| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
41. գնացքից` պարահանդես
Մենք երկար մնացինք Օվերում. այնտեղ էլ ճաշեցինք ու Փարիզ վերադարձանք բավականին ուշ: Այդ փոքրիկ քաղաքը շատ անուշ տպավորություն գործեց, ու ես հասկացա, որ եթե տվյալ երկրի մասին ուզում ես պատկերացում կազմել, պետք է դիտարկես ոչ թե նրա պսպղան մայրաքաղաքը, այլ գավառը, այսպիսի փոքրիկ քաղաքները, գյուղերը. դրանք խոսուն են, չափազանց խոսուն:
Օվերում հայտնվողը մի պահ մոռանում է, որ ինքը ինչ-որ քաղաքում է. մեզ թվում էր, թե ինչ-որ մի ընտանիքի ենք հյուր եկել, օջախ ենք մտել: Եւ իրականում այդպես էլ կա. «համայնք» բառը հենց դա է նշանակում: Ինչպիսի արժանապատվություն ու վստահություն կա մարդկանց դեմքերին. եթե դուք մարդկանց խմբի մեջ ինչ-որ անվստահ, շփոթված մեկին տեսնեք, հաստատ իմացեք` այդտեղի քաղաքապետն է, որը զգում է, ավելի ճիշտ` չի զգում, մարդիկ նրան ասում են, որ այլեւս չեն քվեարկելու նրա օգտին:
Օվերում պատմեցին, որ տարիներ առաջ վերստուգիչ հանձնաժողովը, որ ինչքան հասկացա, հենց քաղաքի բնակիչներից է կազմվում, պարզել է, որ այդ ժամանակվա քաղաքապետը գանձարանից 100 հազար եվրո է վերցրել անձնական կարիքների համար եւ գանձապահի հետ պայմանավորվել, որ երեք ամսից գումարը վերադարձնելու է: Ահա այդ դեպքի բացահայտումից հետո քաղաքապետը ստիպված էր եղել հեռանալ Օվերից, որովհետեւ մարդիկ դադարել էին նրան բարեւել, չնայած վերադարձրել էր ինքնակամ վերցրած վարկը. «Ինչպե՞ս կարելի է չարհամարհել մի մարդու, որը մեր վստահությանն արժանանալով` մեր գրպանն է մտնում»,- բացատրում էր փոքրիկ ռեստորանի տերը, որը հպարտ էր իրենց քաղաքի համար:
Օվեր քաղաքը պատկերացնելու համար` ընթերցողը թող պատկերացնի տաք, հարմարավետ, համեստ ու ճաշակով մի տուն, որի մեջ մարդիկ ապրում են հաշտ ու համերաշխ` այդ ամենի տերը լինելու գիտակցությունը եւ պատասխանատվությունը սրտներում:
Նման վիճակի, սակայն, պետք է արժանանալ...
Օվերից վերադառնալիս մենք մի փոքր քննարկեցինք վաղվա ընթրիքի հետ կապված մի քանի մանրամասն. Ֆրեդը ասաց, որ ճաշին, ավելի ճիշտ` ընթրիքին, մասնակցելու է նաեւ Քվենտինի ընկերուհին:
Ընթրիքի ժամանակ պարզվեց, որ հենց այդ դեռատի գեղեցկուհին է այս ամենի նախաձեռնողը, եւ գաղափարը նա հղացել է Քվենտինի համար իմ թողած հեռախոսային հաղորդագրությունը լսելուց հետո.
- Չեմ սիրում, երբ մարդիկ իրարից խռովում են,- ասում էր Իզաբելը, ինչից ակնհայտ էր դառնում, որ Քվենտինին այնքան էլ չի ուրախացրել մեզ, համենայնդեպս` ինձ տեսնելու հեռանկարը: Բայց հաղորդագրությունս Իզաբելին լավ ազդակ է թվացել, եւ Քվենտինը տեղի է տվել: Իհարկե, մինչեւ մեզ հրավիրելու որոշում կայացնելը Իզաբելը Քվենտինից դուրս էր քաշել մեր մասին նրա ունեցած ողջ տեղեկատվությունը եւ, իմանալով ով եմ ես, ով է Ֆրեդը, այն հանգամանքները, որոնց բերումով մենք իրար հետ գտնվում ենք Փարիզում, որոշել է մեզ հրավիրել:
- Սիրում եմ անակնկալ ծանոթություններ,- ժպտալով ասում էր Իզաբելը. նրա մեջ ինչ-որ անուշ կենսուրախություն կար:
Անակնկալ ծանոթությունների մասին նրա ասածի մեջ ես փորձեցի հեգնական երանգ գտնել, ավելի ճիշտ` ստուգեցի այդպիսի երանգի առկայությունը, բայց համոզվելով, որ այս աղջիկը լրիվ անկեղծ է, շատ ուրախացա Քվենտինին քֆրտելու համար. առանց դրա այս ընթրիքն ու ծանոթությունը չէր լինի:
Իզաբելը իսկական գեղեցկուհի էր, «մասնագիտությամբ»` թոփ-մոդել, ֆրանսիական նորաձեւության ծագող աստղ: Ընդարձակ բնակարանը, որտեղ նրանք մեզ ընդունել էին, մի մեծ վիտրաժ ուներ, նաեւ մի մեծ պատշգամբ, որոնցից երեւում էին Էյֆելյան աշտարակն ու Սենա գետը:
Տանը բազմաթիվ ամսագրեր կային, որոնց կա°մ շապիկին, կա°մ էջերում տպագրված էին Իզաբելի լուսանկարները. դրանցում նա կենտրոնացած էր, կատվային հայացք ուներ, լարված դեմք եւ կրում էր ինչ-որ աննորմալ զգեստներ: Իրական կյանքում նրա հայացքը պարզ էր, դեմքը` կենսուրախ, հագին էլ մի սովորական ջինսե շալվար էր, մի սովորական նեղ շապիկ, որի տակից հստակ տպվում էին նրա ամուր, գեղեցիկ կրծքերը. բայց դա վուլգար չէր, այլ միայն գեղեցիկ, միայն տրամադրող` հետաքրքիր ու համով ընթրիքի, անկեղծ բարեկամության:
Պատերից մեկին մի մեծ լուսանկար էր կախված, որտեղ Իզաբելը իր ընկերուհիների հետ կանգնած էր պոդիումի վրա` ցուցադրության ժամանակ: Ես զննում էի այդ մեծ լուսանկարը, եւ դեմքերից մեկը ինձ շատ ծանոթ թվաց.
- Ձեր կողքին կանգնածը Ֆրանսիայի նոր առաջին տիկինը չէ՞,- չդիմացա եւ հարցրի ես:
Իզաբելը զարմացավ, որ գրիմի տակ ես ճանաչեցի նրան:
- Այո, նա է` Մեմեն,- այսպես քնքուշ անունով էր նա հիշում Ֆրանսիայի գործող նախագահի գործող տիկնոջը:
Իմ այս բացահայտումից հետո Իզաբելը խոստովանեց, որ ինքը եւ Մեմեն ընկերուհիներ են: Մեմեին ինքը համարում էր ավագ եւ վստահելի ընկեր, ասում էր, որ իրենք շատ են սիրում իրար եւ շատ կապված են: Պարզվեց նաեւ, որ Իզաբելի եւ Քվենտինի հանդիպումն էլ տեղավորվում է այս համատեքստում. Քվենտինը բազմիցս եղել է Մեմեի անվտանգությունն ապահովող թիկնապահների խմբում, իսկ Իզաբելն ու Մեմեն էլ հաճախ են հանդիպում. հենց այսպես էլ ծագել է նրանց սիրավեպը, որի պատճառով Քվենտինը քիչ էր մնացել կորցնի աշխատանքը: Նրա ղեկավարությանը դուր չէր եկել, որ աշխատանքի ժամին նա կարող է զննել եւ գնահատել իր պաշտպանյալների գեղեցկությունն ու կանացիությունը: Քվենտինը, իհարկե, բացատրել էր, որ Իզաբելը ամենեւին էլ իր պաշտպանյալը չէ. ի վերջո այդ պատմությունը լավ էր ավարտվել:
Քվենտինն ու Իզաբելը հույս ունեին, որ իրենց հարաբերությունները լուրջ են, եւ ամեն ինչ ընթանում էր հենց այդ ուղղությամբ: Բայց չէին շտապում որոշումներ կայացնել եւ ասում էին, որ ճիշտը ամեն ինչում վերջնականապես եւ լրիվությամբ համոզվելն է: Ամեն դեպքում, նրանք արդեն երկար ժամանակ իրար հետ էին ապրում, չնայած ասում էին, որ իրար հետ ապրելը խիստ հարաբերական է, որովհետեւ երբեմն օրերով իրար երես չեն տեսնում` աշխատանքի բերումով.
- Այս պայմաններում ամուսնանալը նույնիսկ անիմաստ է,- ծիծաղելով ասում էր Իզաբելը եւ խոստովանում, որ չի էլ ամուսնանա, մինչեւ «չպառավի» պոդիումի համար.
- Կսպասե՞ս ինձ, իմ պահապան հրեշտակ,- դիմում էր նա Քվենտինին:
Նրա հետ հանդիպումը ինձ համար հաճելի էր եւ անակնկալ. երբեք չէի մտածի, թե պոդիումի վրա ութաձեւ քայլող այդ աղջիկները կարող են այսպես բացսիրտ լինել, անկեղծ, ունենալ սովորական մարդկային հատկանիշներ, լինել այդքան բնական եւ սովորական:
Քվենտինը մեզ հետ, իհարկե, քաղաքավարի էր, բայց սկզբում մի տեսակ սառը. ես նրան դարձյալ մի երկու խոսք ասացի` մեր մեջ տեղի ունեցած թյուրիմացությունը հարթելու համար, եւ ընթացքում ինձ թվաց, որ նա թոթափեց տհաճ զգացողությունները: Համենայնդեպս, սառը պահվածքը շատ շուտով վերացավ:
Ֆրեդին նույնպես հաճելի էր Իզաբելի հետ ծանոթությունը, եւ մեզ շատ ուրախ եւ հաճելի երեկո էր սպասվում: Անկեղծ ասած, նկատելի էր, որ Քվենտինն ու Իզաբելը նույնպես մարդկային շփման կարիք են զգում, եւ մեր այցը կարծես թարմացնող շունչ բերեց նրանց տուն: Առաջ անցնելով` ասեմ, որ մենք բարեկամացանք, եւ Իզաբելի հետ ծանոթությունը կանաչ լույս վառեց իմ հետագա ճանապարհորդության համար:
(շարունակելի)
|
|