ՊԱՅՔԱ՛Ր
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

45. հեղափոխականի մահը

Հավանայի հենց օդանավակայանում ինձ թվաց, թե հայտնվել եմ ԽՍՀՄ 16-րդ հանրապետությունում, որտեղ հեռու լինելու, կղզի լինելու պատճառով մարդիկ չեն լսել «Մայր հայրենիքի» փլուզման մասին եւ ապրում են նախկին իներցիայով: Կարելի էր այլ բան էլ մտածել` սա մի մեծ թանգարան է` ցուցանելու համար, թե ինչպիսին է եղել հին աշխարհը:

Ըստ էության, այս դատարկ օդանավակայանը, թերբեռնված փողոցները, որտեղ չկան խցանումներ եւ կայանելու` «պարկինգի» պրոբլեմ, որտեղ մարդկանց վրա չեն ճնշում անհեթեթ ու զզվելի գովազդային վահանակները, այս ամենը նույնիսկ հանգստացնող ու հոգեպարար է թվում:

Մի պահ նույնիսկ հաճելի է, որ փողոցների երկայնքով կարող ես տեսնել ծառեր ու միայն ծառեր, թփեր ու միայն թփեր: Բայց այս թվացյալ հանգստության տակից ի վերջո դուրս է գալիս թշվառությունը: Հազար տարվա «Քսանչորս», «Ջորի», «Քսանմեկ» նույնիսկ «Զապ» ու «Պիսյատտրի». այսպիսի մաշած մոդելների մաշած նմուշներ կարելի է տեսնել Հավանայում: Դե, «Մերսեդես» ու չգիտեմ ինչ էլ կա, բայց նույնքան մաշված, նույնքան հին: Կան նաեւ գովազդային մեծ պաստառներ, բայց դրանք ոչ թե ինչ-որ ապրանք են գովազդում, այլ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների անխախտ եղբայրությունը:

Կուբան, Ֆիդելի Կուբան ակնհայտորեն ժամանակ է ձգում, ակնհայտորեն խաղում է ժամանակի վրա: Այն Կուբան, այն Ֆիդելը, որ ժամանակին հիացմունք էին առաջացնում, հիմա նմանվում են ընդամենը ուրվականի, տխուր ուրվականի: Սա նշանակում է, որ կուբայական հեղափոխության մեջ ինչ-որ բան այն չէր: Ընդհանրապես, կարծես թե մինչեւ այժմ եղած շատ հեղափոխությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել, որովհետեւ շատ հաճախ խախտվում է հեղափոխականի հիմնական սկզբունքը:

Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ` երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը: Ֆիդելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Կրոմվելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Լենինը չկարողացավ լուծել այս խնդիրը, Նապոլեոնը չկարողացավ լուծել այս խնդիրը:

Բայց քավ լիցի, սա չի պատկանում մարդկության չլուծված խնդիրների շարքին, որովհետեւ այդ խնդիրը լուծվեց, այդ խնդիրը լուծեց նա, ով հաղթական մտավ այս քաղաքը, եւ ում անունն է Էռնեստո Չե Գեւարա: Ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ, ամենամեծը, առաջինը, անգերազանցելին:

Իսկ ինչո՞ւմ է կայանում նրա մեծությունը. առաջին հերթին շատ պարզ, բայց իրագործման առումով անասելի բարդ մի բանաձեւի. հաղթել եւ հրաժարվել հաղթանակի վայելքներից: Չե Գեւարան, թերեւս, հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն եւ օրենքներ: Ես այսպես եմ հասկանում Չե Գեւարային: Եւ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի եւ հեռանում է անսպասելի:

Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն:

Իսկ ո՞ւմ պետք է պատկանի իշխանությունը հեղափոխություն ապրած երկրներում. քաղաքացուն, քաղաքացիների հավաքականությանը, որ կոչվում է ժողովուրդ: Ֆիդելը նույնպիսի մեծություն կլիներ, եթե հետեւեր Չե Գեւարայի օրինակին. պարտադիր չէր նրա հետեւից գնալ Բոլիվիա: Բավարար էր միայն Կուբայի ժողովրդին հնարավորություն տալ ասելու` կներես, Ֆիդել, բայց դու ազատված ես աշխատանքից: Հիմա նա այլեւս հերոս չէ, այլ սովորական մի բռնակալ:

Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետեւ իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում: Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության: Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ, մաքրի այդ կաբինետները այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում, այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին եւ իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին: Իսկական հեղափոխականը պետք է նմանվի աստվածային ցասման` նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր հավատում են միայն իրենց տեսածին եւ քամահրանքով են վերաբերվում Աստվածային ցասման վիրտուալ սպառնալիքներին:

Իսկական հեղափոխականը չպետք է կորցնի զգոնությունը հեղափոխության հաղթանակից հետո, որովհետեւ հեղափոխության հաղթանակը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանությամբ, երբ ժողովուրդը ազատ է իշխանություն ձեւավորել եւ ազատվել իր ձեւավորած իշխանությունից, երբ ժողովուրդը, քաղաքացին ազատ է արտահայտել իր մտածածը, ազատ է արտահայտել իր բողոքն ու գոհունակությունը, երբ ժողովուրդը ազատ է աշխատելու, ստեղծելու, ինքնադրսեւորվելու իր մղումների մեջ: Սա է ժողովրդի ինքնիշխանությունը: Եւ երբ ինքնիշխան է ժողովուրդը, իսկական հեղափոխականը պետք է պատրաստ լինի նոր հեղափոխությունների. չլինի՞ թե ժողովրդի ինքնիշխանությանը, ազատությանը որեւէ բան է սպառնում: Եթե այդպես է, հեղափոխականը պետք է վերածնվի արդ, հայտնվի որպես Աստվածային ցասում, որպես չկանխատեսված փոթորիկ, որպես Նոյան ժամանակների ջրհեղեղ ու տապալի կարգեր, մաքրի, լվանա իշխանական կաբինետներ ու նույնքան հանկարծահաս էլ չքվի` ամառային տեղատարափի նման: Եւ նույնքան հանկարծահաս էլ հայտնվի, երբ ժողովուրդը տոչորվում է արդարության ծարավից:

Իսկ երբ համոզվի, որ ժողովրդի ինքնիշխանությանը այլեւս ոչինչ չի սպառնում, տեսանելի ապագայում ոչինչ չի սպառնալու` նույնիսկ ինքն ու իր հեղափոխությունը, այն ժամանակ նա ազատ է լինել սովորական քաղաքացի` սովորական քաղաքացու իրավունքներով:

Ամենամեծ հեղափոխականները գուցե չեն էլ մտածել այս մասին, այս մասին մտածել է, թերեւս միայն Չե Գեւարան, բայց երեւի թե ոչ թե մտածել է, այլ զգացել է, զգացել է պրոբլեմը: Բայց նրանք` պատմության երեւելի հեղափոխականները, իրենց կյանքով, իրենց նվիրումով ու վճռականությամբ, երբեմն վախկոտությամբ ու փափկասունությամբ մեզ հնարավորություն են տվել մտածելու այս մասին:

Նրանք հնարավորություն են տվել, որ մենք պատասխանենք ավելի ու ավելի հաճախ հնչող այն հարցին. էվոլյուցիա՞, թե՞ ռեւոլյուցիա: Էվոլյուցիայի ջատագովները իրենք էլ չեն հասկանում, որ չի կարող լինել էվոլյուցիա առանց ռեւոլյուցիայի: Հակառակը մտածել ուղղակի միամտություն է. եթե աշխարհում չլինեին հեղափոխություններն ու հեղափոխականները, մարդկությունը առաջ չէր ընթանա նախնադարյան համայնական կարգերից: Ինչո՞ւ են Անգլիայի Եղիսաբեթ թագուհին, մյուս թագուհիներն ու թագավորները այդքան սիրելի սեփական ժողովուրդներին. որովհետեւ նրանց մեջ արթուն է իրենց նախնիներին տապալած հեղափոխությունների հուշը, որոնք սթափեցնող ապտակ են դարձել բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվել են, չեն ցանկացել հասկանալ, որ այդպես այլեւս չի կարելի:

Հավանայի ամենակենտրոնում գտնվող բարձր շենքերից մեկից ինձ է նայում Էռնեստո Չե Գեւարայի ուրվապատկերը. շատերին թվում է, թե նա խորթ է այս նոր աշխարհին, ազատ աշխարհին: Բայց` ոչ, ես համոզված եմ. եթե երկրի վրա չլիներ Էռնեստո Չե Գեւարան, չէին լինի նաեւ Նելսոն Մանդելան, Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան:

Ես հիմա օտարոտի եմ նայում կարմիր աստղին. բայց եթե ապրեի 60-ականների Կուբայում, ես կլինեի նրա` Չե Գեւարայի զինվորը: Հաստատ կլինեի: Բայց արդյո՞ք նրա հետ կմեկնեի Բոլիվիա: Որքան կուզեի պատասխանել` այո, եւ այդ «այո»-ն հնչեր հստակ ու բարձր, աներկբա ու միանշանակ: Բայց «այո»-ն միայն խոսք է, որ կարիք ունի, կարիք ունի ապացույցների, ապացույցներ, որ դեռ հարկավոր է վաստակել, հարկավոր է վաստակել:

(շարունակելի)

Քննարկեք բլոգում