայտորեն 60-ականների արտադրության` ոչ այնքան հարմարավետ նստարաններով: Բայց սլանում էր սրտիդ ուզածի պես. գնացքի ուղեւորական կոնտինգենտը շատ հետաքրքիր էր. այստեղ կային նաեւ կողովներով գյուղացիներ, որոնք, ըստ ամենայնի, ինչ-որ բան էին Փարիզում վաճառել ու ետ էին դառնում:
Օվերը գավառական փոքրիկ քաղաք է, Ուազ գետի ափին: Փոքրիկ տներով, նեղ փողոցներով, ծառաշատ, մինչեւ վերջին անկյունը լպստած այս քաղաքը սրբորեն պահպանում է վան Գոգի հիշատակը: Վան Գոգն էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ է բերում այստեղ, եւ նեղ փողոցներում մի կերպ կուչ եկած հսկա ավտոբուսները սրա վկայությունն են: Կայարանում մենք տաքսի էինք վարձել, ու նա մեզ արագ հասցրեց քաղաքային գերեզմանատուն, որտեղ մի համեստ անկյունում գտնվող համեստ գերեզմանոցում թաղված էին Վինսենտ վան Գոգը եւ նրա եղբայր Թեոն: Մեր այցելության պահին զբոսաշրջիկների մի խումբ հեռանում էր այդտեղից, եւ երբ մոտեցանք, գերեզմանի մոտ ոչ ոք չկար: Ես չորս կողմ նայեցի, ոչ ոք չէր երեւում. փնտրեցի-գտա մի փոքր փայտի կտոր եւ սկսեցի փոքր փոսեր անել Վինսենտի գերեզմանի շուրջ.
- Ի՞նչ ես անում,- զարմացած հարցրեց Ֆրեդը:
- Արեւածաղիկներ եմ ցանում,- ասացի ես. հենց արեւածաղիկների սերմերի համար էի ես գնացել «Բույսեր եւ սերմեր» խանութ: Վան Գոգի շիրիմի շուրջ ութ արեւածաղիկ ցանեցի, հետո ձայներ լսվեցին. ես արագ ավարտեցի գործս: Մենք նստեցինք վան Գոգի գերեզմանի մոտի մի նստարանին: Ոչինչ չէինք խոսում.
- Ֆրեդ, հիմա ի՞նչ ես կարծում, վան Գոգը հանճա՞ր է, թե՞ ոչ,- ի վերջո հարցրի ես:
- Ի՞նչ ես պայմանականությունների հետեւից ընկել: Չե՞ս զգում, որ դրանք բոլորը բառեր են, միայն բառեր: Կարեւորն այն է, որ կյանքդ ապրես այնպես, ինչպես պիտի ապրես` առանց հետեւանքների մասին մտածելու:
Ինձ ցնցեց, որ Ֆրեդը ասաց ոչ թե «արդյունքների», այլ «հետեւանքների»:
- Դու դիտավորյա՞լ ասացիր դա,- հետաքրքրվեցի ես:
Ֆրեդը միանգամից չպատասխանեց.
- Չէի մտածել, բայց կարծում եմ` ճիշտ ասացի. մարդ պետք է ապրի իր երկրային առաքելությանը համապատասխան, երազի արդյունքների եւ չմտածի հետեւանքների մասին: Եթե վան Գոգը մտածեր իր կյանքի հետեւանքների մասին, նկարչությունը շուտ պետք է թողներ եւ մի այնպիսի գործ գտներ, որ իրեն գոնե չոր հացի փող ունենալու հնարավորություն տար: Բայց նա չի մտածել հետեւանքների մասին, այլ երազել է արդյունքների մասին. դրանք մի փոքր ուշ են եկել, բայց հիմա դու ֆանատիկոսի ջերմեռանդությամբ արեւածաղիկ ես ցանում նրա գերեզմանին եւ եռակի գին ես վճարում նրա ցուցահանդեսում հայտնվելու համար, իսկ նրա նկարները միլիոնավոր դոլարներ արժեն: Սա վկայում է, որ մեր Վինսենտը հավատարիմ է մնացել իր երկրային առաքելությանը եւ ճիշտ է ապրել իր կարճ կյանքը: Բայց չեմ բացառում, որ մեծ թվով հիմարներ սովից սատկել են` հույս ունենալով, որ իրենց անունն էլ մի բան կնշանակի, բայց սխալվել են:
- Պրոբլեմը հենց դրա մեջ է. հասկանալ, թե որն է քո երկրային առաքելությունը: Ինչպես Կոելիոն է ասում, մարդ պետք է կարողանա գտնել իր կյանքի գիծը եւ հավատարիմ մնալ դրան: Գիտե՞ս, երեւի իսկապես, յուրաքանչյուր մարդու համար մի ինչ-որ տեղ գանձ է թաղված, եւ նա այդ գանձը կգտնի իր կյանքի գծին, առաքելությանը հավատարիմ մնալու դեպքում: Ուղղակի պրոբլեմն այն է, որ մարդիկ շատ հաճախ, այսինքն` գրեթե միշտ, գանձ ասելով` գանձ էլ հասկանում են: Պատկերացրու` ինչ կլիներ, եթե վան Գոգը ամեն ինչ հենց այդպես էլ հասկանար: Եւ պատկերացրու վան Գոգի հետ նույն քաղաքում ապրած այն մարդկանց վիճակը, պաշտոնյաներ, հարուստներ, ազնվականներ, եթե նրանք հասկանային, որ իրենք ընդամենը մի փոշեհատիկ են այս սոված, քրջոտ, հիվանդ, ականջը կտրած մարդու համեմատությամբ, որին երեխաները հալածում են, նրա ետեւից քարեր շպրտում, թքում վրան ու հայհոյում: Սարսափելին այն է, որ նրա ժամանակակիցներից ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չի հասկացել, որ վան Գոգն այդպիսին է նրանց` այդ բոլորի, աշխարհի ոչնչությունը ի ցույց դնելու համար:
- Դու գտե՞լ ես քո կյանքի գիծը,- հարցրեց ինձ Ֆրեդը:
- Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ մարդ իր կյանքի գիծը փնտրելու կարիք չունի. այն ծնվում է իր հետ: Խնդիրը այդ գծին հավատարիմ մնալն է, դա չժխտելը:
- Դա ինչպե՞ս է արվում:
- Շատ պարզ. ուղղակի ապրում ես այնպես, ինչպես սիրտդ քեզ թելադրում է: Իհարկե, երբեմն գայթակղությունների ես տրվում, սխալվում, որից հետո խիղճդ տանջում է. դա նշանակում է, որ պիտի չանես այլեւս այդպիսի բաներ: Հենց այստեղ էլ կանգնում ես ընտրության առաջ. անել այն ինչ հե՞շտ է, թե՞ անել այն, ինչ ճիշտ է: Սա չափազանց պարզ ընտրություն է: Երբեմն դժվար, բայց պարզից էլ պարզ: Եւ ամենակարեւորը` պետք է գիտակցես, թե ինչ ես անում եւ հանուն ինչի:
Շուտով զբոսաշրջիկների հերթական խումբը եկավ, եւ մենք վեր կացանք: Գարունը փթթում էր, հողը տաք էր եւ խոնավ. արեւածաղիկներս հաստատ կծլեին:
(շարունակելի)
|
|